YouVersion Logo
Search Icon

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

24
1Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը նրա օրերին ելավ կռվի, և Հովակիմը երեք տարի եղավ նրա հպատակը, բայց հետո ապստամբեց նրա դեմ։ 2Եվ Տերը նրա վրա ուղարկեց քաղդեացիների գնդերը, ասորիների գնդերը, մովաբացիների գնդերն ու Ամմոնի որդիների գնդերը և նրանց ուղարկեց Հուդայի դեմ, որ կործանեն նրան Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ 3Տիրոջ պատվերի համաձայն դա եղավ Հուդային, որպեսզի նրան մերժի իր առջևից Մանասեի մեղքերի համար, այն բոլորի համար, ինչն արել էր նա, 4նաև որ անմեղ արյուն էր թափել և Երուսաղեմը լցրել անմեղ արյունով, ուստի Տերը չուզեց ներել։
5Հովակիմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 6Հովակիմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։
7Եգիպտոսի թագավորն այլևս դուրս չեկավ իր երկրից, որովհետև Բաբելոնի թագավորը Եգիպտոսի հեղեղատից մինչև Եփրատ գետը վերցրել էր այն ամենը, ինչը Եգիպտոսի թագավորինն էր։
Հուդայի Հովաքին թագավորը
(Բ Մն. 36.9-10)
8Տասնութ տարեկան էր Հովաքինը, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Նեհուսթա՝ երուսաղեմացի Եղնաթանի դուստրը։ 9Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հոր բոլոր արածների պես։
10Այդ ժամանակ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ծառաները ելան Երուսաղեմի դեմ, և քաղաքն ընկավ պաշարման մեջ։ 11Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ քաղաքի մոտ, երբ նրա ծառաները պաշարել էին այն։ 12Եվ Հուդայի Հովաքին թագավորն իր մոր և իր ծառաների, իշխանների ու ներքինիների հետ դուրս եկավ ու գնաց Բաբելոնի թագավորի մոտ, և Բաբելոնի թագավորը նրան բռնեց իր թագավորության ութերորդ տարում։ 13Եվ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը և թագավորի տան գանձերը, կոտրատեց այն բոլոր ոսկի անոթները, որոնք Իսրայելի Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տաճարի համար, ինչպես որ ասել էր Տերը։ 14Եվ ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու բոլոր քաջարի մարդկանց՝ տասը հազար գերիների, և բոլոր հյուսներին ու դարբիններին քշեց տարավ, և ժողովրդի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։ 15Եվ Հովաքինին գերի տարավ Բաբելոն. թագավորի մորը, թագավորի կանանց, նրա ներքինիներին և երկրի բոլոր զորավոր մարդկանց Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն։ 16Եվ բոլոր զինվորներին՝ յոթ հազար հոգու, և հյուսներին ու դարբիններին՝ հազար հոգու, և բոլոր քաջերին ու պատերազմի մարտիկներին Բաբելոնի թագավորը գերի տարավ Բաբելոն։ 17Եվ Բաբելոնի թագավորը նրա հորեղբայր Մաթանիային թագավոր դրեց նրա փոխարեն և նրա անունը Սեդեկիայի փոխեց։
Հուդայի Սեդեկիա թագավորը
(Բ Մն. 36.11-12, Երմ. 52.1-3ա)
18Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։ 19Նա Տիրոջ առաջ չարիք գործեց Հովակիմի ամբողջ արածի պես։ 20Որովհետև Տիրոջ բարկությունը Երուսաղեմի և Հուդայի դեմ էր, այնպես որ նրանց վտարեց իր առջևից։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in