Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համարՕրինակ

Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար

ՕՐ 6 7-ից

Դու կարո՛ղ ես զգալ քո երկնային Հոր գրկի ջերմությունը

Երեխայի համար ամենաապահով վայրն իրեն սիրող հոր գիրկն է, իսկ ամենահաճելի զգացողությունը՝ հայրական գրկի ջերմությունն ու հոգատարությունը։

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի ուսուցումների մեջ առանցքային տեղ ուներ երկնային Հոր բնույթի, էության և մարդկանց հանդեպ սիրո ճշմարտությունը մարդկությանը փոխանցելու առաքելությունը։ Ինչպիսի՞ն է մեր երկնային Հայրը։ Արդյոք դու կարո՞ղ ես մտերմանալ Նրա հետ։ Արդյոք կարո՞ղ ես իրապես ծնողական ջերմություն ընդունել Նրանից։

Տեր Հիսուսը սովորեցնում էր երկնային Հոր հետ յուրաքանչյուր մարդու մտերմության հնարավորության մասին։ Ահա թե ինչ էր Տերը աղոթում՝ դիմելով երկնային Հորը․ «Արդա՛ր Հայր, աշխարհը Քեզ չճանաչեց, բայց Ես Քեզ ճանաչեցի, և նրանք իմացան, որ Դո՛ւ Ինձ ուղարկեցիր։ Եվ Ես Քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և Ես՝ նրանց մեջ» (Հովհաննես 17․25-26):

«Ես Քո անունը նրանց ճանաչել տվեցի․․․»։ Տերը սովորեցնում էր և Աստվածաշնչի էջերում այսօր էլ սովորեցնում է ճշմարտությունը երկնային Հոր մասին։ Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար։ Նա սիրում է քեզ անսահման ու անըմբռնելի սիրով։ Նա շատ է ուզում քեզ օգնել, լինել քո կողքին, վերցնել քեզ Իր հայրական գրկի մեջ և խաղաղեցնել քո կյանքի բոլոր փոթորիկները։ Սակայն Ամենակարող Աստված սահմանափակել է Իրեն՝ մեզնից յուրաքանչյուրին ազատ կամք պարգևելով։

Առանց Տեր Աստծու հետ մտերմության մենք չենք կարող վայելել Նրա հայրական սերն ու հոգատարությունը։ Իսկ մտերմության տանող ուղին անցնում է սրբության ճանապարհով․ «Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիներին 12.14):

Սրբության ճանապարհը Աստծու կամքը ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու ճանապարհն է։ Սրբությունը կատարյալ ու անսխալական կյանք ապրելը չէ։ Սրբությունն Աստծու Խոսքի ու Նրա պատվիրանների հանդեպ հնազանդության փափագն է՝ անգամ եթե այդ մեծ փափագը երբեմն մնում է չիրականացած և երբեմն էլ՝ չիրագործված։ Սրբությունը սեփական կամքն ու ցանկություններն Աստծու կամքին ու պատվիրաններին ենթարկեցնելն է։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ուզում ես իրապես զգալ քո երկնային Հոր սիրո ջերմությունը, ապա այսօր քաջալերում եմ քեզ հստակ որոշում կայացնել Քրիստոսի հավատարիմ աշակերտը դառնալու հարցում։ Նվիրվի՛ր Աստվածաշնչի ընթերցանությանը, նվիրվի՛ր Սուրբ Հոգով լցված աղոթքների ընթացք ունենալու հրաշալի փորձառությանը, նվիրվի՛ր Քրիստոսի կողմից հաստատված եկեղեցու ուսուցումներն ընդունելուն ու հոգևոր աճին մասնակից լինելուն և կտեսնես, թե ինչպես ես ամեն օր ավելի ու ավելի մոտենում Աստծուն։

Այդ մտերմությունը քո երկնային Հոր մեծագույն փափագն է։ Մենք երեխաների պես պետք է սիրենք Նրան և փափագենք Նրա հետ մտերմությանը խանգարող ամեն բանից հրաժարվելուն։ Իսկ թե ինչն է մարդուն խանգարում Աստծու հետ մտերմության հարցում, բացարձակապես գաղտնիք չէ։ Դա մեղքն է՝ այն մեղքը, որը մենք սիրում ենք, արդարացնում կամ թաքցնում։ Մեղքը կորցնում է իր զորությունը, երբ դու որոշում ես քո կյանքից հեռացնել այն։ Մեղքը կորցնում է իր իշխանությունը, երբ դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին և որոշում ես կայացնում կանգնել սրբության ճանապարհի վրա։

«Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2.24):

Երեխայի համար ամենաապահով վայրն իրեն սիրող հոր գիրկն է, իսկ ամենահաճելի զգացողությունը՝ հայրական գրկի ջերմությունն ու հոգատարությունը։ Իսկ դու ուզո՞ւմ ես զգալ քո երկնային Հոր գրկի ջերմությունն ու հոգատարությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար

Ինչպիսի՞ն է քո ինքնագնահատականը։ Ազատվի՛ր մարդկանց սխալական գնահատականներից, անարժեքության հին ու նոր պիտակներից: Քո իրական արժեքը կարող է որոշել միայն Աստված։ Եթե միայն թույլ տաս, որ Աստված վերցնի քո կյանքն Իր հայրական հոգատար ձեռքերի մեջ ու հղկի քեզ Իր Սուրբ Խոսքի և Եկեղեցու ծառայությունների միջոցով, ապա կդառնաս այն հավատարիմ ծառան, որ Աստված ուներ Իր մտքում:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/