YouVersion Logo
Search Icon

Բ Կորնթացիներին 5

5
1Գիտենք, որ եթե մեր երկրային տունը վրանի պես ավերվի, Աստծուց ստեղծված մի բնակավայր ունենք՝ անձեռագործ հավիտենական մի տուն երկնքում։ 2Եվ հենց դրա մեջ հառաչում ենք՝ ցանկանալով մեր երկնային բնակությունը հագնել։ 3Միայն թե երբ այն հագնենք, մերկ չենք մնա։ 4Քանզի մենք՝ այս վրանի տակ եղողներս, ծանրություն կրելով հառաչում ենք ու չենք կամենում հանվել, այլ երկնայինը սրա վրա հագնել, որպեսզի մահկանացու մարմինը կյանքի մեջ ընկղմվի։ 5Բայց այս բանը մեզ համար ծրագրողը Աստված է, որ մեզ տվեց նաև Հոգու առհավատչյան։
6Արդ ամեն ժամ վստահությամբ լի ենք ու գիտենք, որ այս մարմնի մեջ մնալով՝ հեռու ենք Տիրոջից. 7(որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ)։ 8Բայց վստահ ենք ու նախընտրում ենք այս մարմնից դուրս գալ և Տիրոջ մոտ մտնել։ 9Դրա համար էլ ձգտում ենք, որ մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք նրան։ 10Որովհետև մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկն իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը՝ բարի կամ չար։
Հաշտություն Աստծու հետ՝ Քրիստոսով
11Արդ Տիրոջ երկյուղն իմանալով՝ մարդկանց համոզում ենք, բայց Աստծու առաջ հայտնի ենք, և ես հույս ունեմ, որ ձեր խղճմտանքի մեջ էլ հայտնի ենք։ 12Ոչ թե դարձյալ մեզ հանձնարարում ենք ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ մեզանով պարծենալու, որպեսզի մի բան ունենաք նրանց դեմ, ովքեր արտաքին բաներով են պարծենում և ոչ թե սրտում եղածով։ 13Որովհետև եթե խելագարված ենք, Աստծու համար է, և եթե զգաստ ենք, ձեզ համար է։ 14Որովհետև Քրիստոսի սերը մեզ ստիպում է այս խորհելու. եթե մեկը բոլորի համար մեռավ, ուրեմն բոլորը մեռած են։ 15Եվ բոլորի համար մեռավ, որպեսզի կենդանի եղողներն այլևս ոչ թե իրենք իրենց համար կենդանի լինեն, այլ նրա՛ համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։ 16Ուրեմն այսուհետև մենք մարդկային տեսակետից ոչ ոքի չենք ճանաչում։ Ու թեև Քրիստոսին մարդկային տեսակետից էինք ճանաչում, սակայն հիմա այլևս այդպես չենք ճանաչում։ 17Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ 18Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ 19Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ 20Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։ 21Որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy