ԵՍԱՅԻ 36
36
Ասորեստանը սպառնում է Երուսաղեմին
(Դ Թագ. 18.13-27, Բ Մն. 32.1-19)
1Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորն արշավեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։ 2Ասորեստանի թագավորը մեծ զորքով Ռաբսակին ուղարկեց Լաքիսից Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ։ Ռաբսակը կանգ առավ թափիչի ագարակի ճանապարհին՝ վերևի ավազանի ջրմուղի մոտ։ 3Նրա մոտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և դիվանապահ Հովաքը՝ Ասափի որդին։
4Ռաբսակն ասաց նրանց. «Ասացե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. “Ի՞նչ է այդ ապավենը, որին դու ապավինել ես։ 5Ես ասում եմ. դրանք շուրթերի խոսքեր են միայն. ծրագիր և զորություն է պետք պատերազմի համար. հիմա ո՞ւմ ես ապավինել, որ իմ դեմ ապստամբել ես։ 6Ահա դու ապավինել ես այդ ջարդված եղեգե ցուպին՝ Եգիպտոսին, որին եթե մարդ կռթնի, այն կմտնի նրա ձեռքը և կծակի։ Ահա այսպիսին է Եգիպտոսի փարավոն թագավորը բոլոր իրեն ապավինողների համար”։ 7Բայց եթե ինձ ասես. “Մենք մեր Տեր Աստծուն ենք ապավինել”, ապա մի՞թե նա այն չէ, որի Բարձր տեղերն ու զոհասեղանները Եզեկիան վերացրեց՝ Հուդայի երկրին ու Երուսաղեմին ասելով՝ “Այս զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։ 8Արդ, դաշի՛նք կապիր իմ Տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ կտամ երկու հազար ձի, եթե դու կարողանաս դրանց վրա հեծյալներ դնել։ 9Դու, որ մարտակառքերի և ձիերի համար Եգիպտոսին ես ապավինում, ինչպե՞ս պիտի կարողանաս դեմ դնել իմ տիրոջ փոքր ծառաներից որևէ մեկի զորապետին։ 10Եվ հիմա արդյոք առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա՝ այն ավերելու համար։ Տերն է ինձ ասել. “Գնա՛ այս երկրի վրա և ավերի՛ր այն”»։
11Եվ Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, քո ծառաների հետ արամերե՛ն խոսիր, որովհետև մենք այն հասկանում ենք. մեզ հետ Հուդայի լեզվով մի՛ խոսիր պարսպի վրա գտնվող ժողովրդի ականջի տակ»։ 12Ռաբսակն ասաց. «Մի՞թե քո տիրոջ և քեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ ասեմ այս խոսքերը, և ոչ նաև պարսպի վրա նստած այս մարդկանց, որոնք ձեզ հետ միասին իրենց կեղտն են ուտելու և իրենց մեզն են խմելու»։
13Ապա Ռաբսակը կանգնեց և բարձր ձայնով Հուդայի լեզվով գոչեց և ասաց. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքերը։ 14Այսպես է ասում թագավորը. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել։ 15Եզեկիան ձեր վստահությունը թող Տիրոջ վրա դնել չտա՝ ձեզ ասելով. "Տերը մեզ անպատճառ կազատի, և այս քաղաքը չի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը"”։ 16Եզեկիային մի՛ լսեք, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Հաշտվե՛ք ինձ հետ, դո՛ւրս եկեք, հանձնվե՛ք ինձ, և ամեն մարդ իր որթատունկից, ամեն մարդ իր թզենուց կուտի, և ամեն մարդ իր ջրհորի ջրից կխմի, 17մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի նման մի երկիր՝ ցորենի ու գինու երկիր, հացի ու խաղողի այգիների երկիր։ 18Միգուցե Եզեկիան ձեզ հրապուրի՝ ասելով. "Տերը կազատի մեզ"։ Մի՞թե ազգերի աստվածներից մեկն ազատեց իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։ 19Ո՞ւր են Եմաթի և Արփաթի աստվածները, ո՞ւր են Սեփարուիմի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։ 20Այս երկրների բոլոր աստվածներից ո՞րը կարողացավ իրենց երկիրն ազատել իմ ձեռքից, որ Տերն էլ կարողանա Երուսաղեմն ազատել իմ ձեռքից”»։ 21Նրանք լռեցին և պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Չպատասխանեք նրան»։
22Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանապահը, պատռելով իրենց հագուստները, գնացին Եզեկիայի մոտ և հաղորդեցին նրան Ռաբսակի խոսքերը։
Currently Selected:
ԵՍԱՅԻ 36: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018