YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 10

10
Կռապաշտություն և ճշմարիտ երկրպագություն
1Լսե՛ք այն խոսքը, որ Տերն ասում է ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։ 2Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։ 3Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. որովհետև փայտ են կտրում անտառից, արհեստավորի ձեռքի գործը՝ տապարով շինված։ 4Այն արծաթով և ոսկով են զարդարում, գամերով և մուրճերով ամրացնում են, որպեսզի չերերա։ 5Նրանք խրտվիլակի պես են վարունգի արտում, չեն խոսում. նրանք պետք է տարվեն, որովհետև քայլել չեն կարող. նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չարություն չեն կարող անել, ոչ էլ բարիք»։
6Ո՛վ Տեր, քեզ նմանը բնավ չկա, դու մեծ ես, և զորությամբ մեծ է քո անունը։ 7Ո՞վ չի վախենա քեզնից, ո՛վ ազգերի Թագավոր, որովհետև քեզ է վայելում, որովհետև ազգերի բոլոր իմաստունների մեջ և նրանց բոլոր թագավորությունների մեջ քեզ նմանը բնավ չկա։ 8Նրանք բոլորովին անխելք և անմիտ են, ունայնությունների ուսմունք. դա փայտ է։ 9Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։ 10Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։ 11Այսպե՛ս ասացեք նրանց. «Այն աստվածները, որոնք չեն կերտել#10.11 Բռց. արել։ երկինքն ու երկիրը, պիտի ոչնչացվեն երկրից և երկնքի տակից»։
Աստծու փառաբանության երգ
12Նա է իր զորությամբ կերտել#10.12 Բռց. արել։ երկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։ 13Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։ 14Ամեն մարդ հիմար է, անգետ է, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրանցում։ 15Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։ 16Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։
Մոտալուտ աքսորը
17Ո՛վ պաշարման մեջ ապրող, գետնից հավաքի՛ր քո իրերը։ 18Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա այս անգամ ես դեն եմ նետելու երկրի բնակիչներին և նրանց նեղության եմ մատնելու, որպեսզի իմանան»։
19Վա՜յ ինձ իմ բեկվածության համար, անդարմանելի է իմ վերքը. բայց ես ասացի. «Արդարև սա իմ հիվանդությունն է, և ես պետք է տանեմ այն»։ 20Իմ վրանը կործանվեց, և բոլոր պարաններս կտրտվեցին, իմ որդիներն ինձնից հեռացան և չկան. իմ վրանը լարող, և ոչ էլ իմ վարագույրները կանգնեցնող այլևս չկա։ 21Որովհետև հիմարացան հովիվները և Տիրոջը չփնտրեցին։ Դրա համար նրանք չբարգավաճեցին, և նրանց ամբողջ հոտը ցրվեց։ 22Մի լուր է ձայնում.
Լսե՛ք՝ գալիս է. մեծ դղրդոց հյուսիսի երկրից. որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի դարձնի, աղվեսների որջ։
23Գիտեմ, ո՛վ Տեր, որ մարդունը չէ իր ճանապարհը, որ քայլող մարդու բանը չէ իր քայլերն ուղղելը։ 24Խրատի՛ր ինձ չափավորությամբ, ո՛վ Տեր, ոչ թե քո բարկությամբ, որ չլինի թե ոչնչացնես ինձ։ 25Քո զայրույթը թափի՛ր այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում, որովհետև կերան Հակոբին. նրանք կերան ու սպառեցին նրան և նրա բնակավայրը ամայի դարձրին։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 10: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in