ԵԼՔ 40
40
Ժողովի վրանի կանգնեցումն ու օծումը
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես խորանը, այսինքն՝ ժողովի վրանը։ 3Նրա մեջ կդնես վկայության տապանակը և տապանակը կծածկես վարագույրով։ 4Սեղանը ներս կբերես և դրա վրա կշարես հացերը։ Ներս կբերես աշտանակը և կվառես դրա ճրագները։ 5Վկայության տապանակի առաջ կտեղավորես խնկարկության ոսկե սեղանը և խորանի մուտքին կկախես վարագույրը։ 6Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի առաջ կդնես ողջակեզների սեղանը։ 7Ավազանը կդնես ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։ 8Գավիթը կկանգնեցնես շուրջանակի և գավթի մուտքին կկախես վարագույրը։ 9Կառնես օծության յուղը և կօծես վրանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է։ Կսրբագործես այն և նրա բոլոր անոթները, որպեսզի դրանք սուրբ լինեն։ 10Կօծես ողջակեզների սեղանն ու դրա բոլոր գործիքները և կսրբագործես զոհասեղանը, և զոհասեղանը ամենասուրբը կլինի։ 11Կօծես ավազանն ու դրա պատվանդանը և կսրբագործես այն։ 12Ահարոնին ու նրա որդիներին կմոտեցնես ժողովի վրանի մուտքին և նրանց կլվանաս ջրով։ 13Ահարոնին կհագցնես սուրբ զգեստները, կօծես և կսրբագործես նրան, որպեսզի ինձ համար քահանայություն անի։ 14Կմոտեցնես նաև նրա որդիներին, շապիկներ կհագցնես նրանց 15և նրանց էլ կօծես, ինչպես օծեցիր նրանց հորը, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Նրանց օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական քահանայության համար կլինի»։
16Մովսեսն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն. այդպես էլ արեց։ 17Երկրորդ տարվա առաջին ամսի առաջին օրը կանգնեցվեց վրանը։ 18Մովսեսը կանգնեցրեց վրանը, դրեց դրա խարիսխները, կանգնեցրեց դրա շրջանակները, անցկացրեց նիգերը և կանգնեցրեց սյուները։ 19Տաղավարի վրա տարածեց վրանը և վրանի ծածկոցը դրեց դրա վրա վերևից, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ 20Առավ վկայությունն ու դրեց տապանակի մեջ. ձողերն անցկացրեց տապանակին և քավությունը դրեց տապանակի վրա վերևից։ 21Տապանակը բերեց վրանի ներսը, ծածկող վարագույրը վրան քաշեց և ծածկեց վկայության տապանակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 22Սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, վարագույրից դուրս։ 23Դրա վրա շարեց հացերը Տիրոջ առաջ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 24Աշտանակը դրեց ժողովի վրանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմից, 25և ճրագները վառեց Տիրոջ առաջ, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ 26Ոսկե սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ վարագույրի դիմաց, 27և դրա վրա խնկարկեց անուշահոտ խունկը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 28Վարագույրը կախեց խորանի մուտքին։ 29Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի մուտքի մոտ դրեց ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 30Ավազանը դրեց ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր լցրեց լվացվելու համար։ 31Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը։
Ամպը՝ ժողովի վրանի վրա
32Երբ նրանք մտնում էին ժողովի վրանը և մոտենում զոհասեղանին, լվացվում էին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 33Գավիթը կանգնեցրեց վրանի ու զոհասեղանի շուրջը և վարագույրը կախեց գավթի մուտքին։ Այսպիսով Մովսեսն ավարտեց ամբողջ գործը։
34Եվ մի ամպ ծածկեց ժողովի վրանը, և վրանը լցվեց Տիրոջ փառքով։ 35Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովի վրանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և Տիրոջ փառքը լցրել էր խորանը։ 36Երբ ամպը վերանում էր վրանի վրայից, Իսրայելի որդիները չվում էին իրենց բոլոր ճամփորդությունների ընթացքում։ 37Իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չվում մինչև նրա վերանալու օրը։ 38Որովհետև Տիրոջ ամպը ցերեկը վրանի վրա էր լինում, իսկ գիշերը դրա վրա կրակ էր լինում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջ՝ նրանց բոլոր ճամփորդությունների ընթացքում։
Currently Selected:
ԵԼՔ 40: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018