ԵԶԵԿԻԵԼ 18
18
Անհատական պատասխանատվություն
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Ի՞նչ նշանակություն ունի այն առածը, որ դուք ասում եք Իսրայելի երկրի վերաբերյալ. “Հայրերն ազոխ կերան, բայց որդիների ատամներն առան”»։ 3«Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այս առածն այլևս չպիտի ասեք Իսրայելում։ 4Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպես հոր հոգին, նույնպես և որդու հոգին իմն է. մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի։ 5Եթե մի մարդ արդար է և իրավունք ու արդարություն գործի, 6սարերի վրա չուտի, աչքերը դեպի Իսրայելի տան կուռքերը չբարձրացնի, իր ընկերոջ կնոջը չպղծի, իր դաշտանի մեջ եղող կնոջ չմոտենա 7և մարդու չկեղեքի, պարտքի գրավը վերադարձնի, չհափշտակի, իր հացը սովածին տա, մերկին շոր հագցնի, 8վաշխով փող չտա և տոկոս չառնի, իր ձեռքն անիրավությունից հետ պահի, ճշմարիտ դատաստան անի մարդու և մարդու միջև, 9իմ կանոններով ընթանա և իմ պատվիրանները պահի, որ ճշմարտությամբ վարվի, նա արդար է, նա անպատճառ պիտի ապրի»,- ասում է Տեր Աստված։
10 «Եթե նա մի որդի ծնի, որ ավազակ ու արյունահեղ է, կամ նման արարքներ գործի, 11և նա այս ամենը չանի, բայց սարերի վրա ուտի և իր ընկերոջ կնոջը պղծի, 12աղքատին և չքավորին կեղեքի, կողոպտի, գրավը չվերադարձնի և իր աչքերը դեպի կուռքերը բարձրացնի, պիղծ բաներ գործի, 13վաշխով փող տա և տոկոս առնի, մի՞թե նա կապրի. նա չի ապրի։ Ով անում է այս բոլոր պիղծ բաները, նա անշուշտ պետք է մեռնի. նրա արյունն իր վրա է լինելու։
14Եվ ահա նա մի որդի ծնի, որը տեսնի իր հոր արած բոլոր մեղքերը, ուշադրություն դարձնի, նույնպես չանի. 15սարերի վրա չուտի և իր աչքերը վեր չբարձրացնի դեպի Իսրայելի տան կուռքերը, իր ընկերոջ կնոջը չպղծի, 16մարդու չկեղեքի, գրավ չառնի և ոչինչ չհափշտակի, իր հացը սովածին տա և մերկին շոր հագցնի, 17աղքատից իր ձեռքը հետ պահի, վաշխ ու տոկոս չառնի, իմ պատվիրանները գործադրի, իմ կանոններով ընթանա, նա իր հոր անօրենության համար չի մեռնի, նա անշուշտ պիտի ապրի։ 18Իսկ նրա հայրը, քանի որ մեծապես հարստահարեց և իր եղբորից բռնությամբ բան հափշտակեց և իր ժողովրդի մեջ արեց այն, ինչ որ լավ չէր, ահա նա պիտի մեռնի իր անօրենության համար։
19Բայց դուք ասում եք. “Որդին ինչո՞ւ չկրի հոր անօրենությունը”։ Քանի որ որդին իրավունք և արդարություն գործեց, իմ բոլոր կանոնները պահեց և դրանք կատարեց, նա անշուշտ պիտի ապրի։ 20Հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի, որդին հոր անօրենությունը չպիտի կրի, և հայրը չպիտի կրի որդու անօրենությունը. արդարի արդարությունն իր վրա պիտի լինի, ամբարիշտի ամբարշտությունն էլ իր վրա պիտի լինի։ 21Բայց ամբարիշտը, երբ դարձի գա իր բոլոր մեղքերից, որ գործել էր, պահի իմ բոլոր կանոնները, իրավունք և արդարություն գործի, անշուշտ պիտի ապրի, նա չպիտի մեռնի։ 22Նրա արած բոլոր հանցանքները նրա դեմ չպիտի հիշվեն, նա պիտի ապրի իր գործած արդարությամբ։ 23Մի՞թե ինձ հաճելի է ամբարիշտի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- այլ իր ճանապարհից նրա դարձի գալն ու ապրելը։ 24Բայց եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի և ամբարիշտի արած բոլոր պիղծ բաները գործի, նա մի՞թե կապրի. նրա արած բոլոր արդար գործերը չպիտի հիշվեն. նա դրանց համար՝ իր կատարած անհավատարմության և իր գործած մեղքի համար, պիտի մեռնի։
25Դուք ասում եք. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. արդ լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն. մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ 26Ձեր ճանապարհն ուղիղ չէ։ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի, դրա համար պիտի մեռնի. նա իր արած անիրավության համար պիտի մեռնի։ 27Իսկ երբ ամբարիշտը հետ դառնա իր արած ամբարշտությունից և իրավունք ու արդարություն անի, նա իր անձը պիտի ապրեցնի. 28որովհետև նա տեսավ, դարձի եկավ իր արած բոլոր հանցանքներից. նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։
29Բայց Իսրայելի տունն ասում է. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. մի՞թե իմ ճանապարհներն ուղիղ չեն, ո՛վ Իսրայելի տուն. չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։ 30Ուստի ես ձեզնից յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տեր Աստված,- դարձի՛ եկեք, հե՛տ դարձեք ձեր բոլոր հանցանքներից. թող այն ձեզ համար անօրենության գայթակղություն չդառնա։ 31Ձեր վրայից մի կո՛ղմ գցեք ձեր բոլոր հանցանքները, որոնք կատարեցիք, և ձեզ համար նոր սիրտ և նոր հոգի՛ ստացեք. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն։ 32Որովհետև ինձ հաճելի չէ մեռնողի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- ուրեմն հե՛տ դարձեք ու ապրե՛ք»։
Currently Selected:
ԵԶԵԿԻԵԼ 18: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018