Բ Կորնթացիներին 5:14-21
Որովհետև Քրիստոսի սերը մեզ ստիպում է այս խորհելու. եթե մեկը բոլորի համար մեռավ, ուրեմն բոլորը մեռած են։ Եվ բոլորի համար մեռավ, որպեսզի կենդանի եղողներն այլևս ոչ թե իրենք իրենց համար կենդանի լինեն, այլ նրա՛ համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։ Ուրեմն այսուհետև մենք մարդկային տեսակետից ոչ ոքի չենք ճանաչում։ Ու թեև Քրիստոսին մարդկային տեսակետից էինք ճանաչում, սակայն հիմա այլևս այդպես չենք ճանաչում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։ Որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք։
Բ Կորնթացիներին 5:14-21