YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 20

20
Աբրահամը և Աբիմելեքը
1Աբրահամն այնտեղից գնաց դեպի հարավի երկիրը և բնակվեց Կադեսի և Սուրի միջև ու պանդուխտ եղավ Գերարում։ 2Աբրահամն իր կնոջ՝ Սառայի մասին ասաց. «Նա իմ քույրն է»։ Գերարի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց և առավ Սառային։ 3Բայց Աստված գիշերը երազում Աբիմելեքի մոտ եկավ և ասաց նրան. «Դու պիտի մեռնես այդ կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունի»։ 4Սակայն Աբիմելեքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տե՛ր, մի՞թե արդար ազգին էլ կորստյան կմատնես։ 5Մի՞թե նա չասաց ինձ՝ “Նա իմ քույրն է”, և հենց ինքն էլ ասաց՝ “Նա իմ եղբայրն է”։ Ես ուղիղ սրտով և մաքուր ձեռքերով արեցի դա»։ 6Աստված երազի մեջ ասաց նրան. «Ես գիտեմ, որ դու ուղիղ սրտով արեցիր այդ. նաև ես քեզ ետ պահեցի իմ դեմ մեղք գործելուց և դրա համար քեզ չթողեցի, որ մերձենաս նրան։ 7Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է և թող աղոթք անի քեզ համար, որ ապրես։ Բայց եթե դու չվերադարձնես նրան, իմացի՛ր, որ անպատճառ կմեռնես, դու և բոլորը, ինչ որ ունես»։
8Վաղ առավոտյան Աբիմելեքը վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին և նրանց պատմեց այս բոլոր բաները։ Այդ մարդիկ շատ վախեցան։ 9Աբիմելեքը կանչեց Աբրահամին և ասաց նրան. «Այդ ի՞նչ արեցիր մեզ. ես ի՞նչ հանցանք եմ գործել քո դեմ, որ ինձ վրա և իմ թագավորության վրա մեծ մեղք ես բերել։ Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անի»։ 10Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ այդ բանն արեցիր»։ 11Աբրահամն ասաց. «Ես ասացի, թե այստեղ իրոք Աստծու վախը չկա, և ինձ կսպանեն իմ կնոջ պատճառով։ 12Եվ իսկապես իմ քույրն է. հորս աղջիկն է, բայց ոչ մորս աղջիկը, և իմ կինը դարձավ։ 13Երբ որ Աստված ինձ իմ հոր տնից հանեց պանդխտության համար, ասացի կնոջս. “Սա թող լինի ինձ անելիք քո երախտիքը. ուր որ գնալու լինենք, ինձ համար կասես, թե՝ իմ եղբայրն է”»։ 14Աբիմելեքն առավ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ և տվեց Աբրահամին. և նրա կին Սառային էլ նրան վերադարձրեց։ 15Աբիմելեքն ասաց. «Ահա իմ երկիրը քո առջև է. բնակվի՛ր, ուր որ հաճելի է քեզ»։ 16Եվ Սառային ասաց. «Ահա հազար արծաթ տվեցի քո եղբորը. դա քեզ համար աչքերի քող թող լինի այն ամենի համար, որ պատահեց քեզ. արդարացած ես բոլորի առաջ»։ 17Աբրահամն աղոթեց Աստծուն, և Աստված բժշկեց Աբիմելեքին, նրա կնոջն ու նրա աղախիններին, և նրանք կրկին ծնում էին։ 18Որովհետև Տերը փակել էր Աբիմելեքի տան բոլոր արգանդները Աբրահամի կնոջ՝ Սառայի պատճառով։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 20: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in