YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 38

38
Երեմիան գբի մեջ
1Մատթանի որդի Սափատիան, Փասուրի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յուքաղն ու Մեղքիայի որդի Փասուրը լսեցին այս խոսքերը, որ խոսում էր Երեմիան ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. 2«Տերն այսպես է ասում. “Այս քաղաքում մնացողը սրից, սովից և ժանտախտից պիտի մեռնի, իսկ նա, որ դուրս է գալիս քաղդեացիների մոտ, պիտի ապրի, և իր հոգին իր համար ավարի պես պիտի լինի, և նա պիտի ապրի”։ 3Տերն այսպես է ասում. “Այս քաղաքն անպատճառ Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը պիտի մատնվի, և նա պիտի գրավի այն”»։ 4Եվ իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, թող այս մարդը սպանվի, որովհետև նա թուլացնում է այս քաղաքում մնացող պատերազմիկների ձեռքերը և ամբողջ ժողովրդի ձեռքերը՝ նրանց այսպիսի խոսքեր ասելով, որովհետև այս մարդը այս ժողովրդի բարօրությունը չի ուզում, այլ նրա չարիքը»։ 5Եվ Սեդեկիա թագավորն ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է, որովհետև թագավորը ձեզ հակառակ բան չի կարող անել»։ 6Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեղքիայի գուբը, որ բանտի գավթում էր. Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։
7Եթովպացի Աբդիմելեք#38.7 Նշանակում է թագավորի ծառա։ ներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. թագավորը նստել էր Բենիամինի դռանը։ 8Աբդիմելեքը դուրս եկավ թագավորի տնից և խոսեց թագավորի հետ՝ ասելով. 9«Ո՛վ տեր իմ թագավոր, այս մարդիկ չարիք գործեցին, ինչ որ արեցին Երեմիա մարգարեին՝ նրան գուբը գցելով։ Եվ նա այնտեղ սովամահ կլինի, որովհետև քաղաքում այլևս հաց չկա»։ 10Թագավորը հրամայեց եթովպացի Աբդիմելեքին՝ ասելով. «Այստեղից քեզ հետ երեսուն մա՛րդ վերցրու և այն գբից հանի՛ր Երեմիա մարգարեին, քանի դեռ չի մեռել»։ 11Եվ Աբդիմելեքն այն մարդկանց վերցրեց իր հետ և նրանց հետ գնաց թագավորի տունը՝ գանձարանի տակը, այնտեղից մաշված լաթեր ու հին շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը՝ Երեմիայի մոտ։ 12Եվ եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Այդ մաշված և հին շորերը դի՛ր թևերիդ տակ՝ պարանների տակից»։ Եվ Երեմիան այդպես արեց։ 13Երեմիային պարաններով վեր քաշեցին և նրան հանեցին գբից, և Երեմիան մնաց բանտի գավթում։
Սեդեկիան դիմում է Երեմիայի խորհրդին
14Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և Երեմիա մարգարեին ընդունեց իր մոտ՝ Տիրոջ տան երրորդ մուտքում։ Թագավորն ասաց Երեմիային. «Ես քեզնից մի բան եմ հարցնելու, ինձնից ոչինչ չթաքցնես»։ 15Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե պատմեմ քեզ, մի՞թե ինձ սպանել չես տալու, և եթե խորհուրդ տամ քեզ, ինձ չես լսելու»։ 16Եվ Սեդեկիա թագավորը Երեմիային ծածկաբար երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ ստեղծել է մեր այս հոգին. քեզ չեմ մեռցնի, ոչ էլ քեզ կմատնեմ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո կյանքը»։ 17Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. “Եթե իսկապես անձնատուր լինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ ողջ կմնաս, և այս քաղաքը կրակով չի այրվի, և՛ դու, և՛ քո տունը կապրեք։ 18Իսկ եթե անձնատուր չլինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ այս քաղաքը քաղդեացիների ձեռքը պիտի մատնվի. նրանք այն կրակով պիտի այրեն, դու էլ նրանց ձեռքից չպիտի ազատվես”»։ 19Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ այն հրեաներից, որոնք քաղդեացիների կողմն են անցել. միգուցե ինձ նրանց ձեռքը մատնեն, և նրանք նախատեն ինձ»։ 20Երեմիան ասաց. «Չեն մատնի. լսի՛ր Տիրոջ ձայնը, որ քեզ ասում եմ, և այն ժամանակ լավ կլինի քեզ համար, և դու ողջ կմնաս։ 21Իսկ եթե մերժես անձնատուր լինել, ահա այն բանը, որ Տերը ցույց տվեց ինձ։ 22Ահա այն բոլոր կանայք, որոնք մնացել են Հուդայի թագավորի տանը, դուրս պիտի տարվեն Բաբելոնի թագավորի իշխանավորների առաջ, և նրանք պիտի ասեն. “Քո մտերիմները քեզ հրապուրեցին և հաղթեցին քեզ. քո ոտքերը խրվեցին տիղմի մեջ, և նրանք հետ քաշվեցին”։ 23Եվ քո բոլոր կանանց ու քո որդիներին դուրս պիտի հանեն քաղդեացիների մոտ, դու էլ չպիտի ազատվես նրանց ձեռքից, այլ պիտի բռնվես Բաբելոնի թագավորի ձեռքով, և այս քաղաքը պիտի այրվի կրակով»։ 24Եվ Սեդեկիան ասաց Երեմիային. «Թող ոչ մի մարդ չիմանա այս խոսքերը, և դու չես մեռնի։ 25Եթե իշխանավորները լսեն, որ ես խոսել եմ քեզ հետ, և գան քեզ մոտ ու քեզ ասեն. “Մեզ ասա՛, ի՞նչ ես ասել թագավորին, և ի՞նչ ասաց թագավորը, մեզնից մի՛ ծածկիր, և մենք քեզ չենք սպանի”, 26այն ժամանակ նրանց կասես. “Ես աղաչանքս մատուցեցի թագավորին, որ ինձ չուղարկի Հովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ”»։ 27Եվ բոլոր իշխանավորները եկան Երեմիայի մոտ ու նրան հարցրին։ Եվ նա պատմեց ըստ բոլոր խոսքերի, որ իրեն հրամայել էր թագավորը։ Եվ դադարեցին նրա հետ խոսելուց, որովհետև խոսակցությունը հայտնի չդարձավ։ 28Եվ Երեմիան մնաց բանտի գավթում մինչև այն օրը, երբ գրավվեց Երուսաղեմը։ Եվ այնտեղ էր, երբ գրավվեց Երուսաղեմը։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 38: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in