YouVersion Logo
Search Icon

ՀՈԲ 15

15
Երկրորդ խոսակցությունը
(15.1–21.34)
1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.
2«Մի իմաստուն մի՞թե օդանման մտքերով կպատասխանի և իր փորն արևելյան քամով կլցնի,
3Անպետք խոսքերով վիճաբանելով և անօգուտ խոսքերով։
4Մանավանդ որ երկյուղածությունը խափանում ես և առ Աստված աղոթքն արգելում։
5Որովհետև անօրենությունդ բերանիդ այդպես է սովորեցնում, և դու նենգավորների լեզուն ես ընտրել։
6Քեզ քո բերանն է դատապարտում և ոչ թե ես. քո շրթունքներն էլ քո դեմ են վկայում։
7Դո՞ւ ես իբրև առաջին մարդ ծնվել և բլուրներից առա՞ջ ես ստեղծվել։
8Աստծու գաղտնիքների՞ն էիր ականջ դնում, թե՞ մարդկային իմաստությունը միայն քեզ է պատկանում։
9Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք, դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենք։
10Մեզ մոտ ծեր էլ կա, ալևոր էլ, որ քո հայրերից տարիքով են։
11Աստծու մխիթարանքներն ու մեղմ խոսքերը քեզ հետ, որ խոսվեցին, մի՞թե քեզ քիչ են թվում։
12Քո սիրտը քեզ ո՞ւր է տանում, ու քո աչքերն ինչո՞ւ են փայլատակում,
13Որ հոգիդ Աստծու դեմ ես դարձրել ու բերանիցդ այդպիսի խոսքեր ես հանում։
14Մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի, և կնոջից ծնվածը՝ որ արդարանա։
15Եթե Աստված իր սրբերին էլ չի վստահում, և նույնիսկ երկինքը մաքուր չէ իր առջև,
16Բայց մանավանդ գարշելի ու պիղծ է մարդը, որ անիրավությունը ջրի պես է խմում։
17Ես քեզ իմացնեմ, ինձ լսի՛ր, ու իմ տեսածը քեզ պատմեմ,
18Ինչ որ իմաստունները պատմեցին ու իրենց հայրերից ստացածը չթաքցրին։
19Երկիրը միայն նրանց տրվեց, ու նրանց մեջ մի օտարական չանցավ։
20Ամբարիշտն իր բոլոր օրերին տանջվում է, ու բռնավորի համար հաշվված տարիներ են պահված։
21Նրա ականջներում սարսափների ձայն կա. խաղաղ ժամանակ ավերիչը նրա վրա է գալիս։
22Նա չի հավատում, թե խավարից կազատվի, և ինքը սրի համար է պահված։
23Նա հացի համար թափառում է՝ ասելով՝ ո՞ւր է. գիտե, որ խավար օրը կողքին պատրաստ է։
24Նեղությունն ու տառապանքը նրան զարհուրեցնում են. դրանք նրան պատերազմի պատրաստ թագավորի պես ընկճում են։
25Որովհետև նա իր ձեռքն Աստծու դեմ մեկնեց և Ամենակալի հանդեպ գոռոզացավ։
26Հանդուգն կերպով նրա վրա հարձակվեց. իր ասպարը մեծ ցցվածքներ ուներ։
27Որովհետև նա իր երեսը ճարպով ծածկեց ու կողերի վրա ճարպ կապեց։
28Նա ավերակ քաղաքներում, այնպիսի տներում բնակվեց, որոնց մեջ բնակվող չկա, որոնք քարակույտեր դառնալու համար են պատրաստված։
29Նա չպիտի հարստանա, ու նրա ունեցվածքը հաստատուն չպիտի մնա. նրանց ստացվածքը երկրի վրա չպիտի տարածվի։
30Նա մթից չի հեռանա. բոցը կչորացնի նրա ճյուղերը. նա Աստծու բերանի շնչով կոչնչանա։
31Թող ունայնությանը չհավատա. ինքն իրեն է խաբում, որովհետև նրա վարձն ունայնությունն է։
32Իր օրը դեռ չի հասել, նա վախճանվում է. նրա ճյուղերը չպիտի կանաչեն։
33Նա դեն է գցում, ինչպես որթը՝ իր ազոխը, կամ ինչպես ձիթենին է թափում իր ծաղիկները։
34Որովհետև անաստվածների հավաքն ամայի պիտի լինի, և կաշառք վերցնողների վրանները կրակը պիտի լափի։
35Նրանք թշվառություն են հղանում և անօրենություն կծնեն. նրանց ներսը խաբեություն է պատրաստում»։

Currently Selected:

ՀՈԲ 15: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in