ԵՐԵՄԻԱ 39
39
Երուսաղեմի անկումը
1Հուդայի Սեդեկիա թագավորի իններորդ տարվա տասներորդ ամսում Երուսաղեմի դեմ իր ամբողջ զորքով շարժվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և պաշարեց այն։ 2Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա չորրորդ ամսում՝ ամսի իննին, քաղաքի պարիսպը ճեղքվեց։ 3Եվ Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորները, այսինքն՝ Ներգեղսարասարը, Սամերգարնաբավը, Սարսեքիմ Ռաբսարիսը#39.3 Ռաբսարիս՝ պալատականների պետ կամ ներքինապետ։, Ներգեղսարասար Ռաբմագը#39.3 Ռաբմագ՝ թագավորի գլխավոր բժիշկ։ և Բաբելոնի մնացած բոլոր իշխանավորները եկան, նստեցին միջին դռանը։
4Եվ երբ Հուդայի թագավոր Սեդեկիան և բոլոր պատերազմիկները տեսան նրանց, փախան և թագավորի պարտեզի ճանապարհով՝ երկու պարսպի միջի դարպասով, գիշերը դուրս եկան քաղաքից Արաբայի ճանապարհով։ 5Եվ քաղդեացիների զորքերը նրանց հետապնդեցին և Երիքովի դաշտերում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու տարան Եմաթի երկիր՝ Ռեբղա, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ, որը նրա դեմ վճիռն արձակեց։ 6Բաբելոնի թագավորը Ռեբղայում Սեդեկիայի աչքերի առաջ մորթեց նրա որդիներին։ Բաբելոնի թագավորը Հուդայի բոլոր ազնվականներին ևս մորթեց 7և կուրացրեց Սեդեկիայի աչքերն ու նրան կապանքներով կապեց նրան Բաբելոն տանելու համար։ 8Քաղդեացիները կրակով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և Երուսաղեմի պարիսպները քանդեցին։ 9Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և իր կողմն անցած դասալիքներին ու մնացած ժողովրդին Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ Բաբելոն։ 10Նաբուզարադան թիկնապահապետը ոչինչ չունեցող չքավոր ժողովուրդ թողեց Հուդայի երկրում, միևնույն ժամանակ նրանց տվեց այգիներ ու արտեր։
Երեմիան ազատության մեջ
11Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը թիկնապահապետ Նաբուզարադանին հրամայեց Երեմիայի մասին՝ ասելով. 12«Վերցրո՛ւ նրան, և աչքդ թող նրա վրա լինի, և նրան ոչ մի վատ բան չանես, այլ նրա հետ այնպե՛ս վարվիր, ինչպես նա քեզ կասի»։ 13Եվ Նաբուզարադան թիկնապահապետը, Նաբուսազաբան Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի թագավորի բոլոր բարձր պաշտոնատարները 14մարդ ուղարկեցին և Երեմիային վերցրին բանտի գավթից ու նրան հանձնեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որ նրան դուրս բերի տուն։ Եվ նա ապրում էր ժողովրդի մեջ։
Մարգարեություն Աբդիմելեքի մասին
15Երբ նա արգելափակված էր բանտի գավթում, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. 16«Գնա՛ և եթովպացի Աբդիմելեքին ասա՛. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես իմ խոսքերը պիտի կատարեմ այս քաղաքի վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և կիրականանան այն օրը քո առաջ։ 17Բայց քեզ կազատեմ այն օրը,- ասում է Տերը,- և դու չես մատնվի այն մարդկանց ձեռքը, որոնցից դու վախենում ես։ 18Որովհետև ես քեզ անպատճառ պիտի ազատեմ, և դու սրով չես ընկնի, և քո կյանքը քեզ համար ավարի պես կլինի, որովհետև դու ինձ վստահեցիր"”»,- ասում է Տերը։
Currently Selected:
ԵՐԵՄԻԱ 39: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018