Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25
25
Երուսաղեմի անկումը
(Բ Մն. 36.13-21, Երմ. 52.3բ-11)
1Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասին Բաբելոնի թագավորը՝ Նաբուգոդոնոսորը, եկավ Երուսաղեմի դեմ, ինքը և իր ամբողջ զորքը, և բանակ դրեց Երուսաղեմի դիմաց ու պատնեշներ շինեց շուրջը։ 2Քաղաքը պաշարման մեջ էր մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։ 3Եվ չորրորդ ամսվա իննին, երբ սովը սաստկացել էր քաղաքում, և հաց չկար երկրի ժողովրդի համար, 4քաղաքի պատնեշի մեջ մի խրամատ բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան երկու պարիսպների միջի դռան ճանապարհով, որը թագավորի պարտեզի մոտ էր. մինչդեռ քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Թագավորը գնաց Արաբայի#25.4 Անապատի։ ճանապարհով։ 5Սակայն քաղդեացիների զորքերն ընկան թագավորի ետևից և Երիքովի դաշտերում հասան նրան, և նրա ամբողջ զորքը ցրվեց նրա մոտից։ 6Եվ թագավորին բռնեցին ու նրան տարան Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դատաստանն արեցին։ 7Եվ Սեդեկիայի որդիներին մորթեցին նրա աչքերի առաջ, Սեդեկիայի աչքերը կուրացրին և պղնձե շղթաներով կապեցին ու նրան տարան Բաբելոն։
Տաճարի կործանումը
(Երմ. 52.12-33)
8Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթին Բաբելոնի թագավորի ծառա Նաբուզարադան թիկնապահների պետը եկավ Երուսաղեմ. 9այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և կրակի մատնեց ամեն մի մեծ տուն։ 10Քաղդեացիների բոլոր զորքերը, որոնք թիկնապահների պետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող պարիսպները։ 11Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն փախստականներին, որոնք անձնատուր էին եղել Բաբելոնի թագավորին, և մնացած բազմությանը Նաբուզարադան թիկնապահների պետը գերի տարավ։ 12Բայց թիկնապահների պետը երկրի աղքատներից մարդիկ թողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։
13Եվ քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տանը եղած պղնձե սյուները, պատվանդանները և պղնձե ծովը, որը Տիրոջ տանն էր, և նրանց պղինձը տարան Բաբելոն։ 14Եվ վերցրին թաղարները, թիակներն ու պատրույգի մկրատները, խնկի տուփերը և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտամունք էին կատարում։ 15Եվ թիկնապահների պետը վերցրեց բուրվառներն ու կոնքերը. որը ոսկե էր՝ ոսկին, և որն արծաթ էր՝ արծաթը։ 16Այն երկու սյուները և մեկ ծովն ու պատվանդանները, որոնք շինել էր Սողոմոնը Տիրոջ տան համար. չափ ու կշիռ չկար այս բոլոր անոթների պղնձին։ 17Տասնութ կանգուն բարձր էր մեկ սյունը, և նրա վրա կար պղնձե մի խոյակ. երեք կանգուն էր խոյակի բարձրությունը, խոյակի վրա շուրջանակի ցանցաձև զարդեր և նռներ կային՝ բոլորն էլ պղնձե. մյուս սյունն էլ սրա նման ցանցաձև էր։
Հուդայի բնակիչները Բաբելոն են տարվում
(Երմ. 52.24-27)
18Թիկնապահների պետը վերցրեց քահանայապետ Սարայիային և նրա փոխանորդ Սոփոնիային ու երեք դռնապաններին, 19քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց վերակացու էր, և հինգ մարդ թագավորի խորհրդականներից, որոնք գտնվում էին քաղաքում, և զորքի գլխավոր դպրապետին, որը ժողովրդին զինվորագրողն էր, և երկրի ժողովրդից վաթսուն մարդու, որոնք գտնվում էին քաղաքում. 20Նաբուզարադան թիկնապահների պետը վերցրեց նրանց և ուղարկեց Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ։ 21Բաբելոնի թագավորը զարկեց ու սպանեց նրանց Եմաթի երկրում՝ Ռեբղայում։ Եվ Հուդայի որդիները գերի գնացին իրենց երկրից։
Գոդողիան՝ Հուդայի կառավարիչ
(Երմ. 40.7-9, 41.1-3)
22Հուդայի երկրում մնացած այն ժողովրդի վրա, որին թողել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, իշխան նշանակեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։
23Եվ երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային կառավարիչ է նշանակել, եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ, իրենք և իրենց մարդիկ. այսինքն՝ Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հոհանանը, Թանհումեթի որդի նետոփանեցի Սարայիան և Մաքաթիի որդի Հեզոնիան։ 24Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց նրանց. «Մի՛ վախեցեք քաղդեացիների ծառաներից, մնացե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»։
25Եվ պատահեց, որ յոթերորդ ամսին թագավորազն Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը տասը մարդու հետ եկավ, և զարկեցին Գոդողիային. նա մեռավ. նմանապես և այն հրեաներին ու քաղդեացիներին, որոնք նրա հետ Մասփայում էին։ 26Ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, և զորքի իշխանները վեր կացան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։
Հովաքինը վերադառնում է գերությունից
(Երմ. 52.31-34)
27Հուդայի թագավոր Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթին Բաբելոնի Իլմարովդաք թագավորը իր թագավոր դառնալու առաջին տարին ողորմած գտնվեց Հուդայի թագավոր Հովաքինի հանդեպ և նրան հանեց բանտից։ 28Նրա հետ խոսեց քաղցրությամբ և նրա աթոռը Բաբելոնում իր հետ եղող բոլոր այն թագավորների աթոռից ավելի վեր դրեց։ 29Փոխեց նրա բանտային հագուստները, և նա իր կյանքի բոլոր օրերին միշտ նրա մոտ էր հաց ուտում։ 30Եվ նրա ռոճիկը, որ մշտական ռոճիկ էր, թագավորի կողմից ամեն օր տրվում էր նրան՝ նրա կյանքի բոլոր օրերին։
Currently Selected:
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018