YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19

19
1Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։ 2Զինվորները փշերից պսակ հյուսեցին, նրա գլխին դրեցին ու ծիրանի հագցրին։ 3Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։ 4Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու նրանց ասաց. «Ահա նրան դուրս եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։ 5Արդ Հիսուսը դուրս ելավ՝ փշե պսակը գլխին և ծիրանին հագին։ Եվ Պիղատոսը նրանց ասաց. «Ահա այդ մարդը»։ 6Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակեցին ու ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրեք նրան ու խաչը հանեք, որովհետև ես նրա մեջ հանցանք չեմ գտնում»։ 7Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և համաձայն մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։ 8Երբ Պիղատոսն այս խոսքը լսեց, է՛լ ավելի վախեցավ։ 9Նա դարձյալ ատյան մտավ և Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան չպատասխանեց։ 10Արդ Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում. չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու և իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու»։ 11Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե այն քեզ վերուստ տրված չլիներ։ Դրա համար նա, ով ինձ քո ձեռքը մատնեց, ավելի մեծ մեղք գործեց»։ 12Եվ դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել, բայց հրեաներն աղաղակում էին և ասում. «Եթե նրան ազատ արձակես, կայսրի բարեկամը չես։ Ով իրեն թագավոր է համարում, հակառակ է կայսրին»։
13Երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, և ինքը նստեց բեմի վրա՝ այնտեղ, որ «Քարահատակ» էր կոչվում (եբրայերեն՝ Գաբբաթա)։ 14Զատկի նախօրեն էր՝ մոտավորապես վեցերորդ ժամը#19.14 Կեսօրվա մոտ։։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը»։ 15Իսկ նրանք աղաղակում էին. «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք բացի կայսրից ուրիշ թագավոր չունենք»։ 16Այն ժամանակ Հիսուսին նրանց ձեռքը հանձնեց, որ խաչը հանվի։
Արդ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։
Հիսուսի խաչելությունը
(Մտթ. 27.32-44, Մրկ. 15.21-32, Ղուկ. 23.26-43)
17Նա ինքն էր խաչը վերցրել և գնում էր այն տեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։ 18Այնտեղ նրան խաչը հանեցին և նրա հետ՝ ևս երկու հոգու՝ այս և այն կողմից, իսկ Հիսուսին՝ մեջտեղում։ 19Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա. գրված էր՝ «ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։ 20Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչը հանվեց, քաղաքին մոտ էր, իսկ տախտակի վրա գրված էր եբրայերեն, հունարեն ու լատիներեն։ 21Արդ հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր "Հրեաների թագավոր", այլ ինչպես նա ասաց. "Հրեաների թագավորն եմ"»։ 22Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։
23Երբ զինվորները Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա հագուստները և չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորին՝ մի մաս։ Վերցրին նաև պատմուճանը, որն առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին գործված։ 24Արդ նրանք միմյանց ասացին. «Եկեք այն չպատռենք, այլ վրան վիճակ գցենք, որպեսզի տեսնենք, թե ո՛ւմ կընկնի». որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է.
«Իմ հագուստներն իրենց մեջ բաժանեցին
և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին» (Սաղ. 22.18)։
Եվ զինվորներն արեցին այդ բանը։ 25Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, նրա մորաքույրը՝ Մարիամը՝ Կղեովպասի կինը, և Մարիամ Մագդաղենացին։ 26Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ 27Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։
Հիսուսի մահը
(Մտթ. 27.45-56, Մրկ. 15.33-41, Ղուկ. 23.44-49)
28Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ 29Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք քացախով մի սպունգ թրջեցին և եղեգի ծայրին դրած՝ նրա բերանին մոտեցրին։ 30Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։
31Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ օր էր, և որպեսզի մարմինները շաբաթ օրը խաչի վրա չմնային, որովհետև այդ շաբաթը մեծ տոն էր, Պիղատոսին խնդրեցին, որ նրանց սրունքները կոտրեն ու նրանց վերցնեն։ 32Արդ զինվորները եկան, կոտրեցին առաջինի սրունքները, ապա նրա հետ խաչը հանված մյուսինը։ 33Բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։ 34Զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։ 35Եվ սա տեսնողը վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, ու նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք ևս հավատաք։ 36Այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» (Ելք 12.46, Թվ. 9.12, Սաղ. 34.20)։ 37Եվ մեկ այլ գրված ասում է. «Պիտի նայեն նրան, որին խոցեցին» (Զաք. 12.10)։
Հիսուսի թաղումը
(Մտթ. 27.57-61, Մրկ. 15.42-47, Ղուկ. 23.50-56)
38Դրանից հետո Հովսեփը, որ Արիմաթեայից էր և հրեաներից վախի պատճառով Հիսուսի ծպտյալ աշակերտը, Պիղատոսին խնդրեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Եվ Պիղատոսը թույլ տվեց։ Արդ Հովսեփը եկավ և վերցրեց Հիսուսի մարմինը։ 39Եկավ նաև Նիկոդեմոսը, որը սկզբում գիշերով էր Հիսուսի մոտ եկել, և հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։ 40Նրանք վերցրին Հիսուսի մարմինը և հրեաների սովորության համաձայն՝ այն խնկերով ու կտավներով պատեցին։ 41Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել։ 42Քանի որ հրեաների տոնի նախօրեն էր, և գերեզմանն էլ մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy