Դասեր Դանիելի մարգարեությունիցSample
Ո՞ր սեղանից ես վերցնում քո հոգևոր կերակուրը
Այսօր ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեությունից»անվանումը։ Կարծում եմ՝ մեզ հրաշալի ընթացք է սպասվում, և աղոթում եմ, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին խոսի քո սրտին այս յոթ ուղերձների պատմությունների մեջ պարփակված դասերի միջոցով։
Սիրելի՛ բարեկամ, Դանիելը և նրա երեք ընկերները հայտնվել էին անասելի դժվար կացության մեջ։ Բաբելոնացիները գրավել էին Հրեաստանը և բազմաթիվ հրեաների գերի տարել Բաբելոն։ Գերիների միջից ամենախելացի պատանիներին Նաբուգոդոնոսոր թագավորը առանձնացրել էր և տեղափոխել իր արքունիք, որտեղ նրանք պետք է կրթվեին և, որպես ծառաներ, դառնային կառավարիչներ։
Մի փոքր հակասական է հնչում ծառա-կառավարիչ արտահայտությունը, սակայն այն ժամանակների մշակույթի մեջ դա ընդունված երևույթ էր։ Գերին թագավորի սեփականությունն էր, և վերջինս էր որոշում՝ ինչպես օգտագործի գերուն՝ տաժանակիր աշխատանքների մե՞ջ, թե՞ երկրի ու մարզերի կառավարման հարցում։
Դանիելն ու իր ընկերները ստրկացված գերիներ էին Նաբուգոդոնոսի արքունիքում, որոնք հատուկ կրթություն էին ստանում, որպեսզի դառնան հավատարիմ կառավարիչներ և ծառայեն Բաբելոնի կայսրությանը։ Իսկ անասելի դժվարությունը, որի մասին նշեցինք, այն էր, որ թագավորը հրամայել էր այս պատանիներին կերակրել իր սեղանից։
«Եվ թագավորն իր ներքինապետ Ասփանեզին ասաց, որ բերի Իսրայելի որդիներից, թագավորական սերնդից և իշխանազուններից ֆիզիկական արատ բնավ չունեցող և գեղեցկադեմ, ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ և հանճարեղ, թագավորական պալատի մեջ պաշտոնավարելու կարողություն ունեցող պատանիների և նրանց սովորեցնի քաղդեացիների գիրն ու լեզուն։ Եվ թագավորը նրանց համար արքայական կերակուրից և իր խմած գինուց օրական բաժին որոշեց, որպեսզի նրանց երեք տարի դաստիարակեն, որ հետո նրանք պաշտոնավարեն թագավորի առջև» (Դանիել 1:3-5):
Դանիելն ու իր երեք ընկերները հրաժարվեցին ուտել թագավորի սեղանի մսեղենը և խմել նրա տված գինին, քանի որ Աստծու Խոսքը դրանք պղծություն էր որակում։ Եվ դա կարող էր մահվան սպառնալիք լինել նրանց համար։
«Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով, և ներքինապետին խնդրեց, որ թույլ տա՝ դրանցով իրեն չպղծի» (Դանիել 1․8):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ո՞ր սեղանից ես դո՛ւ օգտվում։ Այսօր այնքա՜ն շատ «կերակուրներ» կան, որոնք կարող են պղծել քեզ։ Ի՞նչն է քեզ հաճույք պատճառում։ Որտե՞ղից ես վերցնում քո հոգևոր սնունդը։ Այս աշխարհում այնքա՜ն պղծություններ կան, որոնցից դու պետք է հեռու մնաս։ Անգամ եթե մարդիկ քեզ ստիպեն, սպառնան ու հալածեն, երբե՛ք ու երբե՛ք դեմ չգնաս Տեր Աստծու Խոսքի սկզբունքներին և չպղծես քեզ այն հաճույքներով, որն աշխարհն է առաջարկում։
«Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից» (Ա Կորնթացիս 10․21):
Իսկ ո՞ր սեղանից ես դո՛ւ օգտվում՝ Աստծու Խոսքի սկզբունքների՝ սրբության և արդարության կյանքի համար զորություն պարգևող կերակուրներով լեցուն սեղանի՞ց, թե՞ այս աշխարհի հաճույքների ու չափանիշների դիվական սեղաններից։ Ի՞նչն է քեզ հաճելի։ Ո՞ր սեղանն է քեզ ավելի ձգում դեպի իրեն։ Մեկ բան հստակ է՝ երկուսից միաժամանակ օգտվելն անհնարին է։ Աստված թույլ չի տա․․․
Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով․․․ Աստված գերբնական հրաշք գործեց, և թե՛ ներքինապետի սիրտը բարեհաճ դարձրեց, թե՛ ընդեղենով սնվող պատանիներին ավելի զորավոր ու առողջ տեսք տվեց, քան մյուսներին․․․ Իսկ դու պատրա՞ստ ես քո սկզբունքայնությամբ ու սրբության փափագով ճանապարհ բացել քո կյանքում Տեր Աստծու գերբնական հրաշքների համար․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
About this Plan
Դանիելն ու իր ընկերները որոշեցին, որ իրենց չպղծեն թագավորի կերակուրով: Երբե՛ք դեմ չգնաս Տեր Աստծու Խոսքի սկզբունքներին և չպղծես քեզ այն հաճույքներով, որն աշխարհն է առաջարկում։ Դանիելը, որքան էլ զորավոր լիներ հավատքի մեջ, դժվարությունների ժամանակ կարիք ուներ Աստծուն սիրող մյուս մարդկանց հետ միաբանվելու և աղոթք ու աղաչանք բարձրացնելու Ամենակարող Աստծուն: Աստված ապաշխարող ու խոնարհ սիրտ է ակնկալում յուրաքանչյուր մարդուց։
More