YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 11

11
Պետրոսի զեկուցումը Երուսաղեմի եկեղեցում
1Առաքյալները և Հրեաստանում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսները ևս ընդունել են Աստծու խոսքը։ 2Երբ Պետրոսը Երուսաղեմ բարձրացավ, թլփատվածները մեղադրում էին նրան՝ 3ասելով. «Դու անթլփատ մարդկանց մոտ մտար ու նրանց հետ կերար»։ 4Պետրոսը սկսեց հերթականությամբ պատմել նրանց ու ասաց. 5«Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ տեսիլք տեսա. վերևից չորս ծայրը կախված սփռոցի պես մի բան էր իջնում երկնքից ու հասավ մինչև ինձ։ 6Մինչ դրան էի նայում, տեսա երկրի չորքոտանիներին, գազաններին, սողուններին ու երկնքի թռչուններին։ 7Եվ լսեցի մի ձայն, որ ասում էր ինձ. "Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր"։ 8Բայց ես ասացի. "Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև իմ բերանը երբեք պիղծ և անմաքուր բան չի մտել"։ 9Եվ ձայնն ինձ երկրորդ անգամ երկնքից պատասխանեց. "Այն, ինչ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի՛ համարիր"։ 10Սա պատահեց երեք անգամ, և ամեն ինչ դարձյալ երկինք բարձրացավ։ 11Եվ ահա այդ պահին երեք մարդ, որ ուղարկվել էին ինձ մոտ Կեսարիայից, եկան, կանգնեցին այն տան առաջ, որտեղ ես գտնվում էի։ 12Եվ Հոգին ինձ ասաց, որ առանց վարանելու գնամ նրանց հետ։ Այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, և մտանք այն մարդու տունը։ 13Նա մեզ պատմեց, թե ինչպես է իր տանը տեսել հրեշտակին, որ կանգնել ու ասում էր. "Մա՛րդ ուղարկիր Հոպպե և Պետրոս կոչված Սիմոնին կանչի՛ր։ 14Նա քեզ խոսքեր կասի, որոնցով կփրկվեք դու և քո ամբողջ տունը"։ 15Երբ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես որ իջել էր մեզ վրա սկզբում։ 16Այդ ժամանակ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. "Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով"։ 17Ուրեմն եթե Աստված միևնույն պարգևը տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ապա ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։ 18Այս լսելով՝ լռեցին և փառաբանում էին Աստծուն՝ ասելով. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց»։
Եկեղեցին Անտիոքում
19Նրանք, որ ցրվել էին Ստեփանոսի քարկոծումից հետո եղած հալածանքի պատճառով, հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի Աստծու խոսքը չէին քարոզում, բացի հրեաներից։ 20Նրանցից ոմանք, որ կիպրացի և կյուրենացի էին, Անտիոք մտնելով դիմում էին հույներին՝ Տեր Հիսուսին ավետարանելով։ 21Եվ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և բազմաթիվ մարդիկ հավատացին ու դեպի Տերը դարձան։ 22Այս լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին։ Եվ ուղարկեցին Բառնաբասին, որ գնա մինչև Անտիոք։ 23Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհը, ուրախացավ և բոլորին հորդորում էր, որ հոժար սրտով Տիրոջ հետ մնան։ 24Քանի որ նա բարի, Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, բազում ժողովուրդ միացավ Տիրոջը հավատացողներին։ 25Բառնաբասը գնաց Տարսոն՝ Սողոսին փնտրելու։ 26Երբ նրան գտավ, բերեց Անտիոք։ Նրանք մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և բավականաչափ մարդկանց ուսուցանում։ Աշակերտներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյա» անվանվեցին։
Նպաստ Երուսաղեմի եկեղեցուն
27Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ իջան Անտիոք։ 28Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխասաց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և Կլավդիոս կայսեր ժամանակ եղավ։ 29Եվ աշակերտները որոշեցին, որ յուրաքանչյուրն ըստ իր կարողության օգնություն ուղարկի Հրեաստանում ապրող եղբայրներին, 30որը և արեցին՝ Բառնաբասի ու Սողոսի միջոցով երեցներին ուղարկելով։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in