ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1
1
Հուդայի և Շմավոնի ցեղերը գերեվարում են Ադոնիբեզեկին
1Հեսուի մեռնելուց հետո Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին և ասացին. «Ո՞վ առաջ վեր կկենա քանանացիների դեմ՝ մեզ համար նրանց դեմ պատերազմելու»։ 2Եվ Տերն ասաց. «Թող Հուդան վեր կենա. ահա երկիրը նրա ձեռքը տվի»։ 3Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Ինձ հետ վե՛ր կաց գնանք իմ տարածքը և պատերազմենք քանանացիների դեմ, ես էլ քեզ հետ կգամ քո տարածքը»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։ 4Եվ Հուդան ելավ, և Տերը քանանացիներին ու փերեզացիներին տվեց նրանց ձեռքը, և Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեցին։ 5Բեզեկի մեջ նրանք գտան Ադոնիբեզեկին և պատերազմեցին նրա դեմ և կոտորեցին քանանացիներին ու փերեզացիներին։ 6Ադոնիբեզեկը փախավ, բայց նրանք, նրա հետևից ընկնելով, բռնեցին նրան և կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի մեծ մատները։ 7Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավոր, որոնց ձեռքերի և ոտքերի մեծ մատները կտրված էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին հավաքում։ Ինչպես որ ես արեցի, Աստված էլ ինձ այնպես հատուցում արեց»։ Եվ նրան տարան Երուսաղեմ, ու նա այնտեղ մեռավ։
Հուդայի ցեղը տիրում է Երուսաղեմին և Քեբրոնին
8Հուդայի որդիները պատերազմեցին Երուսաղեմի դեմ, վերցրին այն ու սրի քաշեցին և նրանց քաղաքը կրակով այրեցին։
9Հետո Հուդայի որդիներն իջան ցած, որ պատերազմեն լեռնակողմում և հարավում ու դաշտավայրում բնակվող քանանացիների դեմ։ 10Եվ Հուդան գնաց Քեբրոնում բնակվող քանանացիների դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր), և ջարդեցին Սեսին, Աքիմանին ու Թոլմիին։
Գոթոնիելը տիրում է Դաբիրին
(Հես. 15.13-19)
11Եվ այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների դեմ (Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր)։ 12Քաղեբն ասաց. «Ով որ զարկի Կարիաթ-Սեփերին և վերցնի, իմ աղջիկ Աքսային նրան կնության կտամ»։ 13Եվ Քաղեբի փոքր եղբոր՝ Կենեզի որդին՝ Գոթոնիելը, վերցրեց այն, և Քաղեբն իր աղջիկ Աքսային կնության տվեց նրան։ 14Երբ աղջիկը գնում էր, Գոթոնիելը նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի. աղջիկն էշից ցած իջավ, և Քաղեբն ասաց նրան. «Ի՞նչ ես ուզում»։ 15Աղջիկը նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, ինձ ջրի աղբյուրնե՛ր էլ տուր»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերի աղբյուրները և ցածի աղբյուրները։
Հուդայի ու Բենիամինի ցեղերի հաղթանակները
16Մովսեսի աներ Կենեցիի հետնորդները Հուդայի որդիների հետ Արմավենիների քաղաքից ելան ու գնացին Հուդայի անապատը, որը գտնվում է Արադի հարավային կողմում, և բնակվեցին ժողովրդի հետ։
17Հուդան իր եղբայր Շմավոնի հետ գնաց, և Սեփաթում բնակվող քանանացիներին ջարդեցին ու կործանեցին#1.17 Եբր. նզովեցին։ քաղաքը և այդ քաղաքի անունը Հորմա կոչեցին։ 18Հուդայի որդիները վերցրին Գազան ու նրա սահմանը, Ասկաղոնն ու նրա սահմանը, Ակկարոնն ու նրա սահմանը։ 19Տերը Հուդայի հետ էր, և նա տիրեց սարին, բայց չկարողացավ հալածել հովիտների բնակիչներին, որովհետև նրանք երկաթե կառքեր ունեին։ 20Քեբրոնը Քաղեբին տվեցին, ինչպես որ Մովսեսն ասել էր, և նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։
21Բենիամինի որդիները չհալածեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին. և հեբուսացիները Բենիամինի որդիների հետ մինչև այսօր բնակվում են Երուսաղեմում։
Եփրեմի ու Մանասեի ցեղերը տիրում են Բեթելին
22Հովսեփի տունն էլ վեր կացավ Բեթելի դեմ, և Տերը նրանց հետ էր։ 23Եվ Հովսեփի տունը լրտեսեց Բեթելը (այդ քաղաքի անունն առաջ Լուզ էր)։ 24Պահապանները մի մարդ տեսան, որը դուրս էր գալիս այդ քաղաքից, և նրան ասացին. «Աղաչում ենք, մեզ ցո՛ւյց տուր քաղաք մտնելու տեղը, և քեզ ողորմություն կանենք»։ 25Եվ նա քաղաք մտնելու տեղը ցույց տվեց նրանց, և նրանք քաղաքը սրի բերան տվին, բայց այն մարդուն ու նրա ամբողջ ազգատոհմը թողեցին։ 26Այդ մարդը քետացիների երկիրը գնաց և մի մեծ քաղաք շինեց ու նրա անունը Լուզ կոչեց. մինչև այսօր այդ է նրա անունը։
Ժողովուրդներ, որոնց իսրայելացիները չքշեցին
27Մանասեն չհալածեց Բեթսանի և նրա գյուղաքաղաքների, Թանաքի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Դորի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Հեբղաամի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Մակեդդովի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այս երկրում։ 28Երբ Իսրայելը զորացավ, քանանացիներին հարկադրեցին տաժանակիր աշխատել իրենց համար, բայց նրանց ամբողջովին դուրս չքշեցին։
29Եփրեմն էլ չհալածեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները նրանց հետ բնակվեցին Գազերում։ 30Զաբուղոնն էլ չհալածեց Կեդրոնի բնակիչներին ու Նաաղոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրանց մեջ ու հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։
31Ասերը չհալածեց Ակքոյի բնակիչներին և Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելբայի, Ափեկի ու Րոոբի բնակիչներին, 32այլ Ասերի որդիները բնակվեցին այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, որովհետև նրանց չհալածեցին։
33Նեփթաղիմը չհալածեց Բեթսամյուսի բնակիչներին և Բեթանաթի բնակիչներին, այլ բնակվեց այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, և Բեթսամյուսի ու Բեթանաթի բնակիչները հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ 34Եվ ամորհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վրա, քանի որ նրանց թույլ չտվին, որ դաշտավայր իջնեն։ 35Եվ ամորհացիները շարունակեցին բնակվել Հարես սարում, Այեղոնի և Սաղաբինի մեջ, բայց երբ Հովսեփի տան ձեռքը զորացավ, նրանք հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ 36Եվ ամորհացիների սահմանը վեր էր Ակրաբիմի զառիվայրից՝ Սելայից,#1.36 Վեմ։ և նրանից էլ վեր էր։
Currently Selected:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018