ՍԱՂՄՈՍՆԵՐ 46:1-11
Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։ Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները։ (Սելա)։ Բայց գետն իր առուներով կուրախացնի Աստծու քաղաքը, Բարձրյալի սուրբ բնակարանները։ Աստված նրա մեջ է. նա չի սասանվի. Աստված կօգնի նրան վաղ առավոտից։ Հեթանոսները խռովվեցին, և թագավորությունները շարժվեցին. նա ձայն տվեց, և երկիրը հալվեց։ Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։ Եկե՛ք և տեսե՛ք Տիրոջ գործերը, որ ավերներ է անում երկրի վրա, Որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում կրակով։ Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա։ Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 46:1-11