YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 48

48
Երկրի բաժանումը ցեղերի միջև
1«Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսի ծայրից Եթլոնի ճանապարհի մոտով Լեբո-Եմաթ և Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը մինչև Եմաթ, դեպի հյուսիս. արևելյան սահմանից մինչև ծովը. Դանը՝ մեկ բաժին։ 2Դանի սահմանի կողքին արևելյան կողմից դեպի արևմտյան կողմը. Ասերը՝ մեկ բաժին։ 3Ասերի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Նեփթաղիմը՝ մեկ բաժին։ 4Նեփթաղիմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Մանասեն՝ մեկ բաժին։ 5Մանասեի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Եփրեմը՝ մեկ բաժին։ 6Եփրեմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Ռուբենը՝ մեկ բաժին։ 7Ռուբենի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Հուդան՝ մեկ բաժին։
8Հուդայի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմն այն բաժինը պիտի լինի, որ պիտի նվիրեք. քսանհինգ հազար կանգուն լայն, իսկ երկարությունը՝ արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը՝ ցեղերի բաժիններից մեկի չափ, և սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։ 9Այն բաժինը, որ պիտի նվիրեք Տիրոջը, երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, և լայնությունը տասը հազար պիտի լինի։ 10Եվ սրանցը պիտի լինի նվիրված սուրբ բաժինը՝ քահանաներինը. դեպի հյուսիս՝ քսանհինգ հազար կանգուն, դեպի արևմուտք՝ տասը հազար, դեպի արևելք՝ տասը հազար և դեպի հարավ՝ քսանհինգ հազար, և Տիրոջ սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։ 11Այս նվիրված բաժինը քահանաներինը՝ Սադովկի որդիներինը պիտի լինի, որոնք ծառայեցին ինձ և չմոլորվեցին, ինչպես որ ղևտացիները մոլորվեցին, երբ որ մոլորվեցին Իսրայելի որդիները։ 12Այն մեկ նվիրված բաժին պիտի լինի նրանց համար՝ երկրի բաժիններից. հույժ սուրբ, ղևտացիների տարածքի կողքին։
13Քահանաների տարածքի կողքին ղևտացիներինը պիտի լինի քսանհինգ հազար երկարությամբ և տասը հազար լայնությամբ. ամբողջ երկարությունը՝ քսանհինգ հազար, լայնությունը՝ տասը հազար։ 14Եվ նրանից չպիտի վաճառեն ու չպիտի փոխանակեն. հողի ընտիր բաժինը ուրիշին չպիտի փոխանցեն, որովհետև այն սուրբ է Տիրոջ համար։
15Եվ այն քսանհինգ հազարի կողքին լայնությամբ մնացած հինգ հազարը ոչ սուրբ պիտի լինի քաղաքի համար, բնակության համար և ազատ տարածքի համար, և քաղաքը նրա մեջ պիտի լինի։ 16Սրանք են նրա չափերը՝ հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, հարավային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևելյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևմտյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր։ 17Քաղաքն ազատ տարածք պիտի ունենա. դեպի հյուսիս՝ երկու հարյուր հիսուն կանգուն, դեպի հարավ՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևելք՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևմուտք՝ երկու հարյուր հիսուն։ 18Երկարության մնացածը նվիրված բաժնի կողքին՝ տասը հազար կանգուն դեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք (որ սուրբ բաժնի կողքին կլինի), և նրա բերքը կերակուր պիտի լինի քաղաքի աշխատողներին։ 19Իսկ քաղաքի աշխատողները Իսրայելի բոլոր ցեղերից պիտի լինեն, պիտի մշակեն այն։
20Ամբողջ բաժինը, որ պիտի առանձնացնեք, քսանհինգ հազար քառակուսի կանգուն պիտի լինի. առանձնացված բաժինը և քաղաքի սեփականությունը։
21Մնացածը իշխանինը պիտի լինի նվիրված բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից. բաժնի՝ քսանհինգ հազարի դիմացից դեպի արևելյան սահմանը, դեպի արևմուտք քսանհինգ հազարի դիմացից դեպի արևմտյան սահմանը ցեղերի բաժիններին համապատասխան՝ իշխանինը պիտի լինի, և նվիրված բաժինը և տաճարի սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։ 22Եվ ղևտացիների սեփականությունն ու քաղաքի սեփականությունը իշխանի բաժնի մեջ պիտի լինեն. Հուդայի սահմանի և Բենիամինի սահմանի միջև իշխանինը պիտի լինի։
Այլ ցեղերի բաժինները
23Եվ մնացած ցեղերը. արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Բենիամինը՝ մեկ բաժին։ 24Բենիամինի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Շմավոնը՝ մեկ բաժին։ 25Շմավոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Իսաքարը՝ մեկ բաժին։ 26Իսաքարի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Զաբուղոնը՝ մեկ բաժին։ 27Զաբուղոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Գադը՝ մեկ բաժին։ 28Գադի սահմանի կողքին հարավային կողմից մինչև հարավ սահմանը Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը, դեպի հեղեղատը, մինչև Մեծ ծովը։ 29Սա է այն երկիրը, որ վիճակով պիտի բաժանեք Իսրայելի ցեղերին, և սրանք են նրանց բաժինները»,- ասում է Տեր Աստված։
Երուսաղեմի դարպասները
30«Եվ սրանք են քաղաքի ելքերը, որոնց չափերն են. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն։ 31Քաղաքի դարպասներն ըստ Իսրայելի ցեղերի անունների պիտի լինեն. երեք դարպաս դեպի հյուսիս. Ռուբենի դարպասը՝ մեկ, Հուդայի դարպասը՝ մեկ, Ղևիի դարպասը՝ մեկ։ 32Արևելյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, և երեք դարպաս, այսինքն՝ Հովսեփի դարպասը՝ մեկ, Բենիամինի դարպասը՝ մեկ, Դանի դարպասը՝ մեկ։ 33Հարավային կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, և երեք դարպաս. Շմավոնի դարպասը՝ մեկ, Իսաքարի դարպասը՝ մեկ, Զաբուղոնի դարպասը՝ մեկ։ 34Արևմտյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, նրա երեք դարպասները. Գադի դարպասը՝ մեկ, Ասերի դարպասը՝ մեկ, Նեփթաղիմի դարպասը՝ մեկ։ 35Շրջագիծը՝ տասնութ հազար կանգուն. և քաղաքի անունն այն օրից կլինի “Տերն այնտեղ է”»։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 48: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in