YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 21

21
Գերիների հետ վարվելը
(Բ Օր. 15.12-18)
1«Սրանք են այն օրենքները, որ պիտի դնես նրանց առաջ։ 2Եթե գնես եբրայեցի մի ծառա, նա վեց տարի պիտի ծառայի քեզ և յոթերորդ տարում ձրի ազատ պիտի արձակվի՝ առանց ոչինչ վճարելու։ 3Եթե նա մենակ է տունդ մտել, մենակ էլ դուրս պիտի գա. եթե նա կին ունեցող մարդ էր, կինն էլ դուրս պիտի գա իր հետ։ 4Եթե նրա տերն է կին տվել նրան, և կինը որդիներ կամ աղջիկներ է ծնել նրա համար, կինն ու զավակները տիրոջը պիտի լինեն, իսկ ինքը մենակ դուրս պիտի գա։ 5Բայց եթե ծառան բացահայտ ասի, թե՝ “Ես սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զավակներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ”, 6այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, նրան մոտեցնի դռանը կամ դրանդիքին, հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան ծառա լինի նրան։
7Եթե մի մարդ վաճառի իր աղջկան աղախնության, նա դուրս չի գա, ինչպես ծառաներն են դուրս գալիս։ 8Եթե նա հաճելի չէ իր տիրոջ աչքին, և նա չի նշանում նրան, թող փրկագնով վաճառի նրան, բայց օտար ազգի վաճառելու իշխանություն չունի, որովհետև խաբեություն է արել նրան։ 9Եթե իր որդու համար նշանի նրան, ապա նրա հետ թող վարվի աղջիկների օրենքի համաձայն։ 10Եթե իր համար ուրիշ կին առնի, թող չզեղչի նախկին կնոջ ուտելիքը, հագուստը և ամուսնական մերձավորությունը։ 11Եթե այս երեք բաները չանի նրա համար, ապա կինը կարող է առանց փրկագնի, ձրի դուրս գալ։
Օրենքներ վայրենի գործերի մասին
12Մարդու հարվածելով սպանողը անպատճառ մահվան պիտի մատնվի։ 13Իսկ եթե դիտմամբ չի արել, այլ Աստված գցեց նրա ձեռքը, ապա ես քեզ համար պիտի սահմանեմ մի տեղ, որպեսզի նա այնտեղ փախչի։ 14Բայց եթե մեկն իր հարևանի դեմ ոխ ունենա և նենգությամբ սպանի նրան, դու նույնիսկ իմ զոհասեղանից վերցրո՛ւ նրան, որ մեռնի։ 15Ով որ հարվածի իր հորը կամ մորը, անպատճառ պիտի սպանվի։
16Ով որ մարդ գողանա ու վաճառի նրան կամ նրան պահի իր ձեռքի տակ, նա անպատճառ պիտի սպանվի։
17Ով որ իր հորը կամ մորն անիծի, նա անպատճառ պիտի սպանվի։
18Եթե մարդիկ վիճեն միմյանց հետ, և նրանցից մեկը քարով կամ բռունցքով հարվածի մյուսին, և նա չմահանա, այլ անկողին ընկնի, 19և եթե ոտքի կանգնի ու ցուպով ման գա, հարվածողը թող չպատժվի, միայն թե պետք է հատուցում անի աշխատանքից կտրվելու արժեքը և առողջացնի։
20Եթե մեկը գավազանով հարվածի իր ծառային կամ իր աղախնին, և սա մեռնի նրա ձեռքի տակ, անպատճառ վրեժ պիտի առնվի նրանից։ 21Բայց եթե մեկ կամ երկու օր ապրի, վրեժ չպիտի առնվի նրանից, որովհետև դա իր փողն է։
22Եթե մարդիկ կռվելիս լինեն և մի հղի կնոջ զարնվելով՝ վիժել տան նրա պտուղը, և ուրիշ վնասվածք չլինի, նա անպատճառ պետք է հատուցի այդ կնոջ ամուսնու կողմից պահանջված տույժը և վճարի դատավորների մոտ։ 23Բայց եթե մի վնասվածք լինի, պիտի հատուցես հոգու դիմաց՝ հոգի, 24աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, 25խարանի դիմաց՝ խարան, վերքի դիմաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված։
26Եթե մեկը հարվածի իր ծառայի աչքին կամ աղախնի աչքին և կուրացնի, ապա աչքի փոխարեն ազատ թող արձակի նրան։ 27Եթե վայր գցի իր ծառայի ատամը կամ աղախնի ատամը, ապա նրա ատամի փոխարեն ազատ թող արձակի նրան։
Սեփականատիրոջ պատասխանատվությունը
28Եթե մի եզ հարվածի տղամարդու կամ կնոջ, և նա մեռնի, եզը անպատճառ պիտի քարկոծվի, և դրա միսը չպիտի ուտվի. բայց եզան տերը անպատիժ պիտի մնա։ 29Բայց եթե եզը երեկվանից և անցյալ օրվանից հարվածող է եղել, և դրա տիրոջն էլ բողոքել են, իսկ տերը չի հսկել դրան, և եթե տղամարդ կամ կին սպանի, ապա եզը պիտի քարկոծվի, և դրա տերն էլ պիտի մահվան մատնվի։ 30Եթե փրկագին նշանակվի տիրոջ վրա, նա իր անձի ազատության համար պիտի վճարի, ինչ էլ որ նշանակված լինի իր վրա։ 31Եթե եզը հարվածի տղայի կամ աղջկա, այս դատաստանի պես պիտի լինի նրան։ 32Եթե եզը հարվածի ծառայի կամ աղախնի, երեսուն սիկղ արծաթ պիտի տա նրանց տիրոջը, և եզը պիտի քարկոծվի։
33Եթե մեկը հոր բաց անի, կամ մեկը փոս փորի ու չծածկի, և դրանց մեջ եզ կամ էշ ընկնի, 34փոսի տերը պիտի տուժի. նա փող պիտի վճարի նրանց տիրոջը, և սատկած կենդանին իրենը պիտի լինի։
35Եթե մեկի եզը հարվածի իր հարևանի եզանը, և սա սատկի, ողջ մնացած եզը թող վաճառեն ու դրա արժեքը բաժանեն և սատկածն էլ բաժանեն։ 36Բայց եթե հայտնի էր, որ եզը ի սկզբանե հարվածող է եղել, և դրա տերը չի հսկել դրան, եզան տեղ անպատճառ եզ պիտի հատուցի, և սպանված եզը իրենը պիտի լինի»։

Currently Selected:

ԵԼՔ 21: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in