Akara Njirimara YouVersion
Akara Eji Eme Ọchịchọ

ԾՆՆԴՈՑ 8

8
Ջրհեղեղի ավարտը
1Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին։ Աստված քամի բերեց երկրի վրա, և ջրերը նվազեցին։ 2Անդունդի աղբյուրները և երկնքի պատուհանները փակվեցին, և երկնքից անձրևը դադարեց։ 3Ջրերը գնալով քաշվում էին երկրի վրայից։ Հարյուր հիսուն օր հետո ջրերը նվազեցին։ 4Յոթերորդ ամսին՝ ամսի տասնյոթերորդ օրը, տապանը նստեց Արարատ լեռան վրա։ 5Ջրերը գնալով նվազում էին մինչև տասներորդ ամիսը։ Տասներորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։
6Քառասուն օր հետո Նոյը բաց արեց իր կառուցած տապանի պատուհանը 7և ագռավին արձակեց։ Սա դուրս եկավ և գնում ու գալիս էր մինչև ջրերի ցամաքելը երկրի վրայից։ 8Հետո աղավնուն ուղարկեց իր մոտից, որպեսզի տեսնի, թե ջրերն արդյոք պակասե՞լ են երկրի վրայից։ 9Աղավնին իր ոտքի հանգստության տեղ չգտավ և ետ դարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ամբողջ երկրի մակերեսը ջրով էր ծածկված։ Նոյը մեկնեց իր ձեռքը և վերցրեց աղավնուն ու բերեց իր մոտ՝ տապան։ 10Սպասեց ևս յոթ օր և տապանից դարձյալ արձակեց աղավնուն։ 11Երեկոյան դեմ աղավնին եկավ նրա մոտ, և ահա ձիթենու նոր կտրված մի տերև կար նրա բերանում։ Նոյը իմացավ, որ ջրերը նվազել են երկրի վրայից։ 12Եվ յոթ օր էլ սպասեց ու արձակեց աղավնուն, և նա այլևս չվերադարձավ նրա մոտ։ 13Նոյի վեցհարյուրմեկերորդ տարում՝ առաջին ամսի առաջին օրը, ջրերը ցամաքեցին երկրի վրայից. Նոյը տապանի ծածկը բացեց և նայեց. ահա երկրի մակերեսը ցամաքել էր։ 14Երկրորդ ամսին՝ ամսի քսանյոթերորդ օրը, երկիրը չորացավ։
15Աստված խոսեց Նոյի հետ և ասաց. 16«Դո՛ւրս եկ տապանից, դու և քեզ հետ քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք։ 17Քեզ հետ եղող բոլոր կենդանիներին ամեն մարմնից՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն և թե՛ երկրի վրա սողացող բոլոր սողունները, հանի՛ր քեզ հետ, որպեսզի բազմանան երկրի վրա, աճեն և շատանան երկրի վրա»։ 18Դուրս եկան Նոյը և իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք իր հետ։ 19Բոլոր կենդանիները, բոլոր սողունները, բոլոր թռչունները և երկրի վրա բոլոր շարժվողները՝ իրենց տեսակներով, դուրս եկան տապանից։
Նոյը զոհ է մատուցում
20Նոյը մի սեղան շինեց Տիրոջ համար և առավ բոլոր մաքուր անասուններից ու բոլոր մաքուր թռչուններից և սեղանի վրա ողջակեզներ մատուցեց։ 21Տերը հոտոտեց անուշ հոտը։ Եվ Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է իր մանկությունից սկսած. այլևս բնավ չեմ հարվածի ոչ մի կենդանի էակի, ինչպես արեցի։ 22Այսուհետև, ինչքան ժամանակ որ կլինի երկիրը, չեն դադարի սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը»։

Nke Ahọpụtara Ugbu A:

ԾՆՆԴՈՑ 8: ՆՎԱԱ

Mee ka ọ bụrụ isi

Kesaa

Mapịa

None

Ịchọrọ ka echekwaara gị ihe ndị gasị ị mere ka ha pụta ìhè ná ngwaọrụ gị niile? Debanye aha gị ma ọ bụ mee mbanye