YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 47

47
1Հովսեփը եկավ, պատմեց փարավոնին և ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց հոտերով ու արջառներով և իրենց ամբողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից և հիմա Գեսեմի երկրում են»։ 2Եվ իր եղբայրներից հինգ մարդ վերցրեց և նրանց ներկայացրեց փարավոնին։ 3Փարավոնն ասաց նրա եղբայրներին. «Ի՞նչ է ձեր գործը»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ հովիվներ ենք, թե՛ մենք և թե՛ մեր հայրերը»։ 4Նաև ասացին փարավոնին. «Եկել ենք այս երկիրը պանդխտության, որովհետև քո ծառաների հոտերի համար արոտ չկա Քանանի երկրում սովի սաստկանալու պատճառով։ Այժմ խնդրում ենք, թող քո ծառաները բնակվեն Գեսեմի երկրում»։ 5Փարավոնը խոսեց Հովսեփի հետ՝ ասելով. «Քո հայրն ու եղբայրները եկել են քեզ մոտ։ 6Եգիպտոսի երկիրը քո առջև է. բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին երկրի ամենալավ մասում։ Թող բնակվեն Գեսեմի երկրում։ Եթե գիտես, որ նրանց մեջ կան կարող մարդիկ, իմ հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր նրանց»։ 7Հովսեփն իր հայր Հակոբին բերեց ու ներկայացրեց փարավոնին։ Եվ Հակոբն օրհնեց փարավոնին։ 8Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քո կյանքի տարիների օրերն ինչքա՞ն են»։ 9Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի՝ պանդխտության մեջ անցկացրած կյանքի տարիների օրերին»։ 10Հակոբն օրհնեց փարավոնին ու դուրս եկավ փարավոնի մոտից։
11Հովսեփն իր հորն ու եղբայրներին իրենց ունեցվածքով բնակեցրեց Եգիպտոսի երկրի ամենալավ մասում՝ Ռամսեսի երկրում, ինչպես որ հրամայել էր փարավոնը։ 12Հովսեփը կերակրում էր իր հորն ու եղբայրներին և իր հոր ամբողջ գերդաստանին՝ հաց տալով ընտանիքների կարիքների համեմատ։
13Ամբողջ երկրում հաց չկար, որովհետև սովը շատ էր սաստկացել։ Եգիպտոսի երկիրն ու Քանանի երկիրը թուլացան սովի պատճառով։ 14Հովսեփը Եգիպտոսի երկրում և Քանանի երկրում գտնված ամբողջ փողը հավաքեց շնորհիվ վաճառված պաշարի, որ նրանք առնում էին։ Հովսեփն այդ փողը տարավ փարավոնի տունը։ 15Երբ Եգիպտոսի երկրից և Քանանի երկրից փողը սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ և ասացին. «Հա՛ց տուր մեզ. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ փող չկա»։ 16Հովսեփն ասաց. «Բերե՛ք ձեր անասունները, և ձեր անասունների փոխարեն հաց կտամ ձեզ, եթե փող չկա»։ 17Նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ, և Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների և էշերի փոխարեն հաց տվեց նրանց։ Եվ այդ տարի նրանց հացով կերակրեց նրանց բոլոր անասունների փոխարեն։
Սովը
18Լրացավ այդ տարին. հաջորդ տարի նրանք եկան Հովսեփի մոտ և ասացին նրան. «Մենք չենք ծածկի մեր տիրոջից, որ վերջացել է փողը, և մեր անասուններն էլ մեր տիրոջը եղան։ Էլ ոչինչ չմնաց մեզ մեր տիրոջ առաջ, բացի մեր անձերից և մեր հողից։ 19Ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ ու ոչնչանանք թե՛ մենք, թե՛ մեր երկիրը. ծախո՛ւ առ մեզ ու մեր հողը հացի դիմաց, և մենք ու մեր հողը թող ծառաներ լինենք փարավոնին։ Սերմացո՛ւ տուր, որ ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ անապատ չդառնա»։ 20Եվ Հովսեփը գնեց Եգիպտոսի ամբողջ երկիրը փարավոնի համար. որովհետև եգիպտացիները վաճառում էին՝ յուրաքանչյուրն իր արտը, քանի որ սովը սաստիկ ճնշում էր նրանց։ Եվ երկիրը դարձավ փարավոնինը, 21և ժողովրդին բերել տվեց քաղաքները՝ Եգիպտոսի սահմանի մի ծայրից մինչև մյուս ծայրը։ 22Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից որոշված բաժին ունեին և ուտում էին որոշված բաժինը, որ փարավոնը տալիս էր նրանց։ Դրա համար էլ չվաճառեցին իրենց հողաբաժինը։ 23Հովսեփն ասաց ժողովրդին. «Այսօր ես ձեզ և ձեր երկիրը գնեցի փարավոնի համար։ Ահա՛ ձեզ սերմացու. սերմանե՛ք հողը։ 24Բերքի ժամանակ հինգից մեկը պիտի տաք փարավոնին, իսկ չորս մասերը ձերը կլինեն, որպեսզի արտի համար սերմացու, իսկ ձեզ համար, ձեր տանը եղողների ու ձեր երեխաների համար ուտելիք լինի»։ 25Նրանք ասացին. «Մեր կյանքերը փրկեցիր. թող շնորհ գտնենք մեր տիրոջ առաջ և ստրուկներ լինենք փարավոնին»։ 26Հովսեփը դա որպես օրենք հաստատեց Եգիպտոսի երկրում, որ մնում է մինչև այսօր. որ հինգից մեկը պատկանի փարավոնին, բացի քրմերի հողից, որ փարավոնինը չեղավ։
Հակոբի վերջին խնդրանքը
27Այսպես Իսրայելը բնակվում էր Եգիպտոսի երկրում՝ Գեսեմի երկրում։ Այնտեղ կալվածքներ ստացան, աճեցին և շատ բազմացան։
28Հակոբը Եգիպտոսի երկրում ապրեց տասնյոթ տարի։ Հակոբի կյանքի տարիների օրերը եղան հարյուր քառասունյոթ տարի։ 29Երբ մոտեցան Իսրայելի մահվան օրերը, նա կանչեց իր որդի Հովսեփին և ասաց նրան. «Եթե հիմա շնորհ գտա քո առաջ, աղաչում եմ, ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ և մարդասիրություն ու հավատարմությո՛ւն ցույց տուր ինձ։ Աղաչում եմ, ինձ Եգիպտոսում մի՛ թաղիր. 30այլ թող իմ հայրերի հետ ննջեմ. ինձ Եգիպտոսից տա՛ր և թաղի՛ր նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո ասածի պես կանեմ»։ 31Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ»։ Եվ նա երդում արեց նրան։ Ապա Իսրայելը խոնարհվեց Գավազանի գլխի#47.31 Ոմանք ունեն անկողնու։ վրա։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 47: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in