ԵԼՔ 22
22
Հատուցման օրենքներ
1«Եթե մեկը արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն, նա մեկ արջառի փոխարեն հինգ արջառ և մեկ ոչխարի փոխարեն չորս ոչխար պիտի հատուցի։ 2Եթե մեկը գողին բռնի տան պատը ծակելիս և զարկի այնպես, որ նա սպանվի, նրանից արյուն թող չպահանջվի։ 3Բայց եթե նրա վրա արևը ծագել է, գողի արյունը զարկողի վրա է. բոլորը պիտի հատուցի։ Եթե ոչինչ չունի, այն ժամանակ նա կվաճառվի գողացածի փոխարեն։ 4Եթե գողացածը ողջ գտնվի նրա ձեռքում, եզ լինի, թե էշ, թե ոչխար, կրկնապատիկը կհատուցի։
5Եթե մեկը արտում կամ այգում արածեցնի՝ թույլ տալով, որ իր անասունն ուրիշի արտում արածի, ապա իր արտի ամենալավից և իր այգու ամենալավից պիտի հատուցի։ 6Եթե կրակ առաջանա ու կպչի փշերին և դիզված որաները կամ չհնձված ցորենը կամ արտը այրի, ապա կրակ գցողն այրածը պիտի հատուցի։
7Եթե մեկն իր հարևանին պահ տա փող կամ կարասի, և այն գողացվի այդ մարդու տնից, եթե գողը գտնվի, նա կրկնապատիկը թող հատուցի։ 8Եթե գողը չգտնվի, տան տերը թող տարվի դատավորների մոտ՝ հայտարարելու, որ ինքը իր ձեռքը չի դիպցրել իր հարևանի ստացվածքին։ 9Ամեն տեսակ անիրավության համար՝ թե՛ եզան, թե՛ էշի, թե՛ ոչխարի և թե՛ հագուստի վերաբերյալ, կամ ամեն տեսակ կորած բանի համար եթե մեկն ասի, թե դա իրենն է, երկուսի դատը թող տարվի դատավորների առաջ, և դատավորները ում վրա որ վճիռ կայացնեն, թող նա կրկնապատիկը հատուցի իր հարևանին։
10Եթե մեկն իր հարևանին ի պահ տա էշ կամ եզ կամ ոչխար կամ որևէ այլ անասուն, և այդ անասունը սատկի կամ վնասվածք ստանա կամ հափշտակվի, և տեսնող չլինի, 11այն ժամանակ երկուսի միջև Տիրոջը տրված երդումը թող լինի որպես վկայություն իր հարևանի ստացվածքին ձեռք չդիպցնելու մասին, և անասունի տերը թող ընդունի այդ երդումը, և նա հատուցում չանի։ 12Բայց եթե իրոք իր մոտից է գողացվել, թող հատուցի նրա տիրոջը։ 13Եթե գազանից է հոշոտվել, թող վկայության համար հոշոտվածը բերի. հոշոտվածի համար չհատուցի։
14Եթե մեկն իր հարևանից անասուն փոխ առնի, և սա վնասվածք ստանա կամ սատկի, իսկ նրա տերը նրա մոտ չլինի, ապա նա անպատճառ պիտի հատուցի։ 15Բայց եթե նրա տերը հետը լինի, նա թող չհատուցի. եթե դա վարձով է առնված, վարձը որպես հատուցում հաշվվի։
Բարոյական և կրոնական օրենքենր
16Եթե մեկը խաբի չնշանված աղջկա և պառկի նրա հետ, անպատճառ նրա օժիտը պիտի տա և նրան կին առնի իր համար։ 17Եթե նրա հայրը բնավ չուզենա նրան տալ, խաբողը կույսերի օժիտի չափ փող պիտի վճարի։
18Չթողնես կախարդն ապրի։
19Ով որ հարաբերվի անասունի հետ, անպատճառ մահվան պիտի մատնվի։
20Բացի միայն Տիրոջից, ուրիշ աստվածների զոհ մատուցողը կորստյան պիտի մատնվի։
21Օտարականին մի՛ չարչարիր և մի՛ նեղիր նրան, որովհետև Եգիպտոսի երկրում դուք էլ էիք օտարական։ 22Ոչ մի որբևայրու կամ որբի բնավ մի՛ չարչարեք։ 23Եթե նրան չարչարես, և նա ինձ բողոքի, անպատճառ կլսեմ նրա աղաղակը. 24իմ բարկությունը կբորբոքվի, և ձեզ սրով կսպանեմ. ձեր կանայք որբևայրի, իսկ ձեր զավակները որբ կդառնան։
25Եթե իմ ժողովրդից քեզ մոտ եղած մի աղքատի փող փոխ տաս, վաշխառուի նման մի՛ եղիր նրա հանդեպ և վաշխ մի՛ դիր նրա վրա։ 26Եթե գրավ վերցնես քո հարևանի հագուստը, մինչև արևի մայր մտնելը այն վերադարձրո՛ւ նրան, 27որովհետև դա է նրա միակ ծածկոցը և իր մարմնի հանդերձն է դա. ինչո՞վ պիտի պառկի. եթե նա աղաղակի ինձ, կլսեմ, որովհետև ես ողորմած եմ։
28Դատավորներին#22.28 Կամ աստվածներին։ մի՛ հայհոյիր և քո ժողովրդի իշխանին մի՛ անիծիր։
29Քո արմտիքի և քո հնձանի երախայրիքը մի՛ ուշացրու։ Քո որդիներից անդրանիկներին ինձ պիտի տաս։ 30Քո եզան և քո ոչխարի հետ էլ նույնը պիտի անես։ Յոթ օր իրենց մոր հետ թող լինեն, իսկ ութերորդ օրը դրանք կտաս ինձ։
31Եվ դուք սուրբ մարդիկ կլինեք ինձ համար։ Դաշտում հոշոտված կենդանու միս չպիտի ուտեք. շներին պիտի գցեք այն»։
Currently Selected:
ԵԼՔ 22: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018