YouVersion Logo
Search Icon

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

9
Դավիթը և Մեմփիբոսթեն
1Եվ Դավիթն ասաց. «Արդյոք Սավուղի տանից մնացած մարդ կա՞, որ նրան հանուն Հովնաթանի սիրո բարերարություն անեմ»։ 2Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. «Դո՞ւ ես Սիբան». և նա ասաց. «Ծառադ եմ»։ 3Եվ թագավորն ասաց. «Սավուղի տանից մնացած մարդ չկա՞, որ Աստծու ողորմածություն անեմ նրան»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա դեռ»։ 4Եվ թագավորը նրան ասաց. «Ո՞ւր է նա»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Նա Լադաբարում՝ Ամիելի որդի Մաքիրի տանն է»։ 5Եվ Դավիթ թագավորը մարդ ուղարկեց, և նրան վերցրեց Լադաբարից՝ Ամիելի որդի Մաքիրի տանից։ 6Երբ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավթի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագեց նրան։ Եվ Դավիթն ասաց. «Ո՜վ Մեմփիբոսթե». և նա ասաց. «Ահա ծառադ»։ 7Եվ Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հայր Հովնաթանի սիրո ես քեզ անպայման բարերարություն պիտի անեմ և քո հոր՝ Սավուղի բոլոր արտերը պիտի վերադարձնեմ քեզ, և դու պիտի միշտ հաց ուտես իմ սեղանից»։ 8Եվ Մեմփիբոսթեն խոնարհվեց ու ասաց. «Ծառադ ո՞վ է, որ ինձ պես մի սատկած շան վրա նայեցիր»։ 9Իսկ թագավորը կանչեց Սավուղի ծառա Սիբային և նրան ասաց. «Սավուղի և նրա տան ամբողջ ունեցվածքը տվի քո տիրոջ որդուն։ 10Դու, քո որդիները և քո ծառաները նրա համար հողը մշակե՛ք. բերքը կբերես իր մոտ, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. և քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան տասնհինգ որդի և քսան ծառա ուներ։ 11Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,- ասաց Դավիթը։ 12Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա. և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։ 13Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում. և նա երկու ոտքից էլ կաղ էր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9