YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18

18
Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
(Մտթ. 26.47-56, Մրկ. 14.43-50, Ղուկ. 22.47-53)
1Հիսուսն այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։ 2Հուդան՝ Հիսուսին մատնողը, նույնպես գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այդտեղ հավաքվել։ 3Եվ Հուդան, իր հետ վերցնելով զինվորների գունդն ու տաճարի պահակներին, որոնց իրեն տվել էին քահանայապետներն ու փարիսեցիները, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։ 4Արդ Հիսուսը, իրեն սպասվող այս ամենն իմանալով, գնաց և նրանց հարցրեց. «Ու՞մ եք փնտրում»։ 5Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր նաև Հուդան՝ նրան մատնողը։ 6Հենց որ նրանց ասաց՝ «Ես եմ», նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին։ 7Եվ դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»։ 8Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի՝ "Ես եմ". արդ, եթե ինձ եք փնտրում, թո՛ւյլ տվեք նրանց, որ գնան։ 9Որպեսզի կատարվի այն խոսքը, որ ասում էր. "Նրանց, ում տվեցիր ինձ, նրանցից և ոչ մեկին չկորցրի"»։ 10Իսկ Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց այն, քահանայապետի ծառային խփեց և նրա աջ ականջը կտրեց։ Ծառայի անունը Մաղքոս էր։ 11Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրն ինձ տվեց»։
12Այդժամ զինվորների գունդը, հազարապետն ու հրեա պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։
Հիսուսը քահանայապետների առաջ
(Մտթ. 26.57-68, Մրկ. 14.53-65, Ղուկ. 22.66-71)
13Նրան նախ բերեցին Աննասի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր։ 14Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խորհուրդ տվեց, թե ավելի լավ է՝ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։
Պետրոսի ուրացումները
(Մտթ. 26.69-75, Մրկ. 14.66-72, Ղուկ. 22.54-62)
15Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի գավիթը։ 16Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։ 17Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու է՞լ ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ 18Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։
19Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների և ուսուցումների մասին։ 20Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։ 21Ինչո՞ւ ես ինձ հարցնում. հարցրո՛ւ լսողներին, թե ի՛նչ եմ նրանց հետ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն՝ ես ի՛նչ եմ ասել»։ 22Երբ Հիսուսն այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը նրան ապտակեց ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին»։ 23Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե որևէ վատ բան ասացի, վկայի՛ր վատի մասին, բայց եթե ես ճիշտն ասացի, ինչո՞ւ ես ինձ խփում»։ 24Այդժամ Աննասը նրան կապված ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ։
25Այնտեղ, որտեղ Սիմոն Պետրոսը կանգնել և տաքանում էր, նրան ասացին. «Գուցե դու է՞լ ես նրա աշակերտներից»։ Նա ուրացավ և ասաց. «Ո՛չ, չեմ»։ 26Եվ քահանայապետի ծառաներից մեկը, որ ազգականն էր նրա, ում ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս քեզ տեսա այն պարտեզում նրա հետ»։ 27Պետրոսը դարձյալ ուրացավ, և իսկույն աքաղաղը կանչեց։
Հիսուսը Պիղատոսի առաջ
(Մտթ. 27.1-2,  11-14, Մրկ. 15.1-5, Ղուկ. 23.1-5)
28Հիսուսին Կայիափայի մոտից տարան ատյան։ Վաղ առավոտ էր։ Նրանք ատյան չմտան, որպեսզի չպղծվեն, այլ որպեսզի զատիկն ուտեն։ 29Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Այդ մարդու դեմ ի՞նչ մեղադրանք եք առաջադրում»։ 30Նրան պատասխանեցին. «Եթե նա չարագործ չլիներ, ապա նրան քեզ չէինք մատնի»։ 31Այդժամ Պիղատոսը նրանց ասաց. «Նրան դո՛ւք վերցրեք ու ձեր օրենքի համաձա՛յն դատեք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ չի թույլատրվում որևէ մեկին մահապատժի ենթարկել». 32որպեսզի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց՝ ցույց տալով, թե ինքն ի՛նչ մահով է մեռնելու։ 33Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ 34Հիսուսը պատասխանեց. «Դու այդ ի՞նքդ ես հարցնում, թե՞ քեզ ուրիշներն են իմ մասին ասել»։ 35Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ։ Ուրեմն ի՞նչ ես արել»։ 36Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։ 37Արդ, Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ 38Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։
Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։
Բարաբբան
(Մտթ. 27.15-26, Մրկ. 15.6-15, Ղուկ. 23.13-25)
39Բայց ձեր մեջ կա մի սովորույթ, որ Զատկին ձեզ համար մի բանտարկյալ պիտի արձակեմ։ Արդ ուզո՞ւմ եք, որ ձեզ համար հրեաների թագավորին արձակեմ»։ 40Սակայն բոլորն աղաղակեցին և ասացին. «Ո՛չ դրան, այլ Բարաբբային»։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy