YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 35

35
Սրբության ճամփան
1Անապատն ու չոր երկիրը կուրախանան, կցնծա անմարդաբնակ երկիրը ու կծաղկի շուշանի պես։ 2Առատորեն կծաղկի, ցնծալով կուրախանա երգելով։ Նրան կտրվի Լիբանանի փառքը և Կարմեղոսի ու Սարոնի մեծափառությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծու վայելչությունը։
3Զորացրե՛ք թուլացած ձեռքերը, պնդացրե՛ք դողդոջուն ծնկները։ 4Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։ 5Այն ժամանակ կբացվեն կույրերի աչքերը, կբացվեն խուլերի ականջները։ 6Այն ժամանակ կաղը կցատկոտի եղջերուի պես, և համրի լեզուն կօրհներգի, որովհետև անապատում ջրեր կժայթքեն, և ամայի տեղում՝ հեղեղատներ։ 7Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։ 8Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն. այդ տեղով անմաքուրը չպիտի անցնի, դա նրանցը կլինի. այդ ճանապարհով գնացողները, հիմարներն անգամ չեն մոլորվի։ 9Այնտեղ առյուծ չի լինելու, այնտեղով գիշատիչ գազան չի գալու. դրանք այնտեղ չեն գտնվելու. բայց փրկագնվածները ման կգան այնտեղ։ 10Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 35: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in