ԴԱՆԻԵԼ 3
3
Նաբուգոդոնոսորը հրամայում է երկրպագել ոսկե արձանին
1Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե մի արձան շինեց, բարձրությունը՝ վաթսուն կանգուն, լայնությունը՝ վեց կանգուն։ Այն կանգնեցրեց Դուրայի դաշտում՝ Բաբելոնի գավառում։ 2Նաբուգոդոնոսոր թագավորը հրաման ուղարկեց, որ հավաքեն սատրապներին, կուսակալներին, կառավարիչներին, խորհրդականներին, գանձապետներին, դատավորներին, օրենսգետներին և գավառների բոլոր իշխանավորներին, որպեսզի գան Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին։ 3Այդ ժամանակ սատրապները, կուսակալները և կառավարիչները, խորհրդատուները, գանձապետները, դատավորները, օրենսգետները և գավառների բոլոր իշխանները հավաքվեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին և կանգնեցին այն արձանի առջև, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։
4Եվ մունետիկը բարձրաձայն կանչում էր. «Ո՛վ ժողովուրդներ, ազգեր և լեզուներ, ձեզ է ասվում. 5երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագե՛ք այն արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագավորը։ 6Ով չընկնի և չերկրպագի, իսկույն կգցվի կրակով բորբոքված հնոցի մեջ»։ 7Ուստի երբ բոլոր ժողովուրդները լսեցին փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուներն ընկան և երկրպագեցին այն ոսկե արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագավորը։
Դանիելի երեք ընկերները մեղադրվում են անհնազանդության մեջ
8Այդ ժամանակ քաղդեացի մի քանի մարդ մոտեցան և չարախոսություն արեցին հրեաներից։
9Խոսեցին և ասացին Նաբուգոդոնոսոր թագավորին. 10«Հավիտյա՛ն ապրիր, թագավո՛ր։ Դու, ո՛վ թագավոր, հրամայեցիր, որ ամեն մարդ, երբ լսի փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, թող ընկնի և երկրպագի ոսկե արձանին։ 11Եվ ով չընկնի ու չերկրպագի, կգցվի կրակով բորբոքված հնոցի մեջ։ 12Մի քանի հրեաներ կան, որոնց դու նշանակել ես Բաբելոնի գավառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը. այս մարդիկ քո հրամանին ուշադրություն չեն դարձնում, ո՛վ թագավոր, քո աստվածներին չեն պաշտում և քո կանգնեցրած ոսկե արձանին երկրպագություն չեն անում»։
13Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը սրտմտությամբ և բարկությամբ հրամայեց, որ բերեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին. ուստի այդ մարդկանց թագավորի առաջ բերեցին։ 14Նաբուգոդոնոսորը նրանց հարցրեց և ասաց. «Միտումնավո՞ր է, ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, դուք ինչո՞ւ չեք պաշտում իմ աստվածներին և իմ կանգնեցրած արձանին երկրպագություն չեք անում։ 15Արդ եթե պատրաստ եք, ապա երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագությո՛ւն արեք իմ շինած արձանին. իսկ եթե երկրպագություն չանեք, իսկույն կգցվեք կրակով բորբոքված հնոցի մեջ, և ո՞ր աստվածն է, որ ձեզ պիտի ազատի իմ ձեռքից»։
16Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասացին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ո՛վ Նաբուգոդոնոսոր։ 17Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, նա կազատի մեզ։ 18Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու»։
Դանիելի երեք ընկերները դատապարտվում են մահվան
19Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը լցվեց բարկությամբ, և նրա դեմքի արտահայտությունը փոխվեց Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի դեմ, պատասխանեց և հրամայեց, որ հնոցը սովորականից յոթնապատիկ ավելի վառեն։ 20Եվ իր բանակում եղող զորավոր տղամարդկանց հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին և գցեն կրակով բորբոքված հնոցի մեջ։ 21Այդ ժամանակ այս մարդկանց իրենց անդրավարտիքներով, պատմուճաններով, գլխարկներով ու մյուս հանդերձներով կապեցին և գցեցին կրակով բորբոքված հնոցի մեջ։ 22Քանի որ թագավորի հրամանը խիստ էր, հնոցն էլ չափազանց տաքացված էր, Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին վերցրած մարդկանց կրակի բոցը սպանեց։ 23Եվ այս երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված ընկան կրակով բորբոքված հնոցի մեջ։
Դանիելի երեք ընկերները ազատվում են և մեծարվում
24Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։ 25Նա էլ ասաց. «Ահա ես չորս արձակ մարդու եմ տեսնում, որ շրջում են կրակի մեջ, և նրանց վնաս չի լինում. չորրորդի կերպարանքն էլ աստվածների որդու է նման»։ 26Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը մոտեցավ կրակի հնոցի դռանը և ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք, Աբեդնագով, Ամենաբարձրյալ Աստծու ծառանե՛ր, դո՛ւրս ելեք, եկե՛ք»։ Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից։ 27Եվ հավաքվեցին սատրապները, կուսակալները, կառավարիչները, թագավորի խորհրդականները, տեսան այդ մարդկանց, որոնց մարմնի վրա կրակը չէր տիրել, ու նրանց գլխի մազը չէր այրվել, նրանց անդրավարտիքները չէին այլափոխվել, և կրակի հոտ չկար նրանց վրա։
28Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին և ազատեց իր ծառաներին, որոնք, նրան ապավինելով, թագավորի խոսքն անարգեցին. իրենց մարմինները տվեցին, որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծու, բացի իրենց Աստծուց։ 29Արդ հրամայում եմ, որ ամեն ժողովուրդ, ազգ և լեզու, որ սխալ բան կասի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստծու դեմ, նրա մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և նրա տունը աղբակույտ պիտի դառնա, որովհետև չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանա այսպես ազատել»։ 30Այն ժամանակ թագավորը Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին ավելի բարձրացրեց Բաբելոնի գավառում։
Currently Selected:
ԴԱՆԻԵԼ 3: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018