YouVersion Logo
Search Icon

ԵԶՐԱՍ 5

5
Տաճարի կառուցումը նորից սկսվում է
1Եվ Անգե մարգարեն և Ադդովի որդի Զաքարիա մարգարեն Իսրայելի Աստծու անունով Հրեաստանում և Երուսաղեմում եղող հրեաներին մարգարեություն արեցին։ 2Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն վեր կացան և սկսեցին շինել Երուսաղեմում եղող Աստծու տունը, և Աստծու մարգարեները նրանց հետ էին և օգնում էին նրանց։
3Այդ ժամանակ նրանց մոտ եկան Գետի այս կողմի իշխան Թաթանային և Սաթրաբուզանն ու նրանց ընկերները և այսպես ասացին նրանց. «Ո՞վ է ձեզ հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու»։ 4Այն ժամանակ ասացինք նրանց այն մարդկանց անունները, որոնք շինում են այս տունը։ 5Եվ իրենց Աստծու աչքը հրեաների ավագների վրա էր, և նրանց չարգելեցին, մինչև որ բանը հասնի Դարեհին, և նա այն ժամանակ սրա համար հրաման տա։
6Ահա այն նամակի պատճենը, որ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, և Սաթրաբուզանը և Գետի այս կողմում եղող նրանց ընկերները՝ ափարսաքացիները, ուղարկեցին Դարեհ թագավորին։ 7Այսպես էր գրված այն պատգամում, որ ուղարկեցին նրան.
8«Դարեհ թագավորին՝ շատ խաղաղություն. թագավորիդ թող հայտնի լինի, որ գնացինք Հրեաստանի գավառը՝ մեծ Աստծու տունը. այն կառուցում են մեծ քարերով և փայտ են դնում պատերում, և այս գործն արագությամբ է ընթանում և նրանց ձեռքին հաջողվում է։ 9Հետո մենք հարցրինք այն ավագներին՝ նրանց այսպես ասելով. “Ձեզ ո՞վ է հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու”։ 10Նաև նրանց անունները հարցրինք իրենցից՝ քեզ հայտնելու համար այն մարդկանց անունները, որ նրանց գլխավորներն են։ 11Եվ նրանք այսպես պատասխանեցին մեզ՝ ասելով. “Մենք երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այն տունը, որ շինված էր շատ տարիներ առաջ, որը Իսրայելի մի մեծ թագավոր շինել և ամբողջացրել էր։ 12Բայց որովհետև մեր հայրերը բարկացրին երկնքի Աստծուն, նա նրանց Բաբելոնի քաղդեացի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը մատնեց, և նա քանդեց այս տունը, իսկ ժողովրդին գերի տարավ Բաբելոն։ 13Բայց Բաբելոնի Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց կառուցել Աստծու այս տունը։ 14Նաև Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից և դրանք տարել Բաբելոնի տաճարը, որոնք Կյուրոս թագավորը հանեց Բաբելոնի տաճարից և տվեց Սասբասար անունով մարդուն, որին նախարար նշանակեց։ 15Եվ նրան ասաց. "Վերցրո՛ւ այս անոթները և գնա՛, տա՛ր դրանք Երուսաղեմի տաճարը, և թող Աստծու տունը շինվի իր տեղում"։ 16Այդ ժամանակ այս Սասբասարը եկավ և Երուսաղեմում եղող Աստծու տան հիմքը գցեց, և այդ ժամանակից մինչև հիմա կառուցվում է և չի ավարտվել”։ 17Եվ արդ, եթե թագավորին հաճելի է, թող որոնեն այդտեղ՝ Բաբելոնի թագավորական գանձարանում, թե արդյոք Կյուրոս թագավորի կողմից հրամա՞ն է տրվել, որ Երուսաղեմում կառուցվի Աստծու այս տունը, և այս մասին թագավորի կամքը թող ուղարկեն մեզ»։

Currently Selected:

ԵԶՐԱՍ 5: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in