Ա Հովհաննես 4
4
Ճշմարիտ և սուտ հոգիներ
1Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։ 2Սրանո՛վ Աստծու Հոգին ճանաչեք. ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց է։ 3Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, Աստծուց չէ. դա Նեռի հոգին է, որի մասին լսեցիք, թե գալիս է և հիմա արդեն աշխարհում է։ 4Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ 5Նրանք աշխարհից են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում, և աշխարհը նրանց լսում է։ 6Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով Աստծուց չէ, չի լսում մեզ. սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին և խաբեության հոգին։
Աստված սեր է
7Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։ 8Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ 9Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ 10Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ 11Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ 12Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել. եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։
13Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, նա էլ՝ մեր մեջ, որովհետև նա իր Հոգուց տվեց մեզ։ 14Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց որպես աշխարհի Փրկչի։ 15Ով դավանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, և նա՝ Աստծու մեջ։ 16Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։
Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։ 17Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ 18Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ 19Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ 20Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ 21Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։
Currently Selected:
Ա Հովհաննես 4: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018