YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 11

11
Երեմիան և ուխտը
1Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով. 2«Լսե՛ք այս ուխտի խոսքերը և խոսե՛ք Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին։ 3Դու նրանց ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Անիծյալ լինի այն մարդը, որ չի լսում այս ուխտի խոսքերը, 4որոնք ես հրամայեցի ձեր հայրերին այն օրը, երբ ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ երկաթի այն հնոցից՝ ասելով. "Լսե՛ք իմ ձայնը և կատարե՛ք այն ամենը, ինչ ես հրամայում եմ ձեզ։ Եվ դուք ինձ ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ Աստված կլինեմ, 5որպեսզի հաստատեմ այս երդումը, որ արել եմ ձեր հայրերին, թե նրանց կաթ ու մեղր բխող երկիր կտամ, ինչպես որ այսօր"”»։ Եվ ես պատասխանեցի ու ասացի. «Ամե՛ն, ո՛վ Տեր»։
6Եվ Տերն ինձ ասաց. «Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում հայտարարի՛ր այս խոսքերը՝ ասելով. “Լսե՛ք այս ուխտի խոսքերը և գործադրե՛ք դրանք։ 7Որովհետև ես ձեր հայրերին մինչև այսօր կրկին ու կրկին զգուշացրի այն օրից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից՝ մինչև այսօր՝ ասելով. "Լսե՛ք իմ ձայնը"։ 8Բայց նրանք չլսեցին, ականջ չդրեցին, և ամեն մեկը գնաց իր չար սրտի կամակորությամբ, և ես նրանց վրա բերեցի ուխտի բոլոր խոսքերը, որոնք հրամայել էի, որ կատարեն, բայց չկատարեցին”»։ 9Եվ Տերն ասաց ինձ. «Դավաճանություն կա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչների մեջ։ 10Նրանք վերադարձան իրենց նախահայրերի անօրինություններին, որոնք մերժեցին լսել իմ խոսքերը։ Նրանք գնացին ուրիշ աստվածների հետևից, որպեսզի նրանց ծառայեն։ Իսրայելի տունն ու Հուդայի տունը խզեցին իմ ուխտը, որ կնքել էի նրանց հայրերի հետ»։ 11Դրա համար Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց վրա չարիք եմ բերելու, որից նրանք չեն կարողանա խուսափել. կկանչեն ինձ, բայց ես նրանց չեմ լսի։ 12Եվ Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բոլորովին չեն ազատի նրանց իրենց դժբախտության ժամին։ 13Որովհետև քո քաղաքների թվով եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։ Եվ Երուսաղեմի փողոցների թվով ամոթալի զոհասեղաններ եք շինել, զոհասեղաններ, որ Բահաղին խունկ ծխելու համար են։ 14Ուստի դու այս ժողովրդի համար մի՛ աղոթիր և նրանց համար աղաղակ ու աղաչանք մի՛ արա, որովհետև ես նրանց չեմ լսելու, երբ ինձ կանչեն իրենց դժբախտության ժամանակ»։
15Իմ սիրելին իմ տանն ի՞նչ ունի։ Երբ նա շատ լրբություններ է գործում, սուրբ զոհ էլ պիտի վերցվի քեզնից, որովհետև չարություն անելիս դու ուրախանում ես։ 16Տերը քեզ «կանաչ, գեղեցիկ, բարեպտուղ ձիթենի» անվանեց, բայց մեծ աղմուկի ձայնով նրա մոտ կրակ վառեց, և նրա ոստերը կոտրտվեցին։ 17Զորությունների Տերը, որ տնկել է քեզ, չարիք վճռեց#11.17 Բռց. խոսեց։ քո դեմ Իսրայելի տան և Հուդայի տան չարության համար, որ նրանք գործեցին և իմ բարկությունը գրգռեցին՝ Բահաղին խունկ ծխելով։
Դավադրություն Երեմիայի կյանքի դեմ
18Տերն ինձ իմացրեց, և ես իմացա. այն ժամանակ դու ինձ ցույց տվեցիր նրանց չար գործերը։ 19Բայց ես նման էի մի ընտելացած գառի, որ տարվում է մորթվելու, և չգիտեի, թե իմ դեմ ինչ խորհուրդներ են խորհում, թե՝ «Ծառն իր պտղով տապալենք և այն կենդանիների երկրից կտրենք, որ նրա անունն այլևս չհիշվի»։ 20Սակայն, ո՛վ Զորությունների Տեր, արդա՛ր դատավոր, սիրտն#11.20 Բռց. երիկամ։ ու միտքը քննող, թող տեսնեմ քո վրեժը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։
21Սրա համար Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք որոնում են քո կյանքը՝ ասելով. «Տիրոջ անունով մի՛ մարգարեացիր, որպեսզի մեր ձեռքով չմեռնես»։ 22Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես պիտի պատժեմ նրանց. երիտասարդները սրից պիտի ընկնեն, նրանց որդիներն ու նրանց դուստրերը սովից պիտի մեռնեն։ 23Եվ նրանք մնացորդ չպիտի ունենան, որովհետև նրանց պատժի տարին ես չարիք եմ բերելու Անաթովթի մարդկանց»։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 11: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in