YouVersion Logo
Search Icon

ԴԱՆԻԵԼ 1

1
Դանիելի և նրա ընկերների պատմությունը
(1.1–6.28)
Երիտասարդները Նաբուգոդոնոսորի պալատում
1Հուդայի թագավոր Հովակիմի թագավորության երրորդ տարում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։ 2Տերը Հուդայի Հովակիմ թագավորին և նրա հետ Աստծու տան անոթների մի մասը նրա ձեռքը մատնեց։ Նա դրանք տարավ Սենաար երկիրը՝ իր աստծու մեհյանը, և այդ անոթները դրեց իր աստծու գանձարանում։
3Եվ թագավորն իր ներքինապետ Ասփանեզին ասաց, որ բերի Իսրայելի որդիներից, թագավորական սերնդից և իշխանազուններից 4ֆիզիկական արատ բնավ չունեցող և գեղեցկադեմ, ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ և հանճարեղ, թագավորական պալատի մեջ պաշտոնավարելու կարողություն ունեցող պատանիների#1.4 Բռց. զավակների։ և նրանց սովորեցնի քաղդեացիների գիրն ու լեզուն։ 5Եվ թագավորը նրանց համար արքայական կերակուրից և իր խմած գինուց օրական բաժին որոշեց, որպեսզի նրանց երեք տարի դաստիարակեն, որ հետո նրանք պաշտոնավարեն#1.5 Բռց. կանգնեն թագավորի առաջ։ թագավորի առջև։ 6Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։ 7Եվ ներքինապետը նրանց անուններ դրեց. Դանիելին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով։
8Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով, և ներքինապետին խնդրեց, որ թույլ տա՝ դրանցով իրեն չպղծի։ 9Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց։ 10Եվ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը. ինչո՞ւ նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաների դեմքերից, և թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք»։ 11Եվ Դանիելն ասաց վերահսկիչին,#1.11 Սեղանապետին։ որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի վրա. 12«Աղաչում եմ, մի տասը օր փորձի՛ր ծառաներիդ, և թող մեզ ուտելու համար բանջարեղեն և խմելու համար ջուր տան։ 13Եվ թող քո առաջ երևան մեր դեմքերը և դեմքերն այն տղաների, որոնք ուտում են թագավորի կերակուրից, և ըստ քո տեսածի՛ վարվիր ծառաներիդ հետ»։ 14Նա համաձայնվեց նրանց հետ և նրանց տասը օր փորձեց։ 15Եվ տասն օր հետո նրանց դեմքերն ավելի վայելուչ էին, մարմնով գեր էին, քան թե այն բոլոր տղաները, որոնք ուտում էին թագավորի կերակուրից։ 16Եվ վերահսկիչը վերցնում էր նրանց թագավորական կերակուրն ու նրանց խմելու գինին և նրանց բանջարեղեն էր տալիս։
17Եվ Աստված այս չորս տղաներին գիտություն և հանճար տվեց ամեն դպրության և իմաստության մեջ, և Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք ու երազ։ 18Երբ լրացան այն օրերը, որոնցից հետո թագավորը հրամայել էր նրանց բերել, ներքինապետը նրանց Նաբուգոդոնոսորի առաջ տարավ։ 19Եվ թագավորը խոսեց նրանց հետ, և նրանց մեջ չգտնվեց Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նման մեկը, ուստի նրանք թագավորի պաշտոնյաներ դարձան։#1.19 Բռց. կանգնեցին թագավորի առաջ։ 20Իմաստության և իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը հարցնում էր նրանց, թագավորը նրանց իր ամբողջ թագավորության մեջ եղող մոգերից ու հմայողներից տասնապատիկ գերազանց տեսավ։ 21Եվ Դանիելը մնաց այնտեղ մինչև Կյուրոս թագավորի առաջին տարին։

Currently Selected:

ԴԱՆԻԵԼ 1: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in