YouVersion Logo
Search Icon

ՀՈԲ 14

14
1«Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։
2Ծաղկի պես ծլում և թառամում է, ստվերի պես փախչում է, չի մնում։
3Մանավանդ մի այսպիսի մեկի վրա էլ ես աչքերդ բացում և ինձ քեզ հետ դատաստան ես տանում։
4Ո՞վ կարող է անմաքուրից մաքուր մի բան դուրս բերել. ոչ մեկը չի կարող։
5Որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, որ նա չի անցնի։
6Ուրեմն երեսդ նրանից շրջի՛ր, որ հանգստանա, մինչև որ իր օրը վարձկանի պես լրացնի։
7Որովհետև ծառն էլ դեռևս հույս ունի. եթե կտրվի, դարձյալ կծլի, ու նրա ճյուղերը չեն պակասի։
8Թեկուզ նրա արմատը հողում ծերացած լինի, ու նրա բունը՝ փոշու մեջ մեռած,
9Ջրի հոտից էլ դարձյալ կծաղկի և նոր տնկվածի պես ճյուղեր կարձակի։
10Բայց մարդը մեռնում է և անհետանում, իր վերջին շունչը կփչի և այլևս գոյություն չունի։
11Ջրերը ծովակից հոսում են, և գետը չորանում-ցամաքում է։
12Այդպես էլ մարդը պառկում է ու վեր չի կենում։ Մինչև երկինքն էլ չլինի, վեր չեն կենա և իրենց քնից չեն զարթնի։
13Երանի՜ թե ինձ դժոխքում ծածկեիր, մինչև քո բարկությունն անցնելը թաքցնեիր, ինձ համար ժամանակ որոշեիր ու հետո ինձ հիշեիր։
14Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա։ Ծանր ծառայությանս#14.14 Զինվորական ծառայություն։ բոլոր օրերին սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա։
15Դու պիտի կանչես, և ես պատասխան պիտի տամ, և դու քո ձեռքի գործը եղող արարածին՝ ինձ, պիտի հավանեիր։
16Այն ժամանակ դու իմ քայլերը պիտի հաշվես, բայց իմ մեղքերը չես քննի։
17Իմ մեղքը ծրարի մեջ կնքված է, և դու իմ հանցանքը պիտի ծածկես։
18Մինչև անգամ սարն ընկնում փշրվում է, ապառաժը՝ իր տեղից փոխադրվում,
19Ջրերը մաշեցնում են քարերը, նրա հոսանքները սրբում են երկրի հողը, դու էլ կործանում ես մարդու հույսը։
20Դու նրան իսպառ ընկճում ես, ու նա գնում է։ Նրա դեմքը փոխելով՝ նրան բաց ես թողնում։
21Նրա որդիները պատիվ ունեն, ինքը չգիտե, կամ անարգ են, ինքը նրանց չի տեսնում։
22Մարդը միայն իր մարմնի ցավն է զգում, ու նրա հոգին նրա մեջ տրտմում է»։

Currently Selected:

ՀՈԲ 14: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in