YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 46

46
Հակոբը ընտանիքով գնում է Եգիպտոս
1Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ։ Նա եկավ Բերսաբեե և զոհեր մատուցեց իր հոր՝ Իսահակի Աստծուն։ 2Գիշերային տեսիլքում Աստված խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ 3Աստված ասաց. «Ես եմ Աստվածը, քո հոր Աստվածը, մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև ես այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու քեզ։ 4Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս, նաև անպատճառ կհանեմ այնտեղից, և Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»։ 5Հակոբը դուրս ելավ Բերսաբեեից։ Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, իրենց երեխաներին և իրենց կանանց տարան այն կառքերով, որ փարավոնն ուղարկել էր նրանց տանելու համար։ 6Եվ վերցրին իրենց անասունները և իրենց ունեցվածքը, որ ստացել էին Քանանի երկրում։ Հակոբը և իր ամբողջ սերունդն իր հետ եկան Եգիպտոս. 7իր որդիներին ու որդիների որդիներին իր հետ և իր աղջիկներին ու իր որդիների աղջիկներին, իր ամբողջ սերունդն իր հետ բերեց Եգիպտոս։
8Սրանք են Իսրայելի որդիների անունները, որոնք եկան Եգիպտոս. Հակոբն ու իր որդիները. Հակոբի անդրանիկը՝ Ռուբեն. 9Ռուբենի որդիները՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ 10Շմավոնի որդիները՝ Համուել, Համին, Օհադ, Հաքին և Սահառ, նաև քանանացի կնոջից ծնված որդին՝ Սավուղ։ 11Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ 12Հուդայի որդիները՝ Էր, Օնան, Սելոմ, Փարես և Զարա. բայց Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։ 13Իսաքարի որդիները՝ Թավղա, Փուա, Հոբ#46.13 Կամ Հասուբ։ և Սամրոն։ 14Զաբուղոնի որդիները՝ Սարեդ, Ելոն և Հաղել։ 15Սրանք Լիայի որդիներն են, որոնց ծնեց Միջագետքում Հակոբի համար, նաև՝ նրա Դինա աղջկան։ Նրա բոլոր որդիներն ու աղջիկները երեսուներեք հոգի էին։ 16Գադի որդիները՝ Սափոն, Անգի, Սունի, Եսբոն, Էրի, Արոտի և Արելի։ 17Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի, Բարիա, նրանց քույրը՝ Սարա, և Բարիայի որդիները՝ Քաբեր և Մաղքիել։ 18Սրանք Զեղփայի որդիներն են, որին Լաբանն իր Լիա աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. տասնվեց հոգի։ 19Հակոբի կին Ռաքելի որդիները՝ Հովսեփ և Բենիամին։ 20Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։ 21Բենիամինի որդիները՝ Բաղա, Բոքոր, Ասբել, Գերա, Նեեման, Էհի, Ռոս, Մուփիմ, Ռոփիմ և Արեդ։ 22Սրանք Ռաքելի որդիներն են, որոնք ծնվեցին Հակոբի համար. բոլորը՝ տասնչորս հոգի։ 23Դանի որդին՝ Հուսիմ։ 24Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասիր և Սիլլեմ։ 25Սրանք Բաղղայի որդիներն են, որին Լաբանն իր աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. բոլորը՝ յոթ հոգի։ 26Հակոբի հետ Եգիպտոս եկած բոլոր մարդիկ, որոնք նրա երանքից էին դուրս եկել, բացի Հակոբի որդիների կանանցից, բոլորը վաթսունվեց հոգի էին։ 27Հովսեփի որդիները, որոնք Եգիպտոսում ծնվեցին նրա համար, երկու հոգի էին։ Հակոբի տան բոլոր հոգիները, որոնք Եգիպտոս գնացին, յոթանասունն էին։
Հակոբը ընտանիքով Եգիպտոսում է
28 Հակոբն իրենից առաջ Հուդային ուղարկեց Հովսեփի մոտ, որպեսզի Գեսեմը ցույց տա նրան, և նրանք եկան Գեսեմի երկիրը։ 29Հովսեփը պատրաստեց իր կառքը և ելավ գնաց Գեսեմ՝ դիմավորելու իր հորը՝ Իսրայելին։ Երբ որ հայրը երևաց, նրա վզովն ընկավ և երկար լաց եղավ՝ նրա վզին փարված։ 30Իսրայելն ասաց Հովսեփին. «Հիմա թող մեռնեմ քո երեսը տեսնելուց հետո, որովհետև կենդանի ես դեռ»։ 31Հովսեփն ասաց իր եղբայրներին և իր հոր ընտանիքին. «Գնամ հայտնեմ փարավոնին և ասեմ նրան. “Իմ եղբայրներն ու իմ հոր ընտանիքը, որ Քանանի երկրում էին, եկել են ինձ մոտ։ 32Այդ մարդիկ հովիվներ են, որովհետև խաշնարած են, և իրենց հոտերը, արջառները և իրենց ողջ ունեցվածքը բերել են”։ 33Եթե փարավոնը կանչի ձեզ և ասի, թե՝ “Ի՞նչ է ձեր արհեստը”, ասացե՛ք. 34Մենք՝ քո ծառաները, մեր մանկությունից մինչև հիմա խաշնարածներ ենք, մենք էլ, մեր հայրն էլ”, որպեսզի բնակվեք Գեսեմի երկրում, որովհետև ամեն հովիվ եգիպտացիների աչքին գարշելի է»։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 46: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in