ԾՆՆԴՈՑ 45
45
Հովսեփը հայտնում է իրեն
1Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր մոտ կանգնած բոլոր մարդկանց առաջ և աղաղակեց. «Դո՛ւրս հանեք իմ մոտից այս բոլոր մարդկանց»։ Երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին։ 2Նա բարձրաձայն լաց եղավ, և լսեցին եգիպտացիներն ու փարավոնի ամբողջ տունը։ 3Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ. իմ հայրը դեռ ո՞ղջ է»։ Եղբայրները նրան պատասխան տալ չէին կարողանում, որովհետև ապշած էին մնացել նրա առջև։ 4Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Խնդրեմ մոտեցե՛ք ինձ»։ Նրանք էլ մոտեցան։ Եվ ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ. դուք ինձ վաճառեցիք Եգիպտոս տարվելու։ 5Հիմա մի՛ տխրեք ու մի՛ նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեր կյանքը պահպանելու համար։ 6Որովհետև այժմ երկրի վրա սովի երկրորդ տարին է, և տակավին հինգ տարի վարուցանք ու հունձ չի լինելու։ 7Աստված ուղարկեց ինձ ձեր առջևից, որպեսզի երկրի վրա պահպանի ձեր սերունդը և ձեզ ապրեցնի մեծ ազատությամբ։ 8Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։ 9Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան, թե քո որդի Հովսեփն այսպես է ասում. “Աստված ամբողջ Եգիպտոսի տեր դարձրեց ինձ. արի իջի՛ր ինձ մոտ, մի՛ ուշացիր։ 10Դու կբնակվես Գեսեմի երկրում և մոտիկ կլինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, քո արջառները և քո ամբողջ ունեցվածքը։ 11Ես այնտեղ կկերակրեմ քեզ, որովհետև դեռ հինգ տարի սով է լինելու. միգուցե չքավորություն քաշես դու, քո տունը և քո ամբողջ ունեցածը”։ 12Ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանով եմ խոսում ձեզ հետ։ 13Պատմե՛ք իմ հորը Եգիպտոսում իմ ունեցած ամբողջ փառքի, ձեր բոլոր տեսածների մասին և շտապ իմ հորն իջեցրե՛ք այստեղ»։ 14Եվ իր եղբայր Բենիամինի վզովն ընկավ ու լաց եղավ։ Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա վզովն ընկած։ 15Եվ համբուրեց իր բոլոր եղբայրներին ու նրանց փարվելով՝ լաց եղավ։ Դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ։
16Եվ այս լուրը փարավոնի տանը լսվեց, թե եկել են Հովսեփի եղբայրները. դա հաճելի եղավ փարավոնին և նրա ծառաներին։ 17Փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա՛ քո եղբայրներին. “Այսպե՛ս արեք. բեռնե՛ք ձեր անասունները և գնացե՛ք Քանանի երկիրը։ 18Վերցրե՛ք ձեր հորն ու ձեր ընտանիքները և եկե՛ք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի ամենալավ հողը, և դուք կվայելեք երկրի լիությունը”։ 19Դու այսպիսի հրաման ունես. “Այսպե՛ս արեք. Եգիպտոսի երկրից կառքե՛ր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորն ու եկե՛ք։ 20Ձեր աչքը ձեր կարասիների վրա թող չմնա, որովհետև Եգիպտոսի երկրի ամբողջ բարիքը ձերն է”»։
21Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. Հովսեփը, ըստ փարավոնի հրամանի, կառքեր տվեց նրանց և պաշար՝ ճանապարհի համար։ 22Նա յուրաքանչյուրին տվեց նոր հագուստ, իսկ Բենիամինին՝ երեք հարյուր կտոր արծաթ և հինգ ձեռք նոր հագուստ։ 23Նա իր հոր համար ուղարկեց այս բաները. տասը էշ՝ Եգիպտոսի բարիքներով բեռնված, և տասը էգ էշ՝ բեռնված ցորենով, հացով և ուտելիքներով՝ իր հոր ճանապարհորդության համար։ 24Եվ ճանապարհ դրեց իր եղբայրներին, և նրանք մեկնեցին։ Եվ ասաց նրանց. «Ճանապարհին չկռվեք»։
25Նրանք Եգիպտոսից ելան և գնացին դեպի Քանանի երկիրը՝ իրենց հայր Հակոբի մոտ։ 26Եվ պատմեցին նրան՝ ասելով. «Հովսեփը դեռ ողջ է. նա իշխում է Եգիպտոսի ամբողջ երկրին»։ Բայց նրա սիրտը նվաղեց, որովհետև չհավատաց նրանց։ 27Եվ պատմեցին նրան այն բոլոր խոսքերը, որ Հովսեփն ասել էր իրենց։ Երբ նա տեսավ Հովսեփի ուղարկած կառքերը, որ իրեն տանեն, այն ժամանակ միայն կենդանացավ նրանց հոր՝ Հակոբի հոգին։ 28Իսրայելն ասաց. «Բավ է. իմ որդին դեռ կենդանի է. գնամ և իմ մեռնելուց առաջ տեսնեմ նրան»։
Currently Selected:
ԾՆՆԴՈՑ 45: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018