ՂԵՎՏԱԿԱՆ 1
1
Ողջակեզ զոհ
1Տերը կանչեց Մովսեսին և խոսեց նրա հետ ժողովի վրանից՝ ասելով. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզնից մեկը զոհ մատուցի Տիրոջը, ապա ձեր զոհը թող արջառներից կամ հոտերից մատուցի#1.2 Կամ խոշոր կամ եղջերավոր անասուն մատուցի։։
3Եթե նա արջառներից է զոհ մատուցելու որպես ողջակեզ, անարատ արու թող մատուցի։ Ժողովի վրանի մուտքի մոտ թող մատուցի այն՝ Տիրոջ առաջ ընդունելի լինելու համար։ 4Եվ իր ձեռքը դնի ողջակեզի գլխին, որպեսզի ընդունելի լինի՝ իրեն քավություն լինելու համար։ 5Զվարակը մորթի Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, բերեն արյունը և այն շաղ տան ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։ 6Ողջակեզը մաշկի և այն բաժանի մասերի։ 7Ահարոն քահանայի որդիները կրակ դնեն զոհասեղանի վրա և փայտեր շարեն կրակի վրա։ 8Ահարոնի որդիները՝ քահանաները, կտրտված մասերը, գլուխը և ճարպը շարեն զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։ 9Իսկ փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ բոլորն այրի զոհասեղանի վրա իբրև ողջակեզ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։
10Եթե նրա զոհը հոտերից, այսինքն՝ ոչխարներից կամ այծերից է մի ողջակեզի համար, ապա արու և անարատ մատուցի այն։ 11Այն մորթի զոհասեղանի մոտ՝ հյուսիսային կողմում, Տիրոջ առաջ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը թող շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։ 12Այն բաժանեն մասերի, գլուխն ու ճարպը նույնպես, և քահանան դրանք շարի զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։ 13Փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ ամենը բերի և այրի զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհ Տիրոջ համար։
14Եթե Տիրոջ համար ողջակեզը թռչուններից է, ապա նա իր զոհը թող մատուցի տատրակներից կամ աղավնու ձագերից։ 15Քահանան այն բերի զոհասեղանի մոտ, ոլորի նրա գլուխը, այրի զոհասեղանի վրա, և զոհի արյունը քամվի զոհասեղանի մի կողմում։ 16Հանի քարճիկն իր աղբով միասին և այն դեն գցի զոհասեղանի արևելյան կողմում գտնվող մոխրանոցի մեջ։ 17Ապա թևերից պատռի նրան՝ առանց դրանք բաժանելու, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ կրակին դրված փայտերի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհաբերություն Տիրոջ համար”»։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 1: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018