YouVersion Logo
Search Icon

ԵԶՐԱՍ 4

4
Տիրոջ տաճարի շինարարության արգելումը
1Եվ երբ Հուդայի և Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերությունից վերադարձողներն Իսրայելի Տեր Աստծու համար տաճար են շինում, 2մոտեցան Զորաբաբելին և տոհմապետներին ու ասացին նրանց. «Մենք էլ ձեզ հետ կառուցենք, որովհետև մենք էլ ձեզ պես ձեր Աստծուն ենք փնտրում և նրան ենք զոհ մատուցում Ասորեստանի Ասորդան թագավորի օրերից ի վեր, որը մեզ այստեղ բերեց»։ 3Եվ Զորաբաբելը, Հեսուն և Իսրայելի մյուս տոհմապետներն ասացին նրանց. «Ձեզ և մեզ վայել չէ միասին կառուցել մեր Աստծու տունը. մենք պետք է մենակ շինենք Իսրայելի Տեր Աստծու համար, ինչպես որ մեզ պատվիրել է պարսից արքան՝ Կյուրոս թագավորը»։ 4Եվ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր Հուդայի ժողովրդի ձեռքերը և նրանց խանգարում կառուցելու։ 5Նրանց դեմ խորհրդականներ էին վարձում նրանց մտադրությունը խափանելու համար՝ պարսից Կյուրոս թագավորի բոլոր օրերում և մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորելը։ 6Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։
7Արտաշեսի օրոք Բեսեղամը, Միթրիդատը, Տաբեելը և մյուս ընկերները գրեցին պարսից Արտաշես թագավորին. նամակն ասորերեն, և մեկնությունն էլ ասորերեն էր։ 8Այսպես Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը Երուսաղեմի դեմ Արտաշես թագավորին մի նամակ գրեցին։
Երուսաղեմի շինարարության արգելումը
9Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը և նրանց մյուս ընկերները՝ դինացիները, ափարսաթաքացիները, տարփաղեցիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելոնացիները, շուշանացիները, դավեցիները, եղամացիները։ 10Եվ մնացած ազգերը, որոնց մեծ և պատվական Ասենափարը տեղափոխեց և բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և մյուսները, որ Գետի այս կողմում են և այլն։
11Ահա այն նամակի պատճենը, որ ուղարկեցին նրան.
«Արտաշես թագավորիդ. քո ծառաները՝ Գետի այս կողմի մարդիկս և այլն։ 12Թագավորիդ թող հայտնի լինի, որ այն հրեաները, որ քո մոտից դուրս եկան, եկել են մեզ մոտ՝ Երուսաղեմ, և շինում են այդ ապստամբ ու զզվելի քաղաքը և նորոգում են նրա պարիսպները, հիմքերն էլ դրել են։ 13Այժմ թող հայտնի լինի քեզ՝ թագավորիդ, որ եթե քաղաքը վերաշինվի, և նրա պարիսպները նորոգվեն, նրանք հարկ, տուրք և մաքս չեն տա, և վերջը վնաս կբերի թագավորներին։ 14Արդ, որովհետև ամենքս պալատից ենք ստանում մեր ապրուստը, և մեզ չի վայելում թագավորիդ վնասը տեսնել, այդ պատճառով էլ ուղարկում և հայտնում ենք քեզ՝ թագավորիդ, 15որ որոնեն քո հայրերի հիշատակարաններում, և դու կիմանաս, որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել և թագավորին ու գավառներին վնասակար, և հին ժամանակներից նրա մեջ դավաճանություն է եղել, և դրա համար այդ քաղաքը ավերակ է դարձել։ 16Մենք տեղեկացնում ենք թագավորիդ, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները նորոգվեն, ապա Գետի այս կողմում քեզ բաժին չի լինի»։
17Թագավորը պատգամ ուղարկեց Հռեում խորհրդապետին և Սամսա ատենադպրին ու նրանց մյուս ընկերներին, որ բնակվում էին Սամարիայում, և մնացածներին, որ Գետի այն կողմում էին.
18«Ողջույն և այլն։ Նամակը, որ մեզ էիք ուղարկել, հայտնապես կարդացվեց իմ առջև։ 19Եվ ես հրամայեցի, և որոնեցին ու գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից ընդդիմացել է թագավորներին, և դրա մեջ ապստամբություն ու դավաճանություն է եղել։ 20Եվ հզոր թագավորներ են եղել Երուսաղեմում, որ տիրել են Գետի ամբողջ այդ կողմին, և հարկ, տուրք և մաքս է տրվել նրանց։
21Այժմ հրամայե՛ք, որ այդ մարդկանց արգելեն, և այդ քաղաքը չշինվի, մինչև որ իմ կողմից հրաման չտրվի։ 22Եվ զգո՛ւյշ եղեք, որ այս մասին անհոգ չլինեք. ինչո՞ւ չարիքը մեծանա թագավորներին վնասելու համար»։
23Երբ Արտաշես թագավորի նամակի պատճենը կարդացվեց Հռեումի և Սամսա ատենադպրի ու նրանց ընկերների առջև, իսկույն շտապելով գնացին Երուսաղեմ՝ հրեաների մոտ, և բռնությամբ ու ուժով խանգարեցին նրանց։ 24Այդ ժամանակ խափանվեց Երուսաղեմում եղող Աստծու տան գործը և ընդհատված մնաց մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորության երկրորդ տարին։

Currently Selected:

ԵԶՐԱՍ 4: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in