YouVersion Logo
Search Icon

Ա Հովհաննես 3

3
Աստծու որդիները
1Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։ 2Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։
3Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։
4Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. և մեղքն անօրենություն է։ 5Եվ գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի մեր մեղքերը վերցնի, իսկ նրա մեջ մեղք չկա։ 6Ամեն ոք, ով նրա մեջ է ապրում, չի մեղանչում, և ամեն ոք, ով մեղանչում է, չի տեսել նրան, ոչ էլ ճանաչել։ 7Որդյակնե՛ր, ոչ ոք թող չխաբի ձեզ. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։ 8Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ 9Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։ 10Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։
Սիրել միմյանց
11Որովհետև սա է պատվիրանը, որ սկզբից լսեցիք, որ միմյանց սիրենք. 12ոչ ինչպես Կայենը, որ չարից էր ու իր եղբորն սպանեց։ Եվ ինչի՞ համար սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ իր եղբորինը՝ արդար։ 13Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, եթե այս աշխարհը ձեզ ատի։ 14Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք անցանք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Բայց ով եղբորը չի սիրում, մահվան մեջ է մնում։ 15Ամեն ոք, ով իր եղբորն ատում է, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ 16Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։ 17Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։ 18Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։
19Եվ սրանով կճանաչենք, որ ճշմարտությունից ենք, և մեր սրտերը համարձակություն կունենան կանգնելու նրա առաջ, 20քանզի եթե մեր սիրտը դատապարտի մեզ, ապա Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն բան գիտի։ 21Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը չդատապարտեն մեզ, Աստծու առաջ համարձակություն կունենանք 22և ինչ որ խնդրենք, կստանանք նրանից, որովհետև նրա պատվիրանները պահում ենք և նրան հաճելի բաներն ենք անում։ 23Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվանը և միմյանց սիրենք, ինչպես որ նա պատվիրեց մեզ։ 24Ով նրա պատվիրանները պահում է, նրա մեջ է ապրում, նա էլ՝ նրա մեջ։ Մեր մեջ նրա բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ մեզ տվեց։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in