YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 10

10
Պետրոսը և Կոռնելիոսը
1Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ «Իտալական» կոչվող գնդի հարյուրապետ։ 2Նա, բարեպաշտ ու աստվածավախ լինելով, իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություններ էր անում և ամեն ժամ աղոթում էր Աստծուն։ 3Օրվա իններորդ ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որը, մտնելով իր մոտ, ասաց. «Կոռնելիո՛ս»։ 4Իսկ նա, հրեշտակին նայելով, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծու առաջ բարձրացան՝ քո մասին հիշեցնելու համար։ 5Հիմա մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում։ 6Նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովեզերքին է»։ 7Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց ծառաներից երկուսին և մի բարեպաշտ զինվորի, որն իր ծառայողներից էր։ 8Եվ նրանց ամեն ինչ պատմելով՝ ուղարկեց Հոպպե։
9Հաջորդ օրը, երբ նրանք ճանապարհին էին ու մոտենում էին քաղաքին, Պետրոսը վեցերորդ ժամին մոտ բարձրացավ տանիք՝ աղոթելու։ 10Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, նա հափշտակության մեջ ընկավ։ 11Տեսավ երկինքը բացված ու մեծ սփռոցի պես մի բան՝ չորս ծայրից վերևից կախված, երկրի վրա իջնելիս։ 12Դրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, սողունները և երկնքի թռչունները։ 13Եվ մի ձայն ասաց նրան. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»։ 14Պետրոսն ասաց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև ես երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։ 15Երկրորդ անգամ ձայնը դարձյալ ասաց նրան. «Ինչ որ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի՛ համարիր»։ 16Դա եղավ երեք անգամ, և սփռոցն իսկույն երկինք բարձրացավ։
17Մինչ Պետրոսը մտքում զարմանում էր, թե իր տեսած տեսիլքն ի՛նչ էր, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ, Սիմոնի տան տեղը հարցնելով, կանգնեցին դռան մոտ։ 18Նրանք ձայն տվեցին ու հարցնում էին, թե Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտե՞ղ է հյուրընկալվել։ 19Մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահա երեք մարդ քեզ են փնտրում։ 20Վե՛ր կաց, իջի՛ր և առանց վարանելու գնա՛ նրանց հետ, որովհետև ես եմ ուղարկել նրանց»։ 21Պետրոսն այդ մարդկանց մոտ իջավ ու ասաց. «Ահա ես եմ, ում փնտրում եք։ Ինչի՞ համար եք եկել»։ 22Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ արդար և աստվածավախ մի մարդ, որ հարգված է բոլոր հրեաներից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ, որ քեզ իր տուն կանչի ու քեզանից խոսք լսի»։ 23Եվ նրանց ներս կանչելով՝ հյուրընկալեց։
Հաջորդ օրը Պետրոսը գնաց նրանց հետ. Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս գնացին նրա հետ։ 24Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կոռնելիոսը սպասում էր նրանց՝ կանչելով նաև իր ազգականներին ու մտերիմ բարեկամներին։ 25Հենց Պետրոսը ներս մտավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելավ ու ոտքերն ընկնելով երկրպագեց։ 26Պետրոսը նրան ոտքի կանգնեցրեց ու ասաց. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ»։ 27Եվ նրա հետ խոսելով ներս մտավ ու այնտեղ հավաքված բազում մարդկանց գտավ։ 28Պետրոսը նրանց ասաց. «Դուք գիտեք, որ հրեա մարդուն օրինավոր չէ օտարազգի որևէ մեկին դիպչելը կամ մոտենալը. բայց Աստված ինձ պատվիրեց ոչ մի մարդու պիղծ կամ անմաքուր չհամարել։ 29Դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Հիմա հարցնում եմ. "Ինչո՞ւ եք ինձ կանչել"»։ 30Կոռնելիոսն ասաց. «Չորս օր առաջ հենց այս ժամին՝ մինչև իններորդ ժամը, իմ տանն աղոթք էի անում։ Ահա իմ առաջ մի մարդ կանգնեց՝ փայլուն զգեստներով, 31և ասաց. "Կոռնելիո՛ս, քո աղոթքը լսվեց, ու քո ողորմություններն Աստծու առաջ հիշվեցին։ 32Արդ, մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում. նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի տանը՝ ծովեզերքին"։ 33Ես էլ իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։ Դու լավ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ, որպեսզի լսենք այն ամենը, ինչ Տիրոջ կողմից հրամայված է քեզ»։
Պետրոսի ճառը Կոռնելիոսի տանը
34Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, 35այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան։ 36Նա իր խոսքն ուղարկեց Իսրայելի որդիներին՝ քարոզելով Հիսուս Քրիստոսի միջոցով խաղաղությունը։ Նա է բոլորի Տերը։ 37Դուք ինքներդ գիտեք այն եղելությունը, որ պատահեց ամբողջ Հրեաստանում։ Այն սկսվեց Գալիլեայից, Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո։ 38Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր. թե ինչպե՛ս Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ. որը շրջում էր՝ բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ 39Եվ մենք վկա ենք այն ամենին, ինչ նա արեց հրեաների երկրում և Երուսաղեմում, որին սպանեցին՝ փայտից կախելով։ 40Նրան Աստված երրորդ օրը հարություն տվեց, ու հայտնվեց 41ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ Աստծուց նախասահմանվածներիս, որ նրա հետ կերանք ու խմեցինք մեռելներից նրա հարություն առնելուց հետո։ 42Նա մեզ պատվիրեց քարոզել ժողովրդին ու վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը մեռածների ու կենդանիների։ 43Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։
Հեթանոսներն ընդունում են Սուրբ Հոգին
44Մինչ Պետրոսն այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր այս խոսքը լսողների վրա։ 45Եվ Պետրոսի հետ եկած հավատացյալները, որ թլփատվածներից էին, զարմացան, որ Սուրբ Հոգու պարգևը հեթանոսների մեջ էլ է հեղվում. 46որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում և Աստծուն փառաբանում։ 47Այդ ժամանակ Պետրոսն ասաց. «Ո՞վ կարող է արգելել, որ սրանք մկրտվեն ջրով, որոնք ընդունեցին Սուրբ Հոգին, ինչպես և մենք»։ 48Եվ հրամայեց նրանց, որ մկրտվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Այդ ժամանակ խնդրեցին նրան, որ մի քանի օր ևս մնա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in