ԴԱՆԻԵԼ 10
10
Դանիելի տեսիլքը Տիգրիս գետի մոտ
1Պարսից Կյուրոս թագավորի երրորդ տարում մի խոսք հայտնվեց Դանիելին, որին Բաղդասասար անունով էին կոչում։ Եվ խոսքը ճշմարիտ էր և մեծ պատերազմի մասին էր։ Եվ նա ըմբռնեց խոսքը տեսիլքի միջոցով։ 2Այն օրերին ես՝ Դանիելս, սգի մեջ էի երեք յոթնյակ օրեր։ 3Ախորժելի կերակուր չկերա, և միս ու գինի չմտավ բերանս, և բոլորովին յուղով չօծվեցի, մինչև որ երեք յոթնյակ օրերը չլրացան։
4Եվ առաջին ամսվա քսանչորսերորդ օրը ես մեծ գետի՝ Տիգրիսի եզերքին էի։ 5Աչքերս բարձրացրի ու նայեցի. ահա մի մարդ՝ կտավ հագած և մեջքին Ոփազի ոսկուց գոտի կապած։ 6Նրա մարմինը ոսկեքարի նման էր, նրա դեմքը կայծակի տեսք ուներ, աչքերը կրակի բոցերի պես էին, նրա բազուկներն ու ոտքերը՝ փայլուն պղնձի նման, և նրա խոսքերի ձայնն ամբոխի աղմուկի պես էր։ 7Եվ միայն ես՝ Դանիելս էի տեսնում այս տեսիլքը, իսկ ահա այն մարդիկ, որոնք ինձ հետ էին, տեսիլքը չտեսան, այլ մեծ սարսափ ընկավ նրանց վրա, և փախան, թաքնվեցին։ 8Ես մենակ մնացի և տեսա այս մեծ տեսիլքը, և իմ մեջ ուժ չմնաց. իմ վայելչությունն ապականության փոխվեց, և ես այլևս ուժ չունեցա։ 9Եվ ես լսեցի նրա խոսքերի ձայնը։ Եվ երբ նրա խոսքերի ձայնը լսեցի, թմբիրի մեջ ընկա երեսիս վրա, և երեսս գետնին էր։
10Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ և ինձ դողալով կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։ 11Եվ ինձ ասաց. «Ո՛վ Դանիել, սիրելի՛ մարդ, հասկացի՛ր այն խոսքերը, որ ասում եմ քեզ, և կանգնի՛ր տեղումդ, որովհետև հիմա քեզ մոտ եմ ուղարկվել»։ Եվ երբ նա այս խոսքն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով։ 12Եվ նա ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել և քո անձը քո Աստծու առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով։ 13Եվ պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, և ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ։ 14Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ի՛նչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը գալիք օրերի համար է»։ 15Եվ երբ նա այս խոսքերն ասաց ինձ, ես երեսս դեպի գետինը հակեցի և համր մնացի։
16Եվ ահա մարդու որդիների նման մեկը դիպավ շրթունքներիս. ես բերանս բացեցի, խոսեցի և ասացի իմ առջև կանգնածին. «Ո՛վ տեր իմ, այս տեսիլքի պատճառով ինձ պատել են ցավերը, և ես այլևս ուժ չունեմ։ 17Իմ տիրոջ այս ծառան ինչպե՞ս պիտի կարողանա խոսել իմ տիրոջ հետ, քանի որ այժմվանից իմ մեջ ուժ չկա, և իմ մեջ շունչ չմնաց»։ 18Եվ մարդու կերպարանք ունեցողը կրկին դիպավ ինձ և ինձ զորացրեց։ 19Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր»։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես»։
20Եվ նա ասաց. «Գիտե՞ս, թե ինչո՛ւ եկա քեզ մոտ։ Հիմա հետ պիտի դառնամ պարսիկների իշխանի հետ պատերազմելու։ Եվ երբ ես գնամ, հույների իշխանը պիտի գա։ 21Չկա մեկը, որն ինձ զորակցի սրանց դեմ, բացի քո իշխան Միքայելից։ Սակայն ես քեզ պիտի տեղեկացնեմ ճշմարտության գրքում գրվածը»։
Currently Selected:
ԴԱՆԻԵԼ 10: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018