YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 44

44
Կորած գավաթը
1 Հովսեփն իր տան վերակացուին հրամայեց՝ ասելով. «Այս մարդկանց պարկերը լցրո՛ւ ուտելիքով, ինչքան որ կարող են տանել, և յուրաքանչյուրի փողը դի՛ր իր պարկի բերանին։ 2Իմ արծաթե բաժակը կրտսերի պարկի բերանի՛ն դիր, իր ցորենի փողն էլ»։ Եվ վերակացուն արեց այնպես, ինչպես Հովսեփն ասել էր իրեն։
3Առավոտյան, երբ լույսը բացվեց, այդ մարդիկ ճանապարհվեցին իրենց էշերով։ 4Նրանք քաղաքից դուրս էին եկել, բայց դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, վազի՛ր այդ մարդկանց ետևից, հասի՛ր նրանց և ասա՛. “Ինչո՞ւ չարությամբ հատուցեցիք բարության փոխարեն։ 5Սա այն բաժակը չէ՞, որով խմում է իմ տերը և որով գուշակություն է անում։ Դուք վատ բան արեցիք ձեր այդպես վարվելով”»։ 6Վերակացուն հասավ նրանց և ասաց այս նույն խոսքերը։ 7Եվ ասացին նրան. «Ինչո՞ւ է իմ տերը այդպիսի խոսքեր ասում։ Քա՛վ լիցի, որ քո ծառաներն այդպիսի բան անեն։ 8Ահա այն փողը, որ գտել էինք մեր պարկերի բերանին, ետ բերեցինք քեզ Քանանի երկրից. էլ ինչպե՞ս կարող էինք գողանալ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի։ 9Քո ծառաներից ում մոտ որ գտնվի, թող նա մեռնի, և մենք էլ դառնանք մեր տիրոջ ծառաները»։ 10Նա ասաց. «Հենց հիմա թող ձեր ասածի պես լինի. ում մոտ որ գտնվի, նա ինձ ծառա լինի. իսկ դուք անպարտ կլինեք»։ 11Եվ իսկույն ամեն մեկն իր պարկը իջեցրեց գետին և ամեն մեկը բացեց իր պարկը։ 12Վերակացուն սկսեց խուզարկել՝ սկսեց մեծից և վերջացրեց կրտսերով. և բաժակը գտնվեց Բենիամինի պարկի մեջ։
13Այն ժամանակ նրանք պատառոտեցին իրենց հագուստները և ամեն մեկն իր բեռը բարձելով էշի վրա՝ վերադարձան քաղաք։ 14Հուդան և նրա եղբայրները եկան Հովսեփի տունը. նա դեռ այնտեղ էր. և գետին ընկան նրա առաջ։ 15Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ արեցիք. դուք չգիտե՞ք, թե ինձ նման մի մարդ անպատճառ կգուշակի»։ 16Հուդան պատասխանեց. «Ի՞նչ ասենք իմ տիրոջը, ի՞նչ խոսենք կամ ինչպե՞ս արդարանանք. Աստված բռնեց քո ծառաների հանցանքը։ Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, թե՛ մենք և թե՛ նա, ում մոտ գտնվեց բաժակը»։ 17Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, որ ես այդպիսի բան անեմ. միայն այն մարդը, որի մոտ գտնվել է բաժակը, թող ինձ ծառա լինի, իսկ դուք խաղաղությամբ գնացե՛ք ձեր հոր մոտ»։
Հուդան աղաչում է Բենիամինի համար
18Հուդան մոտեցավ նրան և ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, խնդրեմ, թող քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ ականջին, և թող քո բարկությունը չբորբոքվի ծառայիդ դեմ, որովհետև դու փարավոնի պես ես։ 19Իմ տերն իր ծառաներին հարցրեց՝ ասելով. “Հայր կամ եղբայր ունե՞ք”։ 20Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը, թե՝ “Ունենք մի ծեր հայր և նրա ծերության մի կրտսեր որդի։ Նրա եղբայրը մեռած է, և միայն նա է մնացել իր մորից, և հայրը սիրում է նրան”։ 21Դու քո ծառաներին ասացիր. “Բերե՛ք նրան ինձ մոտ, որպեսզի ես իմ աչքերով տեսնեմ նրան”։ 22Մենք ասացինք մեր տիրոջը. “Երեխան չի կարող թողնել իր հորը, որովհետև եթե իր հորը թողնի, նա կմահանա”։ 23Իսկ դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, իմ երեսնը այլևս չտեսնեք”։ 24Երբ մենք գնացինք քո ծառայի՝ իմ հոր մոտ, նրան պատմեցինք իմ տիրոջ խոսքերը։ 25Իմ հայրն ասաց. “Դարձյալ գնացե՛ք և մեզ համար մի քիչ ուտելի՛ք գնեք”։ 26Մենք ասացինք. “Չենք կարող գնալ. եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, այն ժամանակ կիջնենք, որովհետև մենք չենք կարող այդ մարդու երեսը տեսնել, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի”։ 27Քո ծառան՝ իմ հայրը, ասաց մեզ. “Դուք գիտեք, որ իմ կինը ինձ համար երկու որդի ծնեց։ 28Մեկն իմ մոտից գնաց, ու ես ասացի, թե անպատճառ հոշոտվել է, և մինչև հիմա չեմ տեսել նրան։ 29Եթե սրան էլ առնեք տանեք իմ մոտից, և մի փորձանք պատահի նրան, ապա դուք ինձ տրտմությամբ գերեզման կիջեցնեք իմ այս սպիտակ մազերով”։ 30Արդ, եթե գնամ քո ծառայի՝ իմ հոր մոտ, և մեզ հետ չլինի երեխան, որի հոգուն այնպես կապված է նրա հոգին, 31և նա հենց որ տեսնի, թե երեխան չկա, անպատճառ կմեռնի, և մենք՝ քո ծառաները, ցավով գերեզման կիջեցնենք քո ծառային՝ իմ հորը, սպիտակ մազերով։ 32Որովհետև քո ծառան այդ երեխայի համար երաշխավոր է եղել իմ հորը՝ ասելով. “Եթե ես նրան ետ չբերեմ քեզ մոտ, հավիտյան հանցավոր կլինեմ իմ հոր հանդեպ”։ 33Այժմ աղաչում եմ, այդ երեխայի փոխարեն ես՝ քո ծառան, իմ տիրոջ ծառան մնամ, իսկ երեխան թող գնա իր եղբայրների հետ. 34որովհետև ինչպե՞ս գնամ իմ հոր մոտ, եթե երեխան ինձ հետ չլինի. միգուցե տեսնեմ այն դժբախտությունը, որ պատահելու է իմ հորը»։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 44: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in