Ա Հովհաննես 2
2
Հիսուսը մեր բարեխոսն է
1Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ 2Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։
3Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ 4Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ 5Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։ 6Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։
Նոր պատվիրանը
7Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։ 8Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։ 9Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։ 10Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։ 11Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։
Չսիրել աշխարհը
12Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր,
որովհետև ձեր մեղքերը ներված են
նրա անվան համար։
13Գրում եմ ձեզ, հայրե՛ր,
որովհետև ճանաչեցիք նրան,
ով ի սկզբանե է։
Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր,
որովհետև հաղթեցիք չարին։
14Գրում եմ ձեզ, զավակնե՛ր#2.14 Այսինքն՝ «մանուկներ»։,
որովհետև ճանաչեցիք Հորը։
Գրեցի ձեզ, հայրե՛ր,
որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։
Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր,
որովհետև դուք զորավոր եք,
և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ,
և դուք հաղթեցիք չարին։
15Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ 16Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ 17Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։
Նեռը՝ հակաքրիստոսը
18Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ 19Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։ 20Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։ 21Գրեցի ձեզ, ոչ իբրև թե ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, նաև այն, որ ամեն ստություն ճշմարտությունից չէ։ 22Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն։ 23Ամեն ոք, ով Որդուն ուրանում է, չունի նաև Հորը։ Ով դավանում է Որդուն, ունի նաև Հորը։ 24Ինչ դուք սկզբից լսեցիք, թող բնակվի ձեր մեջ. եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ։ 25Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։ 26Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։ 27Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։
28Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, համարձակություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։ 29Քանի որ գիտեք, որ նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։
Currently Selected:
Ա Հովհաննես 2: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018