ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2
2
Տիրոջ հրեշտակը Բոքիմում
1Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից Բոքիմ ելավ և ասաց. «Ձեզ Եգիպտոսից հանեցի և ձեզ բերեցի այն երկիրը, որի համար երդվել էի ձեր հայրերին, և ասացի. “Ձեզ հետ արած ուխտս հավիտյան չեմ դրժելու։ 2Իսկ դուք դաշինք մի՛ կնքեք այս երկրի բնակիչների հետ, քանդե՛ք նրանց սեղանները”. բայց դուք չհնազանդվեցիք իմ ձայնին. դուք այդ ի՞նչ եք արել։ 3Ես էլ ասացի. “Նրանց չեմ քշելու ձեր առաջից, և նրանք ձեզ համար հակառակորդ կլինեն, և նրանց աստվածն էլ՝ ձեզ համար որոգայթ”»։ 4Երբ Տիրոջ հրեշտակն ամբողջ Իսրայելի որդիների հետ խոսեց այս խոսքերը, ժողովուրդը, ձայնը բարձրացնելով, լաց եղավ։ 5Եվ այնտեղի անունը Բոքիմ կոչեցին և այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։
6Եվ երբ Հեսուն արձակեց ժողովրդին, Իսրայելի որդիներն ամեն մեկն իր կալվածքը գնաց՝ երկիրը ժառանգելու համար։ 7Ժողովուրդը Հեսուի կյանքի բոլոր օրերին պաշտեց Տիրոջը և Հեսուից հետո էլ ողջ մնացած ծերերի բոլոր օրերին, որոնք տեսել էին բոլոր մեծ գործերը, որ Տերն արել էր Իսրայելի համար։
Հեսուի մահը
8Եվ Տիրոջ ծառա Հեսուն՝ Նավեի որդին, մեռավ հարյուր տասը տարեկանում։ 9Նրան թաղեցին իր ժառանգության սահմանում՝ Գաաս սարի հյուսիսային կողմում, Եփրեմի սարի Թամնաթ-Հարեսում։ 10Եվ այդ սերնդի բոլոր մարդիկ ննջեցին իրենց հայրերի հետ, և նրանցից հետո ելավ ուրիշ մի սերունդ, որը չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։
Իսրայելը դադարում է Տիրոջը պաշտել
11Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ և պաշտեցին Բահաղներին։ 12Թողեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրից հանել էր նրանց, և հետևեցին ուրիշ աստվածների, այսինքն՝ իրենց շուրջը եղած ազգերի մի քանի աստվածներին, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ 13Տիրոջը թողեցին և պաշտեցին Բահաղին ու Աստարովթին։ 14Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա. նա կողոպտիչների ձեռքը մատնեց նրանց, և նրանք կողոպտեցին նրանց, շրջակա թշնամիների ձեռքը մատնեց, և այլևս չէին կարողանում կանգնել իրենց թշնամիների առջև։ 15Ամեն անգամ, երբ պատերազմի էին գնում, Տիրոջ ձեռքը նրանց վրա էր չարիքի համար, ինչպես ասել էր Տերը և ինչպես որ երդվել էր նրանց. և նրանք շատ մեծ նեղության մեջ էին։
16Եվ Տերը դատավորներ առաջ բերեց, որոնք ազատեցին նրանց կողոպտիչների ձեռքից։ 17Սակայն նրանք իրենց դատավորներին էլ չլսեցին և հետևելով ուրիշ աստվածների՝ մոլորվեցին#2.17 Բռց. պոռնկություն արեցին։ ու նրանց երկրպագեցին։ Նրանք շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով գնում էին իրենց հայրերը՝ Տիրոջը հնազանդվելով. նրանց պես չարեցին։ 18Երբ Տերը նրանց համար դատավորներ էր կարգում, Տերն այդ դատավորի հետ էր լինում և այդ դատավորի կյանքի բոլոր օրերին նրանց ազատում էր իրենց թշնամիների ձեռքից, որովհետև Տերը ցավ էր զգում նրանց նեղություն տվողների և չարչարողների երեսից իրենց կրած հեծության համար։ 19Եվ երբ այդ դատավորը մեռնում էր, նրանք դարձյալ իրենց հայրերից ավելի էին անօրինանում՝ հետևելով օտար աստվածներին, նրանց պաշտելով և երկրպագելով նրանց. ետ չէին դառնում իրենց վատ գործերից և իրենց խստապարանոց ընթացքից։ 20Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և ասաց. «Քանի որ այս ազգը զանց է առնում այն ուխտը, որ ես պատվիրեցի իրենց հայրերին, և չի լսում իմ ձայնին, 21ես էլ այսուհետև նրանց առաջից չեմ հալածելու ոչ մեկին այն ազգերից, որոնց Հեսուն թողեց մեռնելիս, 22որպեսզի նրանցով փորձեմ Իսրայելին, թե արդյոք նրանք իրենց հայրերի պես կզգուշանա՞ն Տիրոջ ճանապարհով գնալու համար, թե՞ ոչ»։ 23Եվ Տերը թողեց այդ ազգերին և շուտով չհալածեց ու նրանց Հեսուի ձեռքը չմատնեց։
Currently Selected:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018