Եփեսացիներին 4:1-32
Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք. ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։ Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն։ Մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է։ Բայց մեզ՝ յուրաքանչյուրիս, Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված։ Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ տարավ և մարդկանց պարգևներ տվեց» (Սաղ. 68.18)։ Ի՞նչ է նշանակում «ելավ», եթե ոչ՝ որ նախ երկրի ստորին կողմերն իջավ։ Այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։ Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը, որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, բոլոր հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր անդամի ներգործության չափով, աճում է՝ ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար։ Արդ Տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք, ինչպես հեթանոսները՝ իրենց մտքի ունայնությամբ. նրանք խավար մտքով են ու Աստծու կյանքից օտարացած՝ այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով. որ անզգայացած՝ ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ։ Բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք, որովհետև դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է. հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է։ Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ (Զաք. 8.16), քանի որ միմյանց անդամներ ենք։ Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք (Սաղ. 4.4). թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի՛ տվեք։ Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ թող աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա։ Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։
Եփեսացիներին 4:1-32