ԴԱՆԻԵԼ 9
9
Դանիելն աղոթում է իր ժողովրդի համար
1Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, որ մարերի սերնդից էր և թագավոր կարգվեց քաղդեացիների թագավորության վրա, ես՝ Դանիելս, 2նրա թագավորության առաջին տարում Գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքն էր հասել Երեմիա մարգարեին, թե յոթանասուն տարուց պիտի ավարտեր Երուսաղեմի ավերումները։
3Եվ ես իմ երեսը դեպի Տեր Աստված դարձրի, որպեսզի ծոմապահությամբ, քուրձով ու մոխիրով աղոթք ու աղաչանք մատուցեմ։ 4Ես աղոթեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, խոստովանեցի և ասացի. «Օ՜հ, Տե՜ր, մեծ և ահարկո՛ւ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողների և հրամաններդ պահողների համար։ 5Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք, ամբարիշտ եղանք ու ըմբոստացանք և խոտորեցինք քո հրամաններից և պատվիրաններից. 6չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին, որոնք քո անունից խոսեցին մեր թագավորների, մեր իշխանավորների և մեր հայրերի հետ և երկրի ամբողջ ժողովրդի հետ։ 7Ո՜վ Տեր, քոնն է արդարությունը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպես որ այսօր է, Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին, բոլոր իսրայելացիներին մերձավոր ու հեռավոր այն բոլոր երկրներում, ուր նրանց աքսորել ես այն անհավատարմության համար, որ գործեցին քո դեմ։ 8Տե՛ր, մերն է երեսի ամոթը, մեր թագավորներինը, մեր իշանավորներինը և մեր հայրերինը, որովհետև մեղանչեցինք քո դեմ։ 9Մեր Տեր Աստծունն են ողորմությունը և ներողամտությունը, որովհետև մենք ապստամբեցինք նրա դեմ 10և չլսեցինք մեր Տեր Աստծու ձայնը, որպեսզի գնայինք նրա օրենքներով, որոնք նա մեր առաջ դրեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ 11Ամբողջ Իսրայելը անտեսեց քո օրենքը և խոտորեց՝ մերժելով հնազանդվել քո ձայնին։ Եվ մեզ վրա թափվեցին անեծքն ու երդումը, որոնք գրված են Աստծու ծառա Մովսեսի օրենքի մեջ, քանի որ մենք նրա դեմ մեղանչեցինք։ 12Եվ նա հաստատեց իր խոսքերը, որ խոսել էր մեր դեմ և մեզ դատող մեր դատավորների#9.12 Դատավոր նաև նշանակում է իշխան, իշխող կամ կառավարող։ դեմ՝ մեզ վրա մեծ չարիք բերելով. այնպես որ երկնքի տակ նման բան չի եղել, ինչպես որ եղավ Երուսաղեմին։ 13Մովսեսի օրենքի մեջ գրվածի պես այս ամբողջ չարիքը եկավ մեզ վրա, սակայն մենք Տիրոջը՝ մեր Աստծուն, չպաղատեցինք, որպեսզի հետ դառնալով մեր անօրենությունից՝ իմաստուն լինեինք քո ճշմարտությանն անսալով։ 14Ուստի Տերն այս չարիքը մտադրեց ու մեզ վրա բերեց այն, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, արդար է իր կատարած բոլոր գործերի մեջ, բայց մենք չհնազանդվեցինք նրա ձայնին։
15Եվ արդ, ո՛վ մեր Տեր Աստված, որ հզոր ձեռքով Եգիպտոսի երկրից դուրս բերեցիր քո ժողովրդին և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես որ այսօր է. մենք մեղանչեցինք ու անօրենություն գործեցինք։ 16Ո՛վ Տեր, աղաչում ենք, ըստ քո բոլոր արդար արարքների, թող քո բարկությունն ու զայրույթը հեռանան քո Երուսաղեմ քաղաքից, քո սուրբ սարից։ Մեր մեղքերի և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմն ու քո ժողովուրդը նախատինք են դարձել բոլոր մեզ շրջապատողների համար։ 17Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն քեզ, ո՛վ Տեր, հաճոյաբա՛ր#9.17 Բռց. քո դեմքը փայլեցրո՛ւ։ նայիր քո ամայացած սրբարանին։ 18Խոնարհեցրո՛ւ քո ականջը, ո՛վ իմ Աստված, և լսի՛ր. բա՛ց աչքերդ և տե՛ս մեր ավերակները և այն քաղաքը, որը քո անունն է կրում։ Որովհետև մեր աղերսանքը քո առաջ ոչ թե ըստ մեր արդարությունների է, այլ քո մեծ ողորմության։ 19Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր. ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր. հանուն քեզ. մի՛ հապաղիր, ո՛վ իմ Աստված, որովհետև քո անունով են կոչվում քո քաղաքն ու քո ժողովուրդը»։
Գաբրիել հրեշտակը մեկնում է մարգարեությունը
20Մինչ ես տակավին խոսում էի և աղոթում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի՝ Իսրայելի մեղքը և իմ Աստծու սուրբ լեռան համար Տիրոջ՝ իմ Աստծու առաջ իմ աղերսանքն էի մատուցում. 21և մինչ ես աղոթում էի, երբ այդ մարդը՝ Գաբրիելը, որին տեսել էի առաջին տեսիլքի մեջ՝ սրընթաց թռիչքով, երեկոյան զոհի ժամանակ հասավ ինձ։ 22Եկավ և հասկացրեց ինձ՝ ասելով. «Ո՛վ Դանիել, հիմա եկա, որպեսզի քեզ խելամտություն և հասկացողություն պարգևեմ։ 23Քո աղաչանքի սկզբում մի պատասխան#9.23 Բռց. խոսք։ եղավ, և ես եկա այն ասելու, որ դու սիրելի ես. ուրեմն հասկացի՛ր պատգամը և իմացի՛ր տեսիլքը։ 24Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի համար՝ հանցանքը ավարտելու և մեղքերը վերացնելու, անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեությունը կնքելու և Ամենասուրբն օծելու։ 25Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝#9.25 Այսինքն՝ օծյալ։ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա. հրապարակը և պարիսպը#9.25 Բռց. խրամատ։ պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։ 26Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Մեսիան պիտի վերացվի, և ոչինչ չպիտի ունենա։ Գալիք իշխանի ժողովուրդը պիտի կործանի քաղաքը և սրբարանը. նրա վերջը հեղեղով կլինի, և մինչև պատերազմի ավարտը ավերումներ են որոշված։ 27Եվ նա շատերի համար մեկ յոթնյակ պիտի զորացնի ուխտը, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և հացի ընծան։ Եվ տաճարի եզրի վրա ավերումի գարշությունը#9.27 Այսինքն՝ գարշելի քանդակը կամ արձանը։ կլինի, մինչև որ վերջնական և նախասահմանված պատուհասը կթափվի ավերողի վրա»։
Currently Selected:
ԴԱՆԻԵԼ 9: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018