YouVersion Logo
Search Icon

ԴԱՆԻԵԼ 2

2
Նաբուգոդոնոսորի երազը
1Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ. խռովվեց նրա հոգին, և չէր կարող քնել։ 2Թագավորը հրամայեց, որ կանչեն մոգերին, հմայողներին, կախարդներին ու քաղդեաներին#2.2 Այսինքն՝ աստղագուշակ։, որ թագավորին ասեն նրա երազները։ Նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ։
3Եվ թագավորն ասաց նրանց. «Ես մի երազ տեսա, և իմ հոգին խռովվեց, որպեսզի իմանամ այդ երազը»։ 4Եվ քաղդեաները արամեերենով#2.4 Այստեղից սկսած մինչև յոթերորդ գլխի վերջը արամեերենով է գրված Դանիելի գիրքը։ ասացին թագավորին. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, քո ծառաներին պատմի՛ր երազը, և մենք կասենք մեկնությունը»։ 5Թագավորը պատասխանեց և ասաց քաղդեաներին. «Վստահաբար եմ ասում#2.5 Բռց. Վստահ խոսքը ինձնից է։, եթե ինձ չիմացնեք երազը և նրա մեկնությունը, ձեր մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և ձեր տներն աղբակույտ պիտի դառնան։ 6Իսկ եթե ասեք երազն ու նրա մեկնությունը, ինձնից պարգևներ, վարձատրություններ և մեծ պատիվ կստանաք։ Ուրեմն ասացե՛ք ինձ երազն ու նրա մեկնությունը»։ 7Նրանք կրկին պատասխանեցին և ասացին. «Թագավորը երազը թող ասի իր ծառաներին, և մենք կիմացնենք նրա մեկնությունը»։ 8Թագավորը պատասխանեց և ասաց. «Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ուզում եք ժամանակ շահել, որովհետև ինձնից#2.8 Կամ բանը և կամ հրամանը։ դուրս եկած խոսքը հաստատ է, 9որ եթե ինձ չիմացնեք երազը, ձեզ համար մեկ դատավճիռ կա. դուք որոշել եք սուտ և զեղծ բան խոսել իմ առաջ, մինչև որ ժամանակը փոխվի. ուրեմն ասացե՛ք ինձ երազը, և կիմանամ, որ դուք ինձ նրա մեկնությունը ևս կասեք»։ 10Քաղդեաները պատասխանեցին թագավորին և ասացին. «Երկրի վրա մարդ չկա, որ կարողանա թագավորի պահանջած բանն անել, և դրա համար էլ ոչ մի թագավոր՝ մեծամեծ ու տիրակալ, սրա նման մի բան չի պահանջել ոչ մի մոգից, հմայողից և քաղդեայից։ 11Ինչ որ պահանջում է թագավորը, դժվար է, և չկա մեկ ուրիշը, որ թագավորին ասի այն, բացի աստվածներից, որոնք մարմնի մեջ չեն բնակվում»։
Աստված Դանիելին հայտնում է երազի նշանակությունը
12Այս պատճառով թագավորը բարկացավ ու սրդողեց և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին։ 13Իմաստուններին սպանելու հրամանն արձակվեց։ Որոնեցին նաև Դանիելին ու նրա ընկերներին, որպեսզի սպանեն նրանց։ 14Այդ ժամանակ Դանիելը խոհեմությամբ ու դատողությամբ խոսեց թագավորի դահճապետ Արիովքի հետ, որը դուրս էր եկել Բաբելոնի իմաստուններին սպանելու։ 15Թագավորի պաշտոնյա Արիովքին ասաց. «Թագավորի այս խիստ հրամանն ինչի՞ համար է»։ Այդ ժամանակ Արիովքը Դանիելին իմացրեց եղելությունը։ 16Դանիելը մտավ և խնդրեց թագավորին, որ իրեն ժամանակ տրվի, որ նա մեկնությունն ասի թագավորին։ 17Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և եղելությունն իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայելին և Ազարիային, 18որպեսզի գթություն խնդրեն երկնքի Աստծուց այս գաղտնիքի մասին, որ Դանիելն ու նրա ընկերները չոչնչացվեն Բաբելոնի մնացած իմաստունների հետ։
19Այն ժամանակ գիշերվա տեսիլքի մեջ Դանիելին հայտնվեց այն գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնքի Աստծուն։ 20Դանիելը խոսեց և ասաց. «Օրհնյալ լինի Աստծու անունը հավիտյանս հավիտենից, որովհետև նրանն են իմաստությունն ու զորությունը։ 21Նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ կարգողը, նա է իմաստություն տալիս իմաստուններին և գիտություն՝ հանճարեղներին։ 22Նա է խոր և ծածուկ բաներ հայտնողը, գիտի մթի մեջ եղածը, և լույսը նրա մոտ է բնակվում։ 23Քեզ, ո՛վ իմ հայրերի Աստված, օրհնաբանում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հիմա ինձ իմացրիր, ինչ որ մենք խնդրել էինք քեզնից, որ թագավորի պահանջածը մեզ իմացրիր»։
Դանիելը թագավորին պատմում է երազը և մեկնաբանում է
24Սրանից հետո Դանիելը մտավ Արիովքի մոտ, որին թագավորը նշանակել էր Բաբելոնի իմաստուններին ոչնչացնելու համար։ Գնաց և այսպես ասաց նրան. «Մի՛ ոչնչացրու Բաբելոնի իմաստուններին. ինձ թագավորի մո՛տ տար, և ես թագավորին կասեմ մեկնությունը»։ 25Այդ ժամանակ Արիովքը Դանիելին շտապ թագավորի մոտ տարավ և նրան այսպես ասաց. «Մի մարդ եմ գտել Հուդայի գերիներից, որը թագավորին կիմացնի մեկնությունը»։ 26Թագավորը պատասխանեց և ասաց Դանիելին, որ Բաղդասասար էր կոչվել. «Կարո՞ղ ես արդյոք ինձ իմացնել իմ տեսած երազը և նրա մեկնությունը»։
27Դանիելը պատասխանեց թագավորին և ասաց. «Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, իմաստունները, հմայողները, մոգերը և գուշակները չեն կարող ասել թագավորին։ 28Բայց գաղտնիքներ հայտնող մի Աստված կա երկնքում, և նա Նաբուգոդոնոսոր թագավորին իմացրել է, ինչ որ պիտի լինի հետագա օրերում։ Սա է քո երազը և գլխիդ տեսիլքը՝ անկողնուդ մեջ. 29դու, ո՛վ թագավոր, քո անկողնու մեջ մտածում էիր այն մասին, թե այսուհետ ինչ պիտի լինի, և գաղտնիքներ հայտնողը քեզ իմացրեց։ 30Եվ ինձ հայտնեց այս գաղտնիքը ոչ թե բոլոր ապրողներից ավելի իմաստություն ունենալուս համար, այլ մեկնությունը թագավորին իմացնելու համար, և որ իմանաս քո մտքի խորհուրդները։
31Դու, ո՛վ թագավոր, տեսնում էիր ահա մի մեծ արձան։ Այդ արձանը հսկայական էր և իր գերազանց պայծառությամբ կանգնած քո առաջ։ Նրա տեսքն ահավոր էր։ 32Այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից, 33սրունքները՝ երկաթից, նրա ոտքերը՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից։ 34Մինչ նայում էիր, մի քար պոկվեց՝ առանց մարդկանց ձեռքի դիպչելու, և հարվածեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից էին, և փշրեց դրանք։ 35Այն ժամանակ միասին փշրվեցին երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին և ամառվա կալերի մղեղի պես եղան։ Եվ քամին քշեց դրանք, և դրանց հետքը բոլորովին չգտնվեց։ Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, մեծ սար դարձավ և լցրեց ամբողջ երկիրը։ 36Սա է երազը, և նրա մեկնությունն ասենք թագավորին։
37Ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել։ 38Եվ որի ձեռքն է հանձնել մարդկանց որդիներին, երկրի գազաններին ու երկնքի թռչուններին իրենց բնակության բոլոր վայրերում և քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա. դու ես այդ ոսկե գլուխը։ 39Եվ քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա՝ քեզնից ցածր, և մի երրորդ թագավորություն՝ պղնձից, որը կտիրի ամբողջ աշխարհին։ 40Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի. ինչպես որ երկաթը փշրում ու ջարդում է ամեն բան, սա ևս ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի ու կկոտրի։ 41Եվ ոտքերն ու մատները, որ տեսար, մի մասը՝ բրուտի կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից. մի բաժանված թագավորություն է լինելու, բայց երկաթի ամրության բաժին է ունենալու, որովհետև երկաթը տղմոտ կավի հետ խառնված տեսար։ 42Եվ ոտքերի մատները՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից. այդ թագավորությունը մասամբ է ամուր լինելու, իսկ մյուս մասը դյուրաբեկ է լինելու։ 43Եվ որ տեսար երկաթը՝ խառնված տղմոտ կավի հետ, այսինքն՝ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի կպչեն. ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ։
44Եվ այն թագավորների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու, և նրա տերությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան։ 45Ինչպես դու տեսար, որ սարից մի քար պոկվեց՝ առանց ձեռք դիպչելու, և փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը և ոսկին. մեծ Աստվածը թագավորին իմացրեց, թե այսուհետ ի՛նչ է լինելու. երազը հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ»։
Թագավորը մեծարում է Դանիելին
46Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ընկավ երեսի վրա և Դանիելին երկրպագություն արեց ու հրամայեց, որ ընծաներ ու անուշահոտ բաներ մատուցեն նրան։ 47Թագավորը պատասխանեց Դանիելին և ասաց. «Ճշմարտապես ձեր Աստվածն է աստվածների Աստվածը և թագավորների տերը և գաղտնիքներ հայտնողը, որովհետև դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»։ 48Այդ ժամանակ թագավորը մեծարեց Դանիելին և բազմաթիվ մեծ պարգևներ տվեց նրան և նրան կառավարիչ կարգեց Բաբելոնի ամբողջ գավառի վրա և գլխավոր՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա։ 49Բայց Դանիելը թագավորին խնդրեց, և Բաբելոնի գավառը կառավարելու համար նշանակեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, իսկ ինքը՝ Դանիելը, թագավորի դռանն էր լինում։

Currently Selected:

ԴԱՆԻԵԼ 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in