YouVersion Logo
Search Icon

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

10
Դավիթը հաղթում է ամմոնացիներին և ասորիներին
1Դրանից հետո Ամմոնի որդիների թագավորը մեռավ, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Անոնը։ 2Եվ Դավիթն ասաց. «Մարդասիրություն անեմ Նաասի որդի Անոնին, ինչպես որ նրա հայրը մարդասիրություն արեց ինձ»։ Եվ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրան մխիթարեն իր հոր համար, և Դավթի ծառաները գնացին Ամմոնի որդիների երկիրը։ 3Եվ Ամմոնի որդիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը քո առաջ քո հորը մեծարելու համար է մխիթարողներ ուղարկել քեզ մոտ։ Չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել՝ քաղաքն իրենց աչքով տեսնելու, լրտեսելու և այն կործանելու համար»։ 4Եվ Անոնը Դավթի ծառաներին վերցրեց, ածիլել տվեց նրանց մորուքների կեսը, նրանց հանդերձների կեսն էլ կտրել տվեց մինչև իրենց նստելատեղը և ետ ուղարկեց նրանց։ 5Այս բանը պատմեցին Դավթին, և նա մարդ ուղարկեց նրանց դիմավորելու, որովհետև այդ մարդիկ խիստ արհամարհվել էին, և թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, և հետո վերադարձե՛ք»։
6Եվ երբ Ամմոնի որդիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթի համար, Ամմոնի որդիները մարդ ուղարկեցին և քսան հազար հետևակ վարձեցին Բեթրոբի ասորիներից ու Սուբայի ասորիներից, հազար մարդ՝ Մաաքայի թագավորից և տասներկու հազար մարդ՝ Իստովբից։ 7Երբ Դավիթը լսեց այդ, Հովաբին և բոլոր քաջ մարդկանց ուղարկեց։ 8Եվ Ամմոնի որդիները դուրս եկան և քաղաքի դռան առաջ կարգով շարվեցին պատերազմելու, իսկ Սուբայի և Րոոբի ասորիները և Իստովբն ու Մաաքան առանձին կանգնել էին դաշտում։ 9Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմն իր վրա է հասնում առջևից ու ետևից, Իսրայելի բոլոր ընտիր մարդկանցից ընտրեց և ասորիների դեմ պատերազմի շարեց։ 10Եվ մնացած զորքը հանձնեց իր եղբայր Աբեսսային, որ Ամմոնի որդիների դեմ շարի։ 11Հովաբն ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթելու լինեն, օգնության կհասնես ինձ, իսկ եթե Ամմոնի որդիները քեզ հաղթելու լինեն, ես քեզ օգնության կհասնեմ։ 12Քաջասի՛րտ եղիր, արիանանք մեր ժողովրդի համար և մեր Աստծու քաղաքների համար, և թող Տերը անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ 13Եվ Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին, որպեսզի պատերազմի նրանց դեմ, և նրանք փախան նրա առաջից։ 14Երբ Ամմոնի որդիները տեսան, որ ասորիները փախչում են, իրենք էլ փախան Աբեսսայի առաջից և մտան քաղաք։ Եվ Հովաբը Ամմոնի որդիների մոտից վերադարձավ և եկավ Երուսաղեմ։
15Երբ ասորիները տեսան, որ իրենք ջախջախվեցին Իսրայելի առաջ, հավաքվեցին մեկտեղ։ 16Եվ Ադրաազարը մարդ ուղարկեց և ոտքի հանեց գետի այն կողմը եղած ասորիներին, ու եկան Էլամ, և Ադրաազարի զորապետ Սովբակը առաջնորդեց նրանց։ 17Երբ Դավթին հայտնեցին, նա հավաքեց ամբողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և հասավ Էլամ. ասորիները շարեցին իրենց գնդերը Դավթի դեմ և նրա դեմ պատերազմեցին։ 18Եվ ասորիները փախան Իսրայելի առաջից. և Դավիթը յոթ հարյուր կառք վարող ու քառասուն հազար ձիավոր կոտորեց ասորիներից և զարկեց նրանց զորապետ Սովբակին, որը այնտեղ էլ մեռավ։ 19Եվ Ադրաազարին հպատակ բոլոր թագավորները, երբ տեսան, որ հաղթվեցին Իսրայելի առաջ, հաշտություն կնքեցին Իսրայելի հետ և դարձան նրա ծառաները, իսկ ասորիները դրանից հետո վախենում էին օգնել Ամմոնի որդիներին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10