YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 9

9
1«Երանի՜գլուխս ջուր լիներ, և աչքերս՝ արտասուքի աղբյուր, որ օր ու գիշեր լաց լինեի իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա։ 2Օ՜, եթե ինձ անապատի մեջ ուղևորների իջևան տային, ես կթողնեի իմ ժողովրդին և կգնայի նրանց մոտից, որովհետև նրանք բոլորն էլ շնացողներ են, դավաճանների խումբ են։ 3Եվ նրանք իրենց աղեղի պես լարում են իրենց լեզուները ստի համար և ճշմարտությամբ չէ, որ զորանում են երկրի վրա. չարությունից չարություն են գնում և ինձ չեն ճանաչում»,- ասում է Տերը։ 4«Յուրաքանչյուրդ զգուշացե՛ք ընկերոջից, և ամենևին եղբոր մի՛ վստահեք, որովհետև ամեն եղբայր խաբեբա է, և ամեն ընկեր շրջում է բանսարկությամբ։ 5Եվ ամեն մարդ խաբում է իր ընկերոջը և ճշմարտություն չի խոսում. իրենց լեզուն սովորեցրել են սուտ ասելու. հոգնում են անօրինություն անելով։
6Դու բնակվում ես խաբեության մեջ, խաբեության պատճառով մերժում են ինձ ճանաչել»,- ասում է Տերը։ 7Ուստի Զորությունների Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց պիտի զտեմ և փորձարկեմ, որովհետև ես էլ ի՞նչ անեմ իմ ժողովրդի դստեր մեղքի պատճառով։ 8Մահաբեր նետ է նրանց լեզուն, խաբեություն է խոսում. իր ընկերոջ հետ բերանով խաղաղություն է խոսում, իսկ իր սրտում նրան դարան է պատրաստում։ 9Սրա համար ես նրանց չպատժե՞մ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից անձս վրեժ չպիտի՞ առնի։
10Լեռների համար բարձրաձայն լաց ու ողբ պիտի անեմ, անապատի արոտների համար՝ կոծ, որովհետև այրվել են. անցնող չկա, և արջառների ձայն չի լսվում։ Երկնքի թռչուններից մինչև անասունը փախան գնացին։ 11Երուսաղեմը փլատակների կույտեր պիտի դարձնեմ, աղվեսների որջ և Հուդայի քաղաքները անբնակ ամայության պիտի վերածեմ»։ 12Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանա. ում որ Տիրոջ բերանը խոսած լինի և պատմի այն, թե ինչո՛ւ է կործանվել երկիրը և ավերվել անապատի պես, որտեղից անցնող չկա։ 13Եվ Տերն ասաց. «Նրա համար, որ թողեցին իմ օրենքը, որ ես դրել էի նրանց առաջ, և իմ ձայնը չլսեցին ու նրանով չընթացան։ 14Այլ գնացին իրենց սրտի կամակորության հետևից և Բահաղների հետևից, ինչպես որ իրենց հայրերը սովորեցրել էին իրենց»։ 15Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա այս ժողովրդին ես օշինդր եմ ուտեցնելու և դառը ջուր եմ խմեցնելու։ 16Եվ նրանց պիտի ցրեմ ազգերի մեջ, որոնց ո՛չ իրենք գիտեին, ո՛չ իրենց հայրերը, և նրանց հետևից սուր պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց»։
Երուսաղեմացիները օգնություն են խնդրում
17Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և եղերամայրե՛ր կանչեք, որ գան, և վարժ կանա՛նց ուղարկեք, որ գան։ 18Շուտով գան, մեզ վրա ողբ բարձրացնեն, մինչև մեր աչքերն արտասուք թափեն, և մեր կոպերից ջրեր հորդեն։ 19Որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեց. “Ինչպե՜ս կործանվեցինք, շատ ամաչեցինք, որովհետև պետք է թողնենք երկիրը, որովհետև ավերեցին մեր բնակարանները”։ 20Ուրեմն, ո՛վ կանայք, լսե՛ք Տիրոջ խոսքը, և թող ձեր ականջն ընդունի նրա բերանի խոսքը։ Եվ ձեր դուստրերին եղերերգությո՛ւն սովորեցրեք, և ամեն կին իր ընկերուհուն՝ ողբ»։ 21Որովհետև մահը ելավ մեր պատուհանները, մտավ մեր ամրոցները, որպեսզի փողոցից բնաջնջի երեխային, հրապարակներից՝ երիտասարդներին։ 22Ասա՛, որ Տերն այսպես է ասում. «Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն, ինչպես կեղտը՝ դաշտի վրա, և ինչպես խրձերը՝ հնձողի հետևից, և հավաքող չի լինի»։ 23Այսպես է ասում Տերը. «Իմաստունն իր իմաստությամբ թող չպարծենա, և զորավորն էլ իր զորությամբ չպարծենա, հարուստն իր հարստությամբ չպարծենա։ 24Այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ»,- ասում է Տերը։ 25«Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրանց, որ միայն մարմնով են թլփատված, 26Եգիպտոսին և Հուդային, Եդովմին և Ամմոնի որդիներին, Մովաբին և բոլոր մորուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատում։ Որովհետև բոլոր ազգերն անթլփատ են, իսկ ամբողջ Իսրայելի տունն անթլփատ է սրտով»։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 9: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in