YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 24

24
Իսահակը ամուսնանում է
1Աբրահամը ծեր էր և իր օրերն անցկացրած։ Տերն ամեն բանում օրհնել էր Աբրահամին։ 2Աբրահամն ասաց իր ծառային՝ իր տան ավագին, որ իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր. «Ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ, 3և ես քեզ երդում եմ տալիս Տիրոջով՝ երկնքի Աստծով և երկրի Աստծով, որ իմ որդու համար կին չես առնի քանանացիների աղջիկներից, որոնց մեջ բնակվում եմ ես, 4այլ կգնաս իմ երկիրն ու իմ ազգականների մոտ և իմ որդի Իսահակի համար կին կառնես»։ 5Ծառան ասաց նրան. «Գուցե այդ կինը չուզենա իմ ետևից այս երկիրը գալ. արդյոք քո որդուն տանե՞մ այն երկիրը, որտեղից դու դուրս ես եկել»։ 6Աբրահամն ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ։ 7Տերը՝ երկնքի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից և իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ և երդվեց ինձ՝ ասելով, թե՝ “Քո սերնդին եմ տալու այդ երկիրը”, նա իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար։ 8Իսկ եթե կինը չուզենա քո ետևից գալ, այն ժամանակ դու իմ այս երդումից անպարտ կլինես, միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես»։ 9Եվ ծառան իր ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի երանքի տակ և երդվեց նրան այդ բանի համար։
10Ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին։ Նա ելավ գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը։ 11Երեկոյան դեմ ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, երբ կանայք դուրս են գալիս ջրհորից ջուր քաշելու։ 12Եվ ասաց. «Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, հանդիպեցրո՛ւ նրան ինձ այսօր և ողորմությո՛ւն արա իմ տիրոջը՝ Աբրահամին։ 13Ահա ես կանգնում եմ ջրի աղբյուրի մոտ. այս քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու։ 14Եվ լինի այն աղջիկը, որին ես ասեմ՝ “Իջեցրո՛ւ սափորդ, որ խմեմ”, և նա ասի, թե՝ “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”, նա թող լինի քո ծառա Իսահակի համար սահմանածդ. դրանով էլ ես կիմանամ, որ ողորմություն արեցիր իմ տիրոջը»։
15Երբ նա տակավին իր խոսքը չէր վերջացրել, ահա սափորն ուսին դուրս եկավ Ռեբեկան՝ Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդու՝ Բաթուելի աղջիկը։ 16Աղջիկը շատ գեղեցիկ տեսքով մի կույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուրը, լցրեց իր սափորը և բարձրացավ վեր։ 17Ծառան վազեց նրան ընդառաջ և ասաց. «Խնդրեմ սափորիցդ ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»։ 18Նա ասաց. «Խմի՛ր, տե՛ր իմ». և սափորն իսկույն իջեցրեց իր ձեռքի վրա ու խմեցրեց նրան։ 19Երբ վերջացրեց նրան ջուր տալը, ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր հանեմ, մինչև որ բոլորը խմեն ու հագենան»։ 20Եվ սափորի ջուրն իսկույն թափեց ավազանի մեջ և դարձյալ վազեց ջրհորի մոտ՝ ջուր քաշելու, և նրա բոլոր ուղտերի համար ջուր քաշեց։ 21Բայց այն մարդը, զարմանալով նրա վրա, լուռ մտածում էր, թե արդյոք Տերն իր ճանապարհը հաջողեցրե՞լ է, թե՞ ոչ։ 22Երբ ուղտերը վերջացրին խմելը, մարդը կես սիկղ քաշով մի ոսկի օղակ առավ և նրա ձեռքերի համար երկու ապարանջան հանեց՝ տասը սիկղ քաշով ոսկի, 23և հարցրեց. «Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա՛ ինձ. քո հոր տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»։ 24Նա պատասխանեց. «Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ»։ 25Նաև ասաց նրան. «Մենք հարդ և խոտ շատ ունենք, իջևանելու տեղ էլ»։ 26Մարդը խոնարհվեց, երկրպագություն արեց Տիրոջը և ասաց. 27«Օրհնյալ լինի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ տիրոջը։ Երբ ճանապարհ էի դուրս եկել, Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբայրների տունը»։ 28Աղջիկը վազեց և այս բաները պատմեց իր մորը։
29Ռեբեկան մի եղբայր ուներ՝ Լաբան անունով։ Լաբանը վազեց դուրս՝ դեպի աղբյուրը, այդ մարդու մոտ։ 30Որովհետև տեսնելով օղակն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները և լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ այն մարդու մոտ եկավ, որ կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ, 31և ասաց. «Արի՛, ո՛վ Տիրոջ օրհնյալ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար տունը և ուղտերի համար էլ տեղ եմ պատրաստել»։ 32Մարդը եկավ տուն. և քանդեց ուղտերի կապերը, հարդ ու խոտ տվեց ուղտերին և ջուր բերեց՝ նրա ոտքերը և նրա հետ եղողների ոտքերը լվանալու համար։ 33Նրա առաջ կերակուր դրեցին, որ ուտի, բայց նա ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ իմ ասելիքը»։ Լաբանն ասաց. «Խոսի՛ր»։ 34Եվ նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ։ 35Տերը շատ է օրհնել իմ տիրոջը, և նա մեծ մարդ է։ Նրան տվել է հոտեր ու արջառներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։ 36Իր կինը՝ Սառան, ծերանալուց հետո իմ տիրոջ համար ծնեց մի որդի, որին տվեց իր ամբողջ ունեցվածքը։ 37Իմ տերն ինձ երդում անել տվեց՝ ասելով. “Իմ որդու համար կին չառնես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում բնակվում եմ ես, 38այլ գնա՛ իմ հոր տունն ու իմ ազգատոհմի մոտ և կի՛ն առ իմ որդու համար”։ 39Ես ասացի իմ տիրոջը. “Գուցե այդ կինը չգա իմ ետևից”։ 40Նա ասաց. “Տերը, որի առաջ ես քայլում եմ, քեզ հետ կուղարկի իր հրեշտակին, քո ճանապարհը կհաջողվի, և իմ որդու համար կին կառնես իմ ազգատոհմից ու իմ հոր տնից։ 41Եվ այն ժամանակ անպարտ կլինես իմ երդումից։ Իսկ եթե գնաս իմ ազգատոհմի մեջ, և կին չտան, ինձ տված երդումից ազատ կլինես”։ 42Այսօր աղբյուրի մոտ եկա ու ասացի. “Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, եթե իմ այս ճանապարհը, որով ես գնում եմ, հաջողեցնելու ես, 43ահա ես կկանգնեմ ջրի աղբյուրի մոտ. և այն աղջիկը, որ գա ջուր քաշելու, ու ես նրան ասեմ. "Քո սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր, որ խմեմ", 44և նա էլ ինձ ասի. "Դո՛ւ էլ խմիր, քո ուղտերի համար էլ ջուր կքաշեմ", նա՛ թող լինի այն կինը, որին Տերը սահմանել է իմ տիրոջ որդու համար”։ 45Ես մտքումս տակավին չէի վերջացրել իմ խոսքը, ահա Ռեբեկան դուրս եկավ սափորն ուսին, իջավ աղբյուրը և ջուր քաշեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։ 46Նա իր սափորն իսկույն իջեցրեց իր ուսի վրայից և ասաց. “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”։ Ես խմեցի, և ուղտերին էլ խմեցրեց։ 47Հարցրի նրան. “Դու ո՞ւմ աղջիկն ես”։ Նա էլ ասաց. “Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ”։ Այն ժամանակ օղակը նրա քթին, իսկ ապարանջանները նրա ձեռքերին անցկացրի։ 48Խոնարհվեցի ու երկրպագեցի Տիրոջը և օրհնեցի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստծուն, որն ինձ առաջնորդեց ուղիղ ճանապարհով, որպեսզի իմ տիրոջ եղբոր աղջկան իր որդու համար առնեմ։ 49Արդ, եթե իմ տիրոջը շնորհ և հավատարմություն եք անելու, հայտնե՛ք ինձ. իսկ եթե ոչ, ասացե՛ք ինձ, որպեսզի ես աջ կամ ձախ դառնամ»։ 50Լաբանը և Բաթուելը պատասխանեցին՝ ասելով. «Այս բանը Տիրոջից է. մենք քեզ լավ կամ վատ չենք կարող ասել։ 51Ահա Ռեբեկան քո առջև է, ա՛ռ ու գնա՛, և քո տիրոջ որդու համար թող կին լինի, ինչպես Տերն է ասել»։ 52Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, մինչև գետին երկրպագություն արեց Տիրոջը։ 53Ծառան հանեց արծաթե զարդեր ու ոսկե զարդեր, զգեստներ և տվեց Ռեբեկային։ Թանկարժեք ընծաներ տվեց նրա եղբորն ու մորը։ 54Կերան ու խմեցին ինքը և այն մարդիկ, որոնք իր հետ էին, և գիշերը մնացին այնտեղ։ Առավոտյան վեր կացան, և նա ասաց. «Ճանապա՛րհ դրեք ինձ, որ իմ տիրոջ մոտ գնամ»։ 55Ռեբեկայի եղբայրն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մնա մեզ մոտ, հետո կգնա»։ 56Նա ասաց նրանց. «Ինձ մի՛ ուշացրեք, որովհետև Տերը հաջողել է իմ ճանապարհը. ինձ ճանապարհե՛ք, և ես իմ տիրոջ մոտ գնամ»։ 57Նրանք ասացին. «Կանչենք աղջկան և հարցնենք նրան»։ 58Կանչեցին Ռեբեկային և ասացին նրան. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա ասաց. «Կգնամ»։ 59Եվ ճանապարհեցին իրենց քրոջը՝ Ռեբեկային, նրա դայակին, Աբրահամի ծառային ու նրա մարդկանց։ 60Նրանք օրհնեցին Ռեբեկային և ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը թող տիրանա իր թշնամիների քաղաքներին»։ 61Ռեբեկան ու իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և հետևեցին այն մարդուն։ Ծառան վերցրեց Ռեբեկային և գնաց։
62Իսկ Իսահակը վերադառնում էր Լահայրոյի ջրհորից, որովհետև բնակվում էր հարավային երկրում։ 63Իսահակը երեկոյան դեմ դաշտ էր դուրս եկել խորհրդածելու#24.63 Կամ աղոթելու։. նա բարձրացրեց իր աչքերն ու նայեց. ահա ուղտեր էին գալիս։ 64Ռեբեկան իր աչքերը բարձրացրեց, տեսավ Իսահակին և ուղտից իջավ։ 65Եվ ասաց ծառային. «Ո՞վ է այդ մարդը, որ դաշտում ընդառաջ է գալիս մեզ»։ Ծառան ասաց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան քողն առավ ու ծածկվեց։ 66Ծառան Իսահակին պատմեց այն ամենը, ինչ արել էր։ 67Իսահակը նրան տարավ իր մոր՝ Սառայի վրանը և առավ Ռեբեկային, և նա դարձավ նրա կինը։ Եվ սիրեց նրան։ Եվ Իսահակը մխիթարվեց իր մոր մահից հետո։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 24: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in