Եփեսացիներին 2:8-22
Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։ Ուստի հիշե՛ք, որ դուք մի ժամանակ մարմնով հեթանոսներ էիք (որ անթլփատություն է կոչվում մարմնի վրա ձեռքով կատարված թլփատությամբ), որովհետև այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, Իսրայելի ժողովրդից անջատված ու խոստումով տրված ուխտերից օտարացած, հույս չունեիք և աշխարհում անաստված էիք։ Բայց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, Քրիստոսի արյամբ մերձավոր դարձաք։ Նա՛ է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ դարձրեց ու միջնորմ պատը՝ թշնամությունը, վերացրեց իր մարմնով՝ հրահանգների և պատվիրանների օրենքը ջնջելով, որպեսզի իրենով երկու ժողովուրդներից մեկ նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի և իր խաչով երկուսին մեկ մարմնով Աստծու հետ հաշտեցնի՝ նրանով թշնամությունն սպանելով։ Եկավ, խաղաղություն ավետարանեց և՛ ձեզ, որ հեռու էիք նրանից, և՛ ձեզ, որ մոտ էիք նրան, որովհետև նրանով երկուսս մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։ Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝ առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է. նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով։
Եփեսացիներին 2:8-22