Բ Կորնթացիներին 6
6
1Մենք, գործակիցներ լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհը զուր տեղը ընդունած չլինեք, 2որովհետև ասում է.
«Ընդունելի ժամանակ քեզ լսեցի
և փրկության օրը քեզ օգնեցի» (Ես. 49.8)։
Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ 3Ոչ մի բանով որևէ առիթ մի՛ տվեք, որ ծառայությունն արատավորվի, 4այլ ամեն ինչում ինքներդ ձեզ ներկայացրե՛ք որպես Աստծու սպասավորներ՝ մեծ համբերությամբ նեղությունների, վշտերի, չարչարանքների մեջ, 5գանահարության մեջ, բանտերում, խռովությունների, տքնությունների, հսկումների, ծոմապահության մեջ, 6սրբությամբ, գիտությամբ, համբերատարությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, 7ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքերով, որ աջ ու ձախ ձեռքերում են, 8փառքով ու անարգությամբ, պարսավանքով ու գովասանքով, իբրև մոլորեցնողներ, բայց ճշմարիտներ, 9իբրև անծանոթներ, բայց լավ ճանաչվածներ, իբրև մեռածներ, բայց ահա ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ, 10իբրև տրտմածներ, բայց միշտ ուրախներ, իբրև աղքատներ, բայց շատերին հարստացնողներ, իբրև ոչինչ չունեցողներ, բայց ամեն ինչ ունեցողներ։
11Մենք ամեն ինչ բացահայտ ասացինք ձեզ, ո՛վ կորնթացիներ, մեր սրտերը բաց են ձեր առաջ։ 12Մենք ձեզ նեղություն չենք տվել, սակայն դուք նեղվում եք ձեր սրտերում։ 13Փոխադարձաբար,- իբրև իմ որդիների եմ ասում ձեզ,- դուք էլ ձեր սրտե՛րը բացեք մեր առաջ։
Զգուշացում կռապաշտությունից
14Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի՛ ունեցեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ։ 15Քրիստոսի և Բելիարի#6.15 Դիվային ոգի, որը մարմնավորում է գայթակղության կործանարար ուժը։ միջև ի՞նչ համաձայնություն կարող է լինել, կամ հավատացյալի և անհավատի միջև ի՞նչ հարաբերություն կարող է լինել։ 16Կամ Աստծու տաճարի և կուռքերի միջև ի՞նչ ընդհանուր բան կա։ Դուք կենդանի Աստծու տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց.
«Նրանց մեջ պիտի բնակվեմ ու նրանց մեջ պիտի շրջեմ,
նրանց Աստվածը պիտի լինեմ, ու նրանք՝ իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։
17 Դրա համար նրանց միջից դո՛ւրս եկեք ու հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,-
և պիղծ բաների մի՛ դիպեք (Ես. 52.11)։
Եվ ես ձեզ կընդունեմ 18ու ձեզ հայր կլինեմ,
և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),-
ասում է Ամենակալ Տերը»։
Currently Selected:
Բ Կորնթացիներին 6: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018